▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են Արցախի ղեկավարներին հանձնել Բաքվին»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքեր և ինչ պայմաններում են Արցախի ղեկավարներին հանձնել Բաքվին, ով է Սարգիս/Սարխան Գալստյանը
Արցախի ղեկավարության առևանգումը/հանձնումը 2023 թվականի ողբերգական իրադարձությունների ֆոնին, մեծ հաշվով, անուշադրության մատնվեց:


Խոսքը ոչ միայն հայերի՝ Բաքվի բանտ տանելու մասին է, ինչն ինքնին պետք է լիներ օրակարգային, այլ այն մասին է, թե ինչ պայմաններում և որտեղ են նրանց ձերբակալել/առևանգել:
Տպավորություն կա, թե իբր Բաքվի բանտում գտնվող հայ մարդկանց չվնասելու մտահոգությունն է, որ բոլորին ստիպում է չխոսել, ինչից օգտվում են Երևանում հայրենասիրական թատրոն խաղացողները, որոնք Արցախում իրականացրեցին հեղաշրջում՝ արագացնելով Արցախի հայաթափումն ու կորուստը:
Հայտնի է, որ Դավիթ Բաբայանը հեղաշրջում իրականացնողների հորդորով է գնացել/տարվել Շուշի և ուղղակի հանձնվել Ադրբեջանին: Ու դա եղել է այսօր Երևանում հայրենասիրական թատրոն խաղացողների մաշկը փրկելու գներից մեկը:
Հայտնի է, որ ապօրինաբար առևանգված և Բաքվում պահվող երկու հայեր ձերբակալվել են, երբ փորձում էին անցնել Հայաստան՝ բռնի արտագաղթի հոսքի մեջ:
Հայտնի է նաև, թե որտեղից է առևանգվել Արայիկ Հարությունյանը:
Բայց բացարձակապես չի խոսվում այն մասին, թե ովքեր են Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և մյուսներին հորդորել թողնել օդանավակայանի տարածքը, որտեղ նրանք ռուսների մոտ էին, մեկնել Ստեփանակերտի մի առանձնատուն, որտեղից ադրբեջանական հատուկ ծառայությունները ուղղակի եկել ու առևանգել են:
Արդյոք դա չի եղել պայմանավորված հանձնում Արցախում հեղաշրջում իրականացնողների և Բաքվի իշխանությունների միջև, որով և հայերին ադրբեջանցիներին հանձնողները, ինչպես Դավիթ Բաբայանի դեպքում, ուղղակի վճարել են իրենց փրկության գինը, փրկվել են ադրբեջանական գերությունից և հարգով-պատվով Ստեփանակերտի օդանավակայանից տարվել Սիսիանի օդանավակայան:
Հարցեր են, որոնց պատասխաններ պետք է տան այս անբարո գործարքի մասնակիցները, ովքեր այսօր Երևանում խոսում են Արցախ հավաքական վերադարձի մասին:
Շարունակում է տաբու մնալ Սարգիս/Սարխան Գալստյանի թեման:
Սերժա-քոչարյանա-ՀՀԿ-հայրենասիրական ուժերը մի այլանդակ ու թիրախավորված քարոզարշավ սկսեցին նվաստիս դեմ, երբ գրեցի, որ Շահրամանյանի ու Բակոյի մտերմագույն, քավոր-սանիկ հարաբերություններ ունեցող պարոն Գալստյանը նշանակվել է Ստեփանակերտի ժամանակավոր կամենդանտ:
Հիմա, երբ արդեն պաշտոնապես հաստատվել է, որ նրան Բաքվից պաշտոն է առաջարկվել, իսկ Շահրամանյանը միաժամանակ նրան նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պարոն Գալստյանը չունի և ոչ մի պաշտպան:
Հրապարակային որևէ մեկը, որ իմ վրա կրակ էին թափում, չեն խոսում: Բայց սա չէ կարևորը, այլ հետևյալը.
ա/ ինչու է պարոն Գալստայանը համաձայնվել մնալ Ստեփանակերտում, որին նա իր հեռախոսային զրույցներում Խանքյանդի է կոչում,
բ/ ինչ խնդիր էր դրված նրա առաջ,
գ/ ինչու չկարողացավ կատարել,
դ/ ինչու որոշեց տեղափոխվել Հայաստան ամիսներ հայաթափված Արցախում մնալուց հետո,
ե/ արդյոք չգիտեր, որ իրենց ասպասվում է ձերբակալություն և արդյոք չէր կարող իրեն պաշտպանող ադրբեջանցիներին խնդրել՝ իրեն հանձնել երրորդ երկրի....
զ/ այս ամենի հետ ինչ կապ ունեն Արցախում հեղաշրջում իրականացրածներն ու ռուսները:
Հարցերը բազմաթիվ են, իսկ թեմայի շուրջ սրբազան լռություն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին