Ազգային ժողովում քննարկման է դրվել Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի հաշվետվությունը: Հարակից զեկուցող ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ ամեն օր ՀՀ-ում խախտվում է մարդու իրավունքը.
Էլինար Վարդանյանի խոսքով՝ ամեն տարի լսում ենք ՄԻՊ զեկույցը, քննարկում ենք, նույնը նաև Վերահսկիչ պալատի զեկույցի դեպքում, սակայն հաջորդ տարի հիմնավոր զարմանալու տեղիք ենք ունենում, որովհետև տարեցտարի այդ խախտումներն այնքան են կատարելագործվում, որ մտքովդ չէր կարող անցնել, որ հնարավոր են նման խախտումներ:
Արդյունքում ստացվում է, որ քննարկում են ԱԺ-ում, անհանգստությունը հայտնում, բայց ոչինչ չի փոխվում, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, որևէ ոլորտում կատարվող խախտումները չեն վերացվում:
«2013թ. զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ Ոստիկանության ծառայողները հավաքը ցրելու ընթացքում որոշ մասնակիցների նկատմամբ կիրառել են ֆիզիկական ուժ, քաշքշել են, հարվածել: 2014 թվականին Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա հարուցվում է քրեական գործ: Արդյունքում քրեական գործը կարճվել է: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է փոխվել 2013-2014թթ.: Ոչինչ: Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ «Ոսկու շուկա»-ի սեփականատերն իր խոսքերով՝ պատժում է վարձակալներին, որոնք ակցիայի էին մասնակցում՝ ըննդեմ շահութահարկի: Ամենը ֆիքսվում է, բազմիցս ցուցադրվում, ոստիկանությունից ասում են, թե հաղորդում չեն ստացել այդ արարքի վերաբերյալ: Ավելին, ակցիայի մասնակիցներն էին հրավիրվում ոստիակնություն՝ ինչ-որ պարզաբանումներ ստանալու համար»,-նշեց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով.
«ԱԺ-ն լինելով օրենսդիր մարմին՝ խախտում է ՍԴ կողմից կայացված որոշումները: Շահութահարկի օրենքի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու պատգամավորների նախաձեռնությանմն ի պատասխան՝ ԱԺ մեծամասնությունը չի ներկայանում, և երբ մեջ է բերվում ՍԴ որոշումը՝ ասում են՝ բա հիշո՞ւմ եք, մի անգամ էլ արտահերթ նիստ մենք են արել, դուք չեք եկել: Լավ, ո՞վ, ո՞ւմ, ինչի՞ համար ա ինադ ընկնում: Երբ որ փողոցում մարդիկ հավաքվել ու սպասում են, որ պատգամավորները քննարկեն իրենց հարցը»:
Անի Կարապետյան