Երբ Ֆրանսիայի կողմից տեսնում ենք դիվանագիտական բոլոր նորմերի կոպիտ ոտնահարում, սադրանքներ և սուտ, մյուս կողմից՝ միջնորդական ծառայություններ մատուցելու փորձեր, դա տրամաբանական որևէ շրջանակի մեջ չի տեղավորվում։ Մեզ նման միջնորդներ պետք չեն։
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին, հաղորդում է «Ազերթաջ»-ը։
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է միջնորդությամբ զբաղվել, ապա դա չպետք է կրի PR ակցիայի բնույթ, այլ իրականում պետք է ուղղված լինի արդյունք ստանալուն։ Հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Բիշքեկում, սակայն Հայաստանը չի մասնակցի հանդիպմանը։ Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը խաղաղություն է ուզում։ Փաշինյանը 6 ժամ թռչում է Գրանադա, մասնակցում անհասկանալի հանդիպման, բայց չի կարողանում 2-3 ժամ Բիշքեկ թռչել, կարևոր գործեր ունի։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանը»,-ասել է Ալիևը։