▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ով բիզնես չունի` հայվան է»... Վարդան Այվազյանն այս աշուն կրկին ակտուալ է.«ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է. Վերջին օրերին ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, որին հանգիստ կարելի է օլիգարխ որակավորումը տալ, չի իջնում մամուլի էջերից։ Մասնավորապես ինֆորմացիոն արտահոսք եղավ այն մասին, որ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստի ժամանակ, երբ նորանշանակ վարչապետն ասել է, թե իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել, Վարդան Այվազյանը նրան հակադարձել է` սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում։ Դրան հետեւել է Կարեն Կարապետյանի կտրուկ պատասխանը, որ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են։

Եղան լրատվամիջոցներ, որոնք անգամ գրեցին, թե Կարապետյանը նրան սաստել է ոչ կոռեկտ տոնայնությամբ ասելով` տեղդ նստիր ու ձայնդ կտրիր։ Դրան հետեւեցին «հերքման» հարցազրույցներ հենց Վարդան Այվազյանի կողմից։   «Ոչ մի հակամարտություն չկա՞ Ձեր ու Կարապետյանի միջեւ», ի պատասխան այս հարցի` Այվազյանն օրերս ասել էր. «Իմ ու պարոն Կարապետյանի միջեւ՞։ Բայց ինչի՞ պետք է լինի, ի՞նչ է` ինքն իմ բիզնեսի ոլորտի վրա՞ է նստած, ես` ի՞ր բիզնեսի։ Բացարձակ։ Ես ասում եմ` ինչ-որ մեկը հարցը մի քիչ սխալ է հասկացել, կիսատ-պռատ ասել է, մյուսն էլ կիսատ-պռատ ըմբռնել ու գրել է։ Սենսացիա են ման գալիս։ Եթե մեր մեջ հակամարտության խնդիր լիներ, ո՞նց կարող է պատահի` նորից իրար հետ մի ժամ քննարկենք» (մեջբերումը` «168.am»-ից)։

Մեզ այս պատմության մեջ վերստին գրավեց Վարդան Այվազյանի լեզվամտածողությունը։ Ինչ խոսեն, այս մարդու մտքին միայն մի բան է գալիս` բիզնես։ Հակամարտության մասին հարցադրումից վերջինս զարմանում է` շտապելով ասել, որ կողմերը նույն բիզնեսի մասով հետաքրքրություն չունեն, այ եթե այդպիսի բան լիներ, ապա կոնֆլիկտն անխուսափելի կլիներ։ Բիզնեսն ու բիզնես մտածողությունը վատ երեւույթներ չեն, պարզապես դրանք կատաստրոֆիկ դեֆորմացիաների են ենթարկվում, երբ դրանց փորձում են մոտենալ անգրագետները, անդաստիարակներն ու գողանալ-քցելը բիզնեսի հետ շփոթողները։ Թե այս կատեգորիաներից որին է պատկանում Վարդան Այվազյանը` թող որոշի ընթերցողը, մենք պարզապես կշարադրենք փաստերը։

Վարդան Այվազյանի ԱԺ-ում հնչեցրած հայտնի մտքերից են` «Ով բիզնես չունի` հայվան է»։ Այս հայտարարությունից բացի շատերն են հիշում «Կարմիր դիպլոմավոր գռուզչիկի» պատմությունը։ Այվազյանն ինքն իրեն  հենց այսպես է բնութագրել տարիներ առաջ։ «Կարմիր դիպլոմով գռուզչիկ եմ աշխատել, միանգամից չեմ եկել մինիստր աշխատել, քեզ պես միանգամից չեմ ստացել». հակադարձելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին` ասել էր ՀՀԿ-ականը։  Ի պատասխան Արամ Մանուկյանը նշել էր, թե նրանից պահանջում են ընդամենը պահել օրենքները եւ չգողանալ։ «Մի տեղ ցույց տուր գողացածս», վրդովվել էր Վարդան Այվազյանը։ Միջանցքում տեղի ունեցած վեճին միջամտել էր լրագրողը` ասելով, որ «Հետքն» իր գողությունների մասին գրել է։ «Տո «Հետքը» ինչը գրեց, փողը վեկալեց, գրեց ... Ի՞նչը գրեց «Հետքը», ի՞նչ ա գրե։ Էդ ինչը, որ գրել ա, տալիս եմ քեզի»,- շարունակել էր ՀՀԿ-ական պատգամավորը ու լրագրողին հորդորել «չվնգստալ»։ Լրագրողը հակադարձել էր. «Վնգստացողն էլ Դուք եք։ Վնգստում ես դու գերդաստանիդ հետ միասին, բո՛մժ», հակադարձել էր Գոհար Վեզիրյանը։ Այս միջադեպն հատկապես սոցցանցերում ու լրատվական դաշտում մեծ հնչեղություն ստացավ, անգամ ֆեյսբուքյան էջ ստեղծվեց՝ «Վարդան Այվազյանը պետք է պատասխան տա» անվանումով։ Զուգահեռ  ներկայացնելով Վ.Այվազյանի դեռեւս բնապահպանության նախարարությունում աշխատած տարիներին իրականացրած չարաշահումները` պահանջում էին նրան զրկել պատգամավորական մանդատից։ Ինչեւէ, պատգամավորը հետո խոստովանել էր, որ չի փոշմանել իր ասածների համար, սակայն լրագրողը հրապարակային հայտարարել էր, թե փոշմանել է, որ սխալ բառ է օգտագործել. «համբալ» բառի կիրառումն, ըստ նրա, այս դեպքում առավել տեղին կլիներ։ Համապատասխան տեսանյութի դիտարկումները Յութուբում բավականին պատկառելի թիվ էին կազմել։

Դրան հետեւեցին «Կարմիր դիպլոմով գռուզչիկի» կյանքի մասին հրապարակումներ։ Նույնանուն վերնագրով «Panorama.am»-ը գրեց. «Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանը անմիջապես ուղղում է, երբ նրան անվանում են գործարար պատգամավոր. «Ես գործարար չեմ, ես պատգամավոր եմ»։ Panorama.am-ի թղթակցի հարցին, թե հանքեր չունի՞ բնապահպանության նախկին նախարար ներկայիս պատգամավորը, Վարդան Այվազյանը պատասխանել է. «Ես ձեզ ասել եմ, ես ընդամենը գումարած-հանած, իմ մտածողությամբ, իմ ընտանիքի անդամներից ոմանք գտնվում են միայն մեկ գործառույթի շրջանակներում, որը վերաբերում ա Հայաստանի Հանրապետությունում սեւ մետաղների արտադրությանը։ Այ, էլ ոչ մի բան չունեմ»։  Մյուս հարցին, թե քիչ առաջ պատգամավորը պնդում էր, թե բիզնես չունի, Այվազյանը պատասխանել է. «Ե՞ս։ Ասում եմ ընտանիքիս անդամները, տղես 26 տարեկան տղա է, 21 տարեկանից գործարանի փոխտնօրեն է աշխատում, ավարտել է տնտեսագիտականը, աղջիկս էլ ավարտել է նախնականը այստեղ, հետո էլ մրցույթով շահած գումարով ավարտել է Լոնդոնի Վեսթմինիստրի անվան համալսարանը, մաստեր կլասի կոչում ունի, երկուսն էլ չեն աշխատում պետական համակարգում»։ Ներկայացնելով որդու բիզնեսը, Այվազյանն ասել էց, որ «հանքավայրի հետ կապված աշխատանք է տանում, որ մարդիկ կարողանան մեր երկրում սեւ մետաղ արտադրեն»։ «Կա՞ մեկնումեկը, որ ըտենց ռիսկ կվերցնի։ Հայաստանում կա ըտենց մոտավորապես 30 հանքավայր, կա՞ մեկնումեկը, որ ըտենց ռիսկ կանի», հավելել է Այվազյանը։ (Հարցազրույցն արվել է 2013 թ. հուլիսին)։

2014 թ. հուլիսին արդեն «Armlur.am» կայքը գրեց, որ  ալկոհոլ օգտագործելուց հետո Վարդան Այվազյանն իր սիրելի վայր է շտապում`  Սեւան, որտեղ էլ սիրում է կրակել ճայերի վրա։ Մեջբերում կայքի համապատասխան հրապարակումից. «Նշենք, որ այսօր էլ, երբ Վ.Այվազյանն արդեն նախարար չէ, նրա անունը կապվում է հանքերի աղմկահարույց շահագործման հետ։ Իսկ հիմա համառոտ ներկայացնենք այն ամենը, ինչ կապում են Վ. Այվազյանի անվան հետ։ Նախ, որպեսզի համապատասխանի «ես բիզնես չունեմ» շաբլոնին, Այվազյանին պատկանող բոլոր նշված ընկերությունները, որոնք զբաղվում են բացառապես հանքերի շահագործմամբ, կա՛մ Այվազյանի կնոջ եւ որդու, կա՛մ էլ հարազատ եղբոր անվան տակ էին հաշվառված։ Դրանք են` «Սուրարտ» ՍՊԸ` Բազումի երկաթի եւ Կամաքարի հանքավայր, «Գրեյդ Ռեդմետ» ընկերություն` «Ֆիոլետովոյե» ոսկու հանքավայր, «Նագին» ՍՊԸ` Հրազդանի եւ Աբովյանի երկաթի հանքեր, ինչպես նաեւ՝ Սվարանցի հանքավայր «Հեմատիտ» ՍՊԸ` Վարդանիձորի, Տաշտունի, Սիփանի եւ Մազրայի ոսկու հանքավայրեր եւ այլն»։

Եվ քանի որ Վարդան Այվազյանը վերստին «ակտուալ» է, թերթի առաջին էջում ներկայացրել ենք նրա կարողությունների ցուցակը` վերջին թարմացումներով, որոնք տարբեր աղբյուրներից հավաքագրել է «ՉԻ»-ն։ Եվ չզարմանաք, Հայաստանն այն երկիրն է, որտեղ մարդը գռուզչիկությամբ (համբալությամբ) կարող է ձեռք բերել հսկայական կապիտալ ու դեռ մի բան էլ ներկայացված լինել օրենսդիր մարմնում։ Սա էլ դեռ քիչ է` հավակնություններ ունենալ մտքեր հայտնելու ու դատողություններ անելու։

«Չորրորդ Իշխանություն»

 

  Շարունակելի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին