Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոխորհրդարանի նիստում արված հայտարարություններին։ Ըստ հակառակորդի ԱԳՆ-ի՝ Փաշինյանի հայտարարությունները «ցույց են տալիս Հայաստանի ագրեսիվ դիրքորոշումը և Ադրբեջանին մեղադրելու` նրա ցանկությունը»։
«Ցավալի է նման հայտարարություններ լսել Հայաստանից, որն իրեն ներկայացնում է` որպես ժողովրդավարական և խաղաղասեր երկիր»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Ադրբեջանի հասցեին Հայաստանի մեղադրանքներն իբրև թե անհիմն են և հակասում են ՄԱԿ-ի զեկույցներին։ Նշվել է նաև, որ Փաշինյանը նախկինում խոստովանել էր, որ Ղարաբաղում հայերի հասցեին սպառնալիքներ չեն եղել, ինչը հակասական է դարձնում նրա ներկայիս հայտարարությունները։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Անդրադառնալով Գրանադայում կայացած հանդիպմանն ընդունած անկախության և ինքնիշխանության սկզբունքներին՝ Փաշինյանն անտեսում է Հայաստանի կողմից այդ սկզբունքների խախտումները երկար տարիներ, այդ թվում՝ իր ղեկավարության օրոք։
Լաչինի ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է. «Ադրբեջանն ինքնիշխանություն ունի իր տարածքում գտնվող բոլոր ճանապարհների նկատմամբ»։ Այս ճանապարհի չարաշահման մասին Հայաստանի պնդումները հակասում են վարչապետի ստորագրած եռակողմ համաձայնագրին։
Շրջափակման մեղադրանքների առնչությամբ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Հայաստանն ինքնուրույն մեկուսացվել է տարածաշրջանային նախագծերից։ «Հայաստանը գիտակցում է անխոչընդոտ տեղաշարժ ապահովելու իր պարտավորությունները», սակայն, ըստ ԱԳՆ-ի, երկիրը բաց է թողնում դրանք կատարելու հնարավորությունը։ Իրանով ճանապարհ կառուցելու պայմանագիրը ցույց է տալիս Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը։
Հակառակորդ երկրի ԱԳՆ-ն նաև նշել է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորությունը ղարաբաղյան տարածաշրջանում վտանգը վերացնելուց հետո, սակայն դժգոհել է, որ «Հայաստանի վարչապետի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է խաղաղ հեռանկարները»։
Դիտեք նաև՝