Ազգային ժողովում այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանից հետաքրքվեց՝ օրինակ, եթե հայկական հեռուստատեսությամբ ռուսերեն ֆիլմեր են ցույց տալիս, ապա ինչո՞ւ նաև եզդիերեն, ասորերեն ու հունարեն ֆիլմեր չկան եթերում:
Փաշինյանին էլ ի պատասխան՝ Բունիաթյանը ասել էր. «Ինչ վերաբերում է բացի ռուսերենից այլ լեզուներով ինչի՞ չեն ցուցադրվում ֆիլմեր, միայն կարող եմ ասել, որ բացակայության պատճառը պահանջարկի չլինելն է»:
Չեմ հասկանում՝ ո՞վ է Գագիկ Բունիաթյանը, որ խոսի եզդիների ու Հայաստանում ապրող ազգային այլ փոքրամասնությունների անունից ու անողնաշար հայտարարություններ անի՝ ասելով, թե այդ լեզուներով հաղորդումների պահանջարկ չկա: Հարգարժան ՀՌԱՀ նախագահ, տեղեկացնեմ, որ փաստացի Հայաստանում կա 60,000 եզդի ժողովուրդ, այդ Դուք ե՞րբ այդ 60.000-ի կարծիքը հարցրիք, որ մի հատ էլ նման եզրահանգման եք եկել:
Իմ և բոլոր եզդիների անունից հայտարարում եմ, որ մենք՝ ապրելով ՀՀ-ում, լինելով ՀՀ լիիրավ քաղաքացիներ՝ միշտ էլ ցանկացել ենք, իսկ այժմ նաև ինչ-որ տեղ պահանջում ենք, որ այլևս ՀՀ հեռուստատեսությամբ ժամեր տրամադրվեն եզդիերեն հաղորդումներին, որ այլևս առիթ լինելու դեպքում չհայտարարեք, թե իբր համապատասխան պահանջարկ չկա: