«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը, եւ պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ նույնականացված, սակայն չհուղարկավորված զինվորի մարմին ու մասունք կա տարբեր դիահերձարաններում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատերազմից 4 տարի անց զոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները։
Պատճառներից հիմնականն այն է, որ ծնողները չեն վստահում պատկան մարմինների աշխատանքին՝ համարելով, որ ԴՆԹ նույնականացմամբ ստացված տվյալները հեռու են իրականությունից։
Դեռեւս 2023 թվականին անհետ կորածների հարազատների հետ պարբերաբար հանդիպումներ ունեցող Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրապարակային հայտնել էր.
«Մենք գործ ունենք այնպիսի իրողությունների հետ, որ պատկան մարմինները մարդկանց տվել են, օրինակ, երեք ձեռք, ասել են՝ երեք ձեռքն էլ ձեր որդունն է, տարե՛ք, հուղարկավորե՛ք։
Մի ծնող 1.82 մետր՝ բարձր հասակով տղա ունի, տղան 43 համարի կոշիկ է հագել, բայց, ըստ էության, ծնողին տվել են շատ ավելի փոքր՝ 1.60 մետր հասակով ԴՆԹ նույնականացման տվյալներ եւ ասել, որ պետք է հարմարվեք այդ իրավիճակին, Ձեր երեխան է: Այսինքն՝ նույնականացման դաշտում տեղի են ունենում իրադարձություններ, որ ուղղակի սյուրռեալիզմի դրսեւորում են»:
Ծնողների` ԴՆԹ փորձաքննության արդյունքներին չվստահելու պատճառներից մեկն էլ այն է, որ զինծառայողի ֆիզիկական տվյալների եւ պետության կողմից նույնականացված մարմնի միջեւ ակնհայտ տարբերություն է գրանցվել։ Բացի դրանից, եղել են դեպքեր, երբ ծնողներն իրենց ուսումնասիրություններով պարզել են, որ իրենց որդին գերեվարված է, բայց անունը գերեվարվածների ցուցակում ներառված չէ։
«Ծնողներ կան, ովքեր ահռելի հետաքննական աշխատանք են կատարել, ուսումնասիրել են տարբեր կադրերով, կարելի է ասել՝ քննչականից ավելի շատ փաստեր են հավաքել իրենց որդիների գտնվելու վայրի եւ, ընդհանրապես, զոհվելու կամ չզոհվելու հանգամանքների, գերի ընկնելու հանգամանքների մասին, եւ այդ տվյալները, երբ այսպես համեմատում են եւ ամփոփում, ստացվում է, որ նրանց զավակները առնվազն չհաստատված գերիների ցանկում պիտի լինեն, բայց, փաստորեն, որեւէ կերպ այդ գերիները չեն հաստատվում», – նշել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Այս իրավիճակից շատ բան չի փոխվել 4 տարի անց»: