▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փարքինգ սիթի սերվիս»-ը եւ «Սեքյուրիթի դրիմ»-ը սերտորեն փոխկապակցված են պետության հետ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսպես կոչված տեսախցիկների եւ «կարմիր գծերի» բիզնեսի պետականացման գործընթացը, կարելի է ասել, պաշտոնապես սկսվել է: Երեկ Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հրավիրած ասուլիսի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել «կարմիր գծերի» բիզնեսի սեփականատեր «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հետ տարվող բանակցությունների վերաբերյալ, իսկ ոստիկանությունն էլ հաղորդագրույթուն է տարածել արագաչափերը եւ տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ: Ուշագրավ է այն արագությունը, որով մասնավոր բիզնեսը դառնում է պետական եւ ավելի ուշագրավ է, որ մասնավորը հոժարակամ հանձնում է իր բիզնեսը պետությանը՝ հրաժարվելով իր ապագա հսկայական շահույթներից: Համենայն դեպս այդ բիզնեսների սեփականատերերը դժգոհության որեւէ ակնարկ դեռ չեն արել:  

Դեռ երկու շաբաթ էլ չի անցել այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը իր մոտ հրավիրած խորհրդակցությունում Երեւանի քաղաքապետարանին ու ոստիկանությանը հանձնարարեց ըստ էության սկսել այդ բիզնեսների պետականացման գործընթացը: Տեսական առումով պատկերը հետեւյալն է` թե «Փարքինգ սիթի սերվիսը», եւ թե «Սեքյուրիթի դրիմը» ժամանակին ներդրումներ են արել, ձեռք բերել թանկարժեք սարքավորումներ, որպեսզի տարիների ընթացքում դրանք շահագործեն եւ շահույթ ստանան:

Ընդ որում, գործունեության սկզբնական շրջանում նրանք պետք է կրեն վնասներ: Օրինակ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը, Վահե Նիկոյանի ասելով, 2015 թվականին կրել է 170 միլիոն դրամի վնաս: Ու հիմա, երբ եկել է արդեն շահույթ ստանալու պահը, հանկարծ սեփականատերերը կամավոր սկզբունքներով հանձնում են այն ուրիշի: Թե ինչ սխեմաներով այն կանցնի պետությանը, առայժմ ամբողջությամբ չի բացահայտվում: Վահե Նիկոյանը հայտարարել է, թե «Փարքինգ սիթի սերվիսի» բաժնետոմսերը անցնելու են Երեւանի քաղաքապետարանին այն պայմանով, որ ընկերության ակտիվները առնվազն պակաս չլինեն պարտավորություններից:

Իսկ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը «armtimes.com» կայքի թղթակցի հետ զրույցում ընդհանրապես հրաժարվել է մանրամասներ բացահայտել իր ընկերության սեփականատիրոջ փոփոխության սխեմաների վերաբերյալ:  «Դուք ուզում եք, որ ես ձեզ ասեմ, որ բիզնեսը խլո՞ւմ են: Ոչ ոք դեռ ոչինչ չի խլում, պայմանները դեռ վերջնական պարզ չեն, երբ որ վերջնական պարզ լինեն, այն ժամանակ կհասկանանք՝ մե՞նք ենք խլում, թե՞ իրենք են խլում: Դեռ ոչինչ պարզ չի»,- թղթակցի հարցերին ի պատասխան՝ ասել է նա: Սրանով հանդերձ կարելի է փաստել, որ հասարակության շրջանում համառորեն շրջանառվող լուրերը, թե «Փարքինգ սիթի սերվիս» եւ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների իրական սեփականատերերը բոլորովին այլ` իշխանության ամենաբարձր  ներկայացուցիչների հետ սերտորեն փոխկապակցված անձինք են, ավելի են հիմնավորվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին