«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ ռուս-ադրբեջանական տանդեմը փորձելու է մի կարեւոր խնդիր լուծել՝ պատանդ պահել առնվազն մի քանի հարյուրից մինչեւ հազար արցախցիների եւ հատկապես ռազմաքաղաքական էլիտային, որպեսզի մարդիկ այսուհետ չհամարձակվեն մտածել Արցախը լքելու մասին՝ հասկանալով, որ անցակետում արժանանալու են Ռուբեն Վարդանյանի ճակատագրին։ Երկու կողմին էլ ձեռնտու է, որ Արցախում գոնե 25-30 հազար հայ մնա, որը կապահովի ռուսների ներկայությունը եւ Ադրբեջանին էլ միջազգային հանրության առջեւ մանեւրելու հնարավորություն կտա, որ ինքն էթնիկ զտումներ չի իրականացրել, ահա՝ հայերը շարունակում են ապրել իրենց հետ։
Արդեն 50 հազարից ավելի արցախցիներ են բռնի տեղահանվել Հայաստան, սակայն հազարավորներն էլ շարունակում են մնալ, այդ թվում` պետական պաշտոնյաներ, ռազմական գործիչներ։ Արցախում են երեք նախկին նախագահները` Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատարներ եւ գեներալներ, խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցությունների բոլոր պատգամավորները:
Հայաստանում է Սամվել Բաբայանը` իր կուսակիցների հետ, բացառությամբ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի եւ կին պատգամավոր Գոհար Սարգսյանի։ «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքից էլ արտագաղթողներ կան, որոնց անունները չկարողացանք ճշտել։ Արցախում են նաեւ ամենաողբերգական կերպարն Արցախի իշխանական էլիտայում` գործող նախագահ Սամվել Շահրամանյանը եւ նրա ղեկավարած կառավարության գրեթե բոլոր անդամները»: