▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պապ… առաջին ծնունդդ առանց քեզ… տունս, հանգիստս կորցրել եմ»․ Այսօր Գագիկ Գինոսյանի ծննդյան օրն է

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 58 տարեկան։

Նրա դուստրը՝ Ծովինար Գինոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պապ… Առաջին ծնունդդ առանց քեզ, շնորհավոր մեզ, որ քեզ ունեցել ենք, որ աշխարհի լավագույն հայրը, ընկերը, խորհրդատուն, ուսուցիչը, հրամանատարը հենց մեզ ա բաժին հասել, ու ամենօրյա ռեժիմով մեր հետ ա եղել…

Տունս, հանգիստս կորցրել եմ, փնտրում եմ քեզ ամեն տեղ, բայց չեմ գտնում հոգիս լցնող ներկայությունդ…

Ծնունդիցդ ընդամենը 3 օր հետո ստացվում է, որ արդեն կես տարի է կյանքը մեզ բաժանել է…

Երբ ու ոնց անցավ էս կես տարին՝ չգիտեմ։ Ինչքան փոխեց ինձ ու բոլորիս էս կես տարին՝ չգիտեմ։

Ես 6 ամսում հազիվ սովորեցի սեփական բերանով ասել, որ դու էլ չկաս, չսովորեցի գիտակցել դա, չսովորեցի չհուզվել ամեն վայրկյան, երբ պակասդ զգացի, կամ զգացի որ քեզ էսինչ բանը դուր կգար, պապ անհնար ա սովորել չլինելուդ…

Հախվերդյանի՝ «Ես սպասում եմ քեզ Հայրիկ» երգից մի արտահայտություն է անդադար պտտվում՝ այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր… Քո ուժեղ ձեռքերն են ինձ պահում հիմա, չկոտրվելուց ու չփլվելուց…

Հայր, որը հավերժ բոլորիս թիկունքն եղավ ու բոլորիս ուժ տվեց, թե ապրելու, թե հավատալու ինքդ քեզ, թե սիրելու էս երկիր-հայրենիքը…

Մի ուրիշ հպարտություն է քեզնից հետո լսել, որ քեզ նման եմ, որ կարողանում եմ խոսքս ճիշտ քեզ պես դասավորել (չնայած ես չեմ հավատում, որ կկարողանամ հասնել քեզ երբևէ)։

Շնորհակալ եմ քեզ, պատկերացումներիս լավագույն հայրը լինելու համար, ով կյանքի բոլոր իրավիճակներում կողքիս ամուր կանգնած էր ու երբեք ձեռքս բաց չէր թողնում…

Շնորհակալ եմ ինձ, որ հասցրել եմ քեզ ճանաչել, քո գինն ու կարևորությունը հասկանալ, երբ դու դեռ կողքիս էիր…

Երբեք էսքան շատ չեմ գրել, երևի քո հետ խոսելու բացն ա ստիպում գրել, երանի գրկել լիներ քեզ

Անհամբեր կսպասեմ մեր հանդիպմանը ողջ կյանքիս ընթացքում…

Հ.Գ. Շնորհակալ եմ, որ էս նկարի մեջ եղած ճամթորդությունն ունեցա հետդ։ Երբ տոմսերս առնում էի ասեց 3 անգամ Իտալիայում եղել եմ Հռոմում տենց էլ չեմ եղել ու ես ասեցի էլ բան մի ասա մի օրով Հռոմ ենք գնում.. Անմարդկային շատ սիրում եմ էս օրերը 

Հ.Գ.2. Բոլոր ճանապարհներս քեզ մոտ են բերում, բոլոր անպատասխան հարցերս քո գիրկն են փնտրում, բոլոր կոտրվածքներս քո սիրով են բուժվում…»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ քեզ հետ շփվելու, աչքերիդ մեջ նայելու ֆիզիկական կապից զրկել ես, նամակս ուղարկում եմ քեզ՝ որտեղ, որ հոգիդ այս պահին լինի․․․
Գիտեի թե մեկ ու կես տասնամյակ առաջ ես եմ եկել ու գտել քեզ պարի բաց դասերին, բայց միամիտս, շատ ուշ հասկացա, որ այդ դու էիր եկել․․․
Դու էիր վերցրել բարձրախոսը ու սրտիդ խոսքով թակում էիր մեր, երիտասարդներիս սրտերը։ Շատերս, շատ շատերս դուռը բացեցինք և դու ներս մտար։
Մարդիկ մի կենդանական հատկություն ունեն, կոչվում է ապերախտություն, նրանք մոռանում կամ փոքրացնում են իրենց ձևավորողների, իրենց կոփող ու հղկողների դերը իրենց իսկ կյանքում, որ անձնական եզակիությունը արտահայտեն։ Բայց քո ներդրումը այնքան էր մեծ շատերի աճի մեջ, որ ուրանալ չէր լինի, դրա համար կարոտն ու ցավը այսօր դեռ չի թողնում շատերին։
Դու սովորեցրիր նաև չլինել ապերախտ, այլ հակառակը, սովորեցրիր երախտապարտ լինել, քո իսկ օրինակով։ Որտեղ կայիր դու, այնտեղ կար Կոմիտաս, այնտեղ կար Նժդեհ, այնտեղ կար Մաշտոց, այնտեղ կար Լեոնիդ, Զարյան, ․․․ Քո ամեն հաջորդ նախադասությունը շնորհակալության ու մեծարման խոսք էր ուղղված նրանց։ Մի ձեռքով հստակորեն շարունակում էիր իրենց գործը, մյուսով բռնել էիր բարձրախոսը ու պատմում էիր իրենց մասին, առանց հոգնության, առանց տրտունջի, մի տեսակ երջանկանանալով։ Երախտապարտության ավելի լավ օրինակ պատկերացնելն անկարելի է։
Անկեղծանա՛մ, դժվար է առանց քեզ․․․
Դու ինձ շատ բարձրացրիր․․․
Ու չնայած վերջում շատ քիչ շփվեցինք, որովհետև փակվել էիր քո ժայռի մեջ, բայց քո լինելը այստեղ վստահություն էր ներշնչում, չես պատկերացնի, թե որքան։
Հիմա մխիթարվում եմ խոր հավատով, որ դու նաև իմ մեջ ես ու ստացվում է, որ այս նամակը մի քիչ էլ ինձ է ուղղված։
Քո ոգին այլևս հայոց երկնակամարում է, քո թողած հետքը` հենց երկրի վրա։ Վաղը նորից դղրդալու են հայոց բարձրավանդակի լեռները, քո կողմից, մեզ վերադարձրած, նույն լեռներում ծնված բազմիմաստ պարերով։
Չարը չի հաղթելու, որովհետև տիեզերքը ապրում է բարության օրինաչափությամբ։ Ես գրավվել եմ առաջին հերթին քո բարությամբ ու խաղաղությամբ, որով տիեզերական էիր։
Շնորհավոր է օրհնյալ ծնունդդ, որը կնշվի երախտապարտների կողմից, կնշվի այնպես, որ դրանից էլ մի ծիլ ծաղկի քո հայրենապաշտության մաքրամաքուր արտում։ Երախտապարտությունը կշատանա, որ ապերախտությունը տեղ չունենա մեզանում։ Այդ խորության մեջ մենք կվերադառնանք ու կվերադարձնենք։ Շնորհակալություն քեզ, որ թակեցիր նաև իմ սրտի դուռը, իմ ընկեր Գինոսյան․․․
Հ․Գ․
Մի հին նկար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին