▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ խուճապի մատնվել՝ սադրանքների և բամբասանքների տրվելով. ԼՂՀ վարչապետ

 

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մամլո ասուլիսում հակիրճ ամփոփել է գործադիր մարմնի վեց ամսվա  կատարած աշխատանքը և պատասխանել լրագրողների տարաբնույթ հարցերի: Ա. Հարությունյանի խոսքով` ՀՆԱ-ի վեցամսյա տվյալները ցույց են տալիս, որ կառավարությունը կատարելու է իր ստանձնած պարտավորությունները՝ չնայած եղանակային պայմանների պատճառով  գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ոչ այնքան գոհացուցիչ արդյունքների: Այդ բացը, ըստ կառավարության ղեկավարի, լրացվելու է արդյունաբերության ոլորտի` մասնավորապես, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության և շինանյութերի արտադրության հաշվին: 
Անդրադառնալով կառավարության կողմից իրագործվող տարբեր ծրագրերի ընթացքին՝ վարչապետը կարևորել է 2015 թ. գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, մայրաքաղաքում հանրակացարանային պայմաններում ապրող բնակիչների բնակարանային խնդրի լուծումը և այլն: Գործադիրի ղեկավարի խոսքով` կարճ ժամանակահատվածում լուծում է տրվելու հանրակացարաններում ապրող բնակիչներին հուզող առաջնահերթ հարցին: Ներկայումս բանակցություններ են ընթանում բնակիչների հետ, նրանցից ոմանց կտրվեն բնակարաններ, որոնք կառավարությունը մտադիր է ձեռք բերել երկրորդային շուկայից, իսկ մնացած ընտանիքները կտեղավորվեն հանրակացարանային շենքերում` արդեն բնակարանային բոլոր հարմարություններով վերակառուցված:
Խոսելով հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման մասին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ այն նպաստելու է սոցիալական լարվածության թուլացմանը: Վարչապետի կարծիքով, աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված,  հանրապետությունում էական գնաճ` հատկապես պարենային ապրանքատեսակների մասով, չի լինի: Իսկ ինչ վերաբերում է պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի գործակիցների հաշվարկմանը, ապա դա պայմանավորված է ՀՀ և ԼՂՀ միջև առկա համաձայնությամբ, որով սոցիալական և աշխատավարձային քաղաքականությունները պետք է նույնական լինեն: Հետևաբար, ՀՀ-ում ընտրված չափորոշիչները ներդրվել են նաև ԼՂՀ-ում:
Պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցին` կառավարության ղեկավարն ընդգծել է, որ օգոստոսի 11-ից հանրապետությունում էլեկտրաէներգիայի թանկացումը զգալու են խոշոր սպառողները, մնացած բաժանորդների համար պետությունը  սուբսիդավորելու է սակագինը: Խոսելով այդ բարձրացման դրդապատճառներից` Ա. Հարությունյանը պարզաբանել է, որ  «Արցախէներգո» ՓԲԸ էլեկտրաէներգիա է գնում տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև ՀՀ մի շարք արտադրողներից: Ըստ նրա՝ Արցախում գործող հիդրոկայաններից և ՀՀ արտադրողներից էլեկտրաէներգիան «Արցախէներգո»-ն գնում է մինչև 25 դրամով (ներառյալ հարկերը), դրան գումարվում են նաև մոտ 5 դրամի չափով կորուստները, ինչպես նաև ընկերության աշխատակիցների աշխատավարձերը` 8 դրամի չափով, ևս 3 դրամ` վթարների ու այլ ծախսերի դիմաց:
«Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար ներդրողները պահանջում են կիրառել ՀՀ-ում գործող գները: Հիմնականում սրանով է պայմանավորված առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»,- եզրափակելով իր խոսքը՝ նշել է վարչապետը:
Անդրադառնալով Լևոն Հայրապետյանի կալանավորմանը՝ վարչապետը նշել է, որ շատ է ցավում կատարվածի համար: «Բոլորս գիտենք նրա անցած ճանապարհն ու կյանքի ուղին, և կասկածանքով եմ վերաբերվում կալանավորմանը: Համոզված եմ, որ շուտով ապացուցվելու է նրա անմեղությունը»,- ասել է Ա. Հարությունյանը: Նա ընդգծել է, որ Լևոն Հայրապետյանը ոչ միայն մեծ բարերար է, այլ նաև շատերին է խրախուսել ու համախմբել աջակցելու Արցախի զարգացման գործին: Վարչապետի խոսքով՝ համապատասխան մարմիններն ու անձինք աշխատում են արցախցի բարերարին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի գործն ընթանա արդարադատության սահմաններում: «Այս պահին մեզ ամենաշատը մտահոգում է նրա առողջական վիճակը, որը, կարծես թե, կարգավորվում է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով Վանք գյուղում Լևոն Հայրապետյանի կատարած աշխատանքներին՝ վարչապետը նշել է, որ բարերարը տեղում ստեղծել է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, և գյուղացիներին մնում է օգտագործել այդ ներուժը սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու համար:
«Իմ անձնական ու կուսակցական կարծիքով՝ Արցախում սահմանադրական բարեփոխումների կարիք կա՝ նաև օպտիմալացման հաշվին բարձրացնելով կառավարման համակարգի արդյունավետության մակարդակը»,- շեշտադրել է Ա. Հարությունյանը՝ պատասխանելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ հարցին: Նա կարևորել է խորհրդարանական համակարգի միջոցով կուսակցությունների դերի բարձրացման նշանակությունը կուսակցական համակարգի կայացման ճանապարհին:
Օրեր առաջ տեղի ունեցած քարվաճառյան դիվերսիայի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ վարչապետն ափսոսանք է հայտնել, որ ադրբեջանցիներին հաջողվել է ներթափանցել Արցախի տարածք՝ միաժամանակ շեշտադրելով, որ նույն չափով էլ հայկական կողմն է ի վիճակի ներթափանցել ադրբեջանական բնակավայրեր: Ցավ հայտնելով գրանցված կորուստների համար՝ Ա. Հարությունյանը բարձր է գնահատել հատուկ ծառայությունների որոնողական և վնասազերծման գործողությունները: Արձագանքելով այլ դիվերսիաների վերաբերյալ բնակչության շրջանում առկա մտահոգություններին՝ գործադիր իշխանության ղեկավարը հայտարարել է, որ անհանգստանալու ոչ մի կարիք չկա, և, բացի նշյալ դեպքից, այլ դեպքեր չեն գրանցվել հանրապետությունում: Նա հորդորել է ժողովրդին սադրանքների ու բամբասանքների չտրվել, մանավանդ, որ հակառակորդի նպատակը հասարակության շրջանում խուճապ ստեղծելն է:

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Ստեփանակերտում կայացած  մամլո ասուլիսում, օրեր առաջ տեղի ունեցած քարվաճառյան դիվերսիայի վերաբերյալ հարցին պատասխանելով՝  ափսոսանք է հայտնել, որ ադրբեջանցիներին հաջողվել է ներթափանցել Արցախի տարածք՝ միաժամանակ շեշտադրելով, որ նույն չափով էլ հայկական կողմն է ի վիճակի ներթափանցել ադրբեջանական բնակավայրեր:

Ցավ հայտնելով գրանցված կորուստների համար՝ Ա. Հարությունյանը բարձր է գնահատել հատուկ ծառայությունների որոնողական և վնասազերծման գործողությունները:

Արձագանքելով այլ դիվերսիաների վերաբերյալ բնակչության շրջանում առկա մտահոգություններին՝ գործադիր իշխանության ղեկավարը հայտարարել է, որ անհանգստանալու ոչ մի կարիք չկա, և, բացի նշյալ դեպքից, այլ դեպքեր չեն գրանցվել հանրապետությունում: Նա հորդորել է ժողովրդին սադրանքների ու բամբասանքների չտրվել, մանավանդ, որ հակառակորդի նպատակը հասարակության շրջանում խուճապ ստեղծելն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին