Երկուշաբթի, Գառնու տաճարում մարդաշատ երեկույթ է անցկացվել: Ինչպես երևում է տեսանյութում, երեկույթի մասնակիցները չեն պահպանել պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները, պարետի որոշումներն անտեսվել են:
«Փարթիին» մասնակցել է նաև իշխանության ներկայացուցիչ՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակից Արփի Ադամյանը, ով ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ կադրեր է ցուցադրել իր էջում:
Ավելի ուշ ֆեյսբուքյան օգտատերերը տարակուսանք էին հայտնում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի տարածած հայտարարության առիթով, ըստ որի Գառնու տաճարում ֆիլմի նկարահանումներ են եղել։ Օգտատերը արդարացիորեն հայտնում էին՝ նման լայնամասշտաբ նկարահանումների ժամանակ՝ ի՞նչ է վարակի ռիսկը նվազում կամ վերանու՞մ է՝ մանավանդ՝ ինչպես երևում են կադրերում, պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները փաստացի չեն պահպանվել:
Նշենք, որ հայտարարության մեջ ասվում էր․
«Հարգելի գործընկերներ սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրեւ թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։
Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։
Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը։
Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ»։