▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսման հնարավորություն և աշխատատեղեր՝ ծայրահեղ աղքատ ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին և 3000 ԱՄՆ դոլար․ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի նախաձեռնությունը

Դեկտեմբերի 16-ին Ֆիլիպ Մորրիս Արմենիան Ամերիկյան Առևվտրի Պալատը Հայաստանում կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի ամփոփիչ միջոցառում:

Միջոցառման ընթացքում, որին ներկա էր նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Ֆիլիպ Մորրիս Արմենիան կիսվեց իր նախաձեռնություններով, որոնք ուղղված են հասարակության հետ ընդհանուր արժեք ստեղծելուն և նպաստելու երկրի ավելի լավ ապագային ու նրա տեխնոլոգիական նորացմանը:

Իր բացման խոսքում Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հաղորդակցության ու գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակակից աշխարհը լի է մարտահրավերներով, որոնք տնտեսության ոչ՛ պետական, ո՛չ մասնավոր ու ո՛չ էլ հասարակական հատվածը միայնակ առերեսել չեն կարող։

«Սա է պատճառը, որ ընկերությունը որդեգրել է հասարակության հետ ընդհանուր արժեքներ ստեղծելու ու մարտահրավերներ կիսելու քաղաքականություն։ Դժվար պահերին, իհարկե, կարելի է ոչինչ չանել։ Մենք, սակայն, այլ ուղի ենք ընտրել, որպեսզի բիզնես-հասարակություն-պետություն համագործակցության շղթայի շնորհիվ ունենանք ավելի լավ ապագա»։

«Որպես համաշխարհային ընկերություն՝ մեր հիմնարար սկզբունքներից մեկը մեզ հետ աշխատող մարդկանց հանդեպ հոգատարությունն է: Ոչ պակաս կարևոր է հոգ տանել համայնքի մասին: Այնպես որ, որտեղ էլ որ ներկա լինենք, այդ թվում՝ Հայաստանում, չափազանց կարևոր է վերադառնալ այն հասարակություն, որտեղ աշխատում ենք։ Մենք հավատում ենք ավելի որակյալ հասարակությանը, ավելի լավ կրթված հասարակությանը՝ մարդկանց աճելու ավելի շատ հնարավորություններով: Դա օգուտ կբերի ընկերություններին, բայց օգուտ կբերի նաև լայն հասարակությանը:  Այսպիսով, ես գոհ եմ այն փաստից, որ մի քանի ասոցիացիաներ, որոնք մենք տեսանք այսօր, ինչպիսիք են «ԱՊԱԳԱ» հիմնադրամը, Հայաստանի Մարդկային Ռեսուրսների ասոցիացիան և «Ձեռնարկություների ինկուբատոր» հիմնադրամը, նկատեցին այս հնարավորությունները և սկսեցին համագործակցել մեզ հետ մի քանի բարեգործական ծրագրերի վրա, որոնք հաջողությամբ իրականացրել են եւ փոփոխություններ բերեցին երկրի մարդկանց ու ընտանիքների արժեքների մեջ»,- ասաց Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր կառավարիչ Միհաել Սոլթերը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, իր ելույթում ողջունելով մասնակիցներին, ընդգծեց, որ բիզնեսի տրամաբանությունն ու նպատակները հատկապես վերջին 20 տարիներին փոխվել են․ շահույթ ստանալը, եկամուտ ունենալն այլևս ինքնանպատակ չեն։

«Եթե մենք բիզնեսին միայն նայում ենք, որ հարկատու է ինքը և պարտավոր է դա անել, էդ դեպքում պետություններն էլ հաջողություն չեն ունենում, կառավարություններն էլ հաջողություն չեն ունենում։ Իսկ եթե դուք բիզնեսին նայում եք որպես գործընկեր, որն իր ռիսկի շնորհիվ բացի հարկ վճարելուց նաև պատրաստակամ է այլ հարցեր լուծել, սա ստացվում է այն գործընկերային հարաբերությունները, որի մասին մենք երազում ենք և որը մենք ուզում ենք ստեղծել։ Տվյալ դեպքում այսօրվա միջոցառումը այդ բովանդակությունն ունի ինձ համար, և սա էլի մի օրինակ է, թե ինչպես կարող է բիզնեսը առանց պետության միջամտության լուծել խնդիրներ»։ 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ֆիլիպ Մորիս Արմենիայի կողմից ֆինանսավորվող ԿՍՊ ծրագրերը, որոնք իրականացվում են «Հայաստանի Մարդկային Ռեսուսրների Ասոցիացիա»-ի, «ԱՊԱԳԱ» հիմնադրամի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից, ներառյալ ապագա պլանները և կատարված աշխատանքից քաղված դասերը:

«Ապագա» հիմնադրամի կողմից նախագծված ու Ֆիլիպ Մորրիս Արմենիայի կողմից ֆինանսավորվող «Արժանապատիվ ապագայի կառուցում» սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում ՀՀ շրջաններում ապրող հայ ընտանիքները հնարավորություն ունեին հիմնել ճագարաբուծական ֆերմաներ, որոնք 5-6 ամսից այդ ընտանիքներին ամսական մոտ 100․000 դրամի եկամուտ կապահովեն․

«Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համատեղ համագործակցության շրջանակում մենք ընտրել ենք 45 ընտանիք, որոնք հայտնվել էին կյանքի դժվար իրավիճակներում։ Այդ ընտանիքներին մենք օգնել ենք մասնագիտանալ տարբեր մասնագիտություններում,  ձեռք բերել համապատասխան հմտություններ և կարողություններ, այնուհետև մեր աջակցությամբ հիմնել իրենց փոքր գործը։ Այս ընտանիքների ընտրության հարցում մեծ ուշադրություն ենք դարձրել նաև ընդգրկված շահառուների ցանկությանը՝ իրենց կյանքում ինչ-որ բան արարելու, ստեղծելու և դեպի արժանապատիվ ապագա գնալու հարցում։ Այս ծրագրի ամբողջ նպատակն այն էր, որ մենք կարողանայինք այս ընտանիքներին, որոնք հայտնվել էին աղքատության շեմին, վերազիներինք այնպիսի կարողություններով, որոնց շնորհիվ նրանք շատ արագ կկարողանային ոտքի կանգնել՝ դուրս գալով ճահճից»,- նշեց «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթև Այրումյանը։

2021թ. հունվարից գործում է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի Ֆիլիպ Մորրիս Արմենիայի աջակցությամբ «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը, որը ծրագրվել և մեկնարկել է մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո: Նախագիծը միտված է օգնել երիտասարդներին վերաիմաստավորել ու զարգացնել սեփական հնարավորությունները, ձեռք բերել հստակ գիտելիքներ, ունակություններ և հմտություններ աշխատաշուկա մուտք գործելու համար՝ այդպիսով նպաստելով լիարժեք աշխատանքային կյանք վերադառնալուն:

«Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի նախագահ Արփի Կարապետյանի խոսքով՝ առաջին երեք ամիսների ընթացքում Ասոցիացիան հարցում է անցկացրել Հայաստանի 250 գործատուների հետ, ներգրավել տարբեր ոլորտներից ավելի քան 200 թրեյներների և իրականացրել մարտական գործողությունների շուրջ 2000 մասնակիցների խորքային հարցում․

«Սկսած 2021թ․ հունվար ամսից՝ «Նոր Էջ» նախագծին աստիճանաբար միացել է մոտ 2000 երիտասարդ, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին և խնդիր ունեն վերադառնալու աշխատաշուկա։ Այդ երիտասարդների հիմնական տարիքը 19-ից 25 է, թեպետ ունենք նաև ավելի հասուն տարիքի մասնակիցներ, ինչպես նաև կին մասնակից։ Նրանք մասնագիտանում են 21 տարբեր մասնագիտութունների մեջ՝ ծրագրավորում, հաշվապահություն, դիզայն, SMM, մարքեթինգ, լուսանկարչություն, բիզնես և այլն։ Մասնակիցներից 600 հոգին ավարտել է իր դասընթացները, իսկ նրանցից 35-ն արդեն անցել է հիմնական աշխատանքի։ Մեր ասոցիացիան նույնպես նրանց օգնում է աշխատանք գտնելու հարցում, ինչպես նաև ի սկզբանե մեր մասնագետների կողմից նրանց հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։

Առաջին փուլի ֆինանսավորումն իրականացրել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիան», որի շնորհիվ մենք կարողացանք նախատեսածից ավելի շատ երիտասարդների օգնել, իսկ 2-րդ փուլը մենք սկսել ենք հոկտեմբեր ամսին։ Այն իրականացնելու համար այժմ ֆոնդերի հայթայթման ծրագիր է բացվել, որի օգնությամբ հանգանակումներ ենք հավաքում։ Որպեսզի ավելի պարզ լինի, կցանկանամ նշել, որ միջինում մեկ երիտասարդի վրա ծախսվող գումարը 135 դոլար է կազմում։ Այս պահին արդեն հավաքվել է 4000 դոլար, սակայն մեզ անհրաժեշտ է 135․000 դոլար, որպեսզի մենք կարողանանք ևս 1000 երիտասարդի կյանքում էական փոփոխություններ մտցնենք»,- նշեց Արփի Կարապետյանը։

/filemanager/uploads/2021/12/week-4/Philip_Moris.jpg

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ, անցկացրեցին «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթ, որի նպատակն էր աջակցել հայաստանյան այն թիմերին և ընկերություններին, որոնք զբաղվում են տնտեսության ավանդական ոլորտներում հեղափոխություն առաջացնող նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակմամբ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արթուր Փոքրիկյանն իր խոսքում նշեց.

«Ծրագրի շրջանակներում ունեինք ընդհանուր 117 դիմորդ, որոնցից ընտրվեցին լավագույն լուծումներ առաջարկած 25 լավագույն թիմերը՝ շատ տարբեր ոլորտներից՝ արդյունաբերություն, տնտեսություն, տուրիզմ, կրթություն: Հաղթող թիմերն իրենցից նոր, պոտենցիալ ստարտափեր են ներկայացնում կամ ավանդական ճյուղերի ներկայացուցիչներ, որոնք էապես բարելավելու են իրենց արտադրությունը՝ նոր տեխնոլոգիական լուծումների կիրառության շնորհիվ: Երկարաժամկետ փոփոխությունը տնտեսության ավանդական ճյուղերի էական արդյունավետության բարձրացումն է, Հայաստանի տնտեսության բարելավումը: Կարճաժամկետ փոփոխությունը կարող է լինել 25 նոր ընկերությունների առաջանալը՝ նոր աշխատատեղերով և, ինչու չէ, նաև աշխարհի մակարդկով նոր ծառայությունների ու ապրանքների առաջացումը:

Ծրագրի արդյունքներից գոհ եմ: Կարևորում եմ այն, որ մեծ էր նաև մարզերից մասնակցությունը: Կցանկանայինք, որ ապագայում մարզերից մասնկիցներն ավելի շատ լինեն: 117 դիմողների մեջ 35-40 %-ն էին մարզերից, իսկ հաղթող 25 թիմերից՝ 9-ը։ Յուրաքանչյուր հաղթող թիմին տրվեց 3000 ԱՄՆ դոլար՝ իրենց տեխնոլոգիական լուծումը կյանքի կոչելու համար և սա դեռ սկիզբն է: Հետագայում, երբ թիմերն ավելի կայացած լինեն, հուսանք՝ կկարողանանք հավելյալ ֆինանսական միջոցներ տրամադրելով՝ ավելի զարգացնել նրանց կազմակերպությունը»։

Միջոցառման վերջում «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին կապերի կառավարիչ Վիկտորիա Պողոսյանը, ամփոփելով արդյունքները, ասաց․

«Տարեսկզբին, երբ մենք ընտրում էինք ծրագրերը և դիտարկում, թե որոնք պետք է ընտրել, հասկացանք, որ պետք է ընտրությունը կանգ առնի այնպիսի ծրագրերի վրա, որոնք երկրի համար առաջնային են: Ընտրվեցին այս երեք ծրագրերը, որոնք բոլորն էլ յուրահատուկ են: Երբ մոնիտորինգ էինք անում, անպայման խոսում էինք նաև շահառուների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչն է պետք լավացնել: Այդ ամենը ամփոփելով՝ կարող եմ ասել, որ մենք նշաձողը գերազանցել ենք, ծրագրի կարևորությունը նրանում է, որ բոլոր ընկերությունները, հասարակության յուրաքանչյուր անհատ զգա այդ սոցիալական պատասխանատվությունը, կարևորությունն իր մեջ, որովհետև եթե ես ունեմ այդ պատասխանատվությունը, ես կօգնեմ, որ իմ կողքինը նույնպես լավ անի իր աշխատանքը. սա շղթայական գործընթաց է:

Մասնավոր ընկերությունները, տարբեր կազմակերպությունները, կառավարությունը, պետությունը միավորվելով՝ պետք է ծառացած խնդիրները կարողանան լուծել: Մենք պետք է մեր լուման ներդնենք, որովհետև մեր պետությունն ունի մեծ ներուժ, մեր երկիրն ունի շատ պայծառ ուղեղներ, մենք էլ պետք է տարբեր ծրագրերով աջակցենք նրանց»,- իր խոսքը եզրափակեց Վիկտորիա Պողոսյանը:

 

Հեղինակ՝ Ս․ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին