Թուրքիայի վարչապետի արդեն իսկ թոշակառու խորհրդականի հետքայլը չուշացավ: Իրավամբ ցեղասպանության հարցի մասին կատարած համարձակ բարձրաձայնումներից հետո պարզ է, որ նա կա՛մ հրաժեշտ էր տալու իր պաշտոնին, կա՛մ էլ մտածելու տեղիք տար, որ ամեն ինչ վերահսկվում է, եւ վարչապետի կողմից պատվիրված, որը դիպաշարին հետեւողին ավելի էր մղում այդ հայտարարությունների հետևում տեսնելու Անկարայի կողմից կիրառվող մարտավարական հանգրվանները:
Ապրիլի 8-ին, այս սյունակներից, ի լուր Մահչուփյանի կատարած աննախընթաց հայտարարությունների, հաստատվում էր՝ եթե թույլտվությամբ կատարված հայտարարություն չէ այս մեկը, ապա Մահչուփյանը պետք է հրաժեշտ տված լիներ իր պաշտոնին: Ո՛չ ակնկալված թուրքական զայրույթ կա այս հայտարարության դիմաց, ո՛չ էլ Թուրքիայի վարչապետի կողմից համապատասխան արձագանգ: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Անկարան հանդուրժողականության նմուշ է բերմադրում միջազգային հանրությանը: Ի վերջո, միշտ նկատի ունենալով հայտարարողի հանգամանքը, կատարվածը Թուրքիայի կողմից Ցեղասպանության կիսաճանաչում է:
Ցեղասպանություն եզրի վերաշեշտումը ավելի համոզիչ էր դարձնում այս երկվության հստակացումը. փաստորեն, տարիքային սահմանագծի պատրվակով Մահչուփյանը այլեւս գործող իրավասու խորհրդական չէր: Բայց Մահչուփյանի մոտ նկատվում է տեղատվություն-մակընթացություն ընթացք, որը ոչ միայն բարդացնում է հայտարարությունների մեկնաբանության փորձերը, այլ ընդհանրապես հուշում է որեւէ վերլուծողի չշտապել եւ սպասել հաջորդ հայտարարությանը: «Ավելի քան օսմանցի եմ, քան հայ» ասողը մեկ օր հետո 1915-ի դեպքերը բնորոշեց իբրեւ ցեղասպանություն, եւ ավելի՛ն` այդ հասկացողությունը դիտարկեց իբրեւ իրավական եզր եւ ոչ թե պատմական:
Այս ընթացքի կամ վարքագծի ընկալումով էլ պետք է կարդալ թոշակի գնալու իրողության իր բացատրողականը. Մահչուփյանը պարզաբանում էր, որ նա չի դադարում խորհրդականի պաշտոնում լինելուց, պարզապես այդ աշխատանքի համար չի վարձատրվում` այն պատճառով, որ հատել է աշխատանքի առավելագույն տարիքի սահմանը:
Ցեղասպանության իրողության եւ իրավականության մասին աննախադեպ հայտարարություն կատարելուց հետո, այս անգամ միեւնույն Մահչուփյանը տեղատվության այլ հայտարարություն էր կատարում:
Մահչուփյանը, ակնարկելով, որ աշխատանքից հեռանալու հարցում կարեւոր են եղել Ցեղասպանության մասին իր հայտարարություններից հետո իշխող կուսակցության կողմից քննադատությունները` պնդել է, որ եթե նա Թուրքիայի վարչապետը լիներ, չէր ընդունի Ցեղասպանությունը, քանի որ այսօրվա վարչապետը պատասխանատու է քաղաքացիների այսօրվա բարեկեցության համար:
Եթե մի պահ բացառենք (թեեւ դժվար), որ այս հայտարարությունը ինքնակամ եւ ոչ թե պատվերային բնույթ ունի, ապա փորձենք մնալ Մահչուփյանի որդեգրած տրամաբանական հետեւողականության սահմաններում:
Մահչուփյանը շարունակում է խորհուրդ տալ վարչապետին (թեեւ առանց վարձատրվելու): Նա այս ձեւով խորհուրդ կտա չճանաչել Ցեղասպանությունը: Այսինքն, խորհրդականը ի՛նքն անձնապես ցեղասպանություն է նկատում պատահարները, սակայն իր վարչապետին խորհուրդ կտա նման ճանաչում չկատարել:
Եթե խորհրդականի չվարձատրվող հանգամանքը պահվել է, ապա ինչո՞ւ է այս խորհրդին հրապարակային բնույթ տալիս երբեմնի գլխավոր խորհրդականը եւ տարատեսակ մեկնաբանությունների նոր դռներ բացում իր ա՛յս հայտարարությամբ եւ հայտարարության հրապարակայնացումով:
Հիմա մնում է մեկնաբանել, որ ցեղասպանության ընդունումը Անկարայի կողմից ինչպե՞ս կարող է բացասական ազդեցություն ունենալ թուրք հասարակության բարեկեցության վրա: Ցեղասպանությունը, ըստ Մահչուփյանի նախորդ հայտարարության, իրավական եզր է. այս բացատրությամբ թվում է, որ Անկարայի համար սոցիալական խնդիր է: Իսկ եթե մոտեցումը ընկալենք այնպես, որ վարչապետի գործառույթները սահմանափակվում են միայն սոցիալ-տնտեսական եւ ժողովրդի բարեկեցություն ապահովելու առաջադրանքներով, ապա Մահչուփյանը իբրեւ սոցիոլո՞գ եւ ֆինանսագե՞տ էր աշխատում վարչապետի մոտ։
Մահչուփյանը, թեեւ մակընթացություններով եւ տեղատվություններով, աննախադեպ հայտարարություններ է կատարել. եւ այդ մեկը կարեւոր է անշուշտ: Սակայն իր հայտարարությունների ընդհանուր շղթան պետք է դիտարկել հետեւություններ կատարելու համար եւ ոչ թե տվյալ օղակը շղթայից դուրս բերելով պետք է հատուկ լուսարձակի տակ բերել: Քարոզչական մակարդակի վրա կան օղակներ, որոնց առանձնացումը նպաստում է ընդհանուր առաջադրանքին: Բայց շղթան կարեւոր է Անկարայի մարտավարական խաղերը ընկալել կարողանալու համար:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»թերթի գլխավոր խմբագիր