▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ շահերը կսպասարկի և ի՞նչ հետևանքներ կտա նոր հարկային օրենքսգիրքը …

Մի կողմից՝ նորանշանակ վարչապետի հուսադրող հայտարարություն, մյուս կողմից՝ «Հարկային օրենսգրքի» մի շարք փոփոխված հոդվածների հետևանքով ունենալու ենք կետեր, որոնք կսպասարկեն նեղ շրջանակների և կխթանեն մոնոպոլիզացումը:

Պատճառն այն է, որ ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանն իր պաշտոնավարման 8 ամիսների ընթացքում հասցրեց իր նախաձեռնությամբ «Հարկային օրենսգրքի» անցումային դրույթներում մեկ հոդված ավելացել` վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիաների տարեկան պետական տուրքերը հնգապատիկ ավելացնելու վերաբերյալ:

Հարցեր են առաջանում, թե ի՞նչն էր ՊԵԿ նախկին ղեկավարի նման «կայծակնային» որոշման պատճառը`անտեղյակությու՞նը, թե՞ սեփական շահը, արդյո՞ք բուքմեյքերական կազմակերպություններին ստիպելով տարեկան 5 անգամ ավելի շատ վճարել նախկինից` Հովհաննես Հովսեփյանը դրա դիմաց ավելին չի ստացել դաշտում գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններից մեկի կողմից, սա բյուջե՞ն լցնելու հերթական ծրագիրն է, թե` ճիշտ հակառակը՝ թվացյալ մուտքերի ավելացում, իսկ հետևանքում՝ օրենքի ադապտացում շուկայի առաջատար որևէ ընկերության համար:

Բնական է, եթե մեկ ընկերություն ստանում է մոնոպոլիստի կարգավիճակ, ապա դա մտածելու տեղիք է տալիս՝ միգուցե նաև հենց անձնական շահագրգռվածության հոտ է գալիս:

Իհարկե, առանձ որև է հիմքի նման մեղադրանք հնչեցնելը սխալ կլիներ, սակայն երբ որոշման հետևանքում, որն, ի դեպ,

1. կայացվել է առանձ դաշտում գործող ընկերությունների հետ խորհրդակցելու

2. փոփոխության արդյունքում օրենսգիրքն արդեն, ակնհայտորեն, սպասարկելու է նեղ շրջանակների

3. փոփոխված հոդվածները պատճառ են դառնալու գործազրկության, ընկերությունների լուծարման և արդյունքում՝ մոնոպոլիզացման

ապա՝ համաձայնեք, որ հարցերն այդպես էլ առաջ են գալիս՝ ջրվեժի նման առատ, և դժվար է չմտածել նախկին ՊԵԿ ղեկավարի անձնական շահագռգռվածության մասին:

Հիշեցնենք, որ բուքմեյքերական կազմակերպություններն այդ մասին իմացել են, որոշման ընդունումից հետո միայն:

Հիմա նրանք սրտատրոփ սպասում են պատասխանի՝ արդյո՞ք վարչապետ Կարեն Կարապետյանը փոփոխության կենթարկի օրենսգիրքը. սա հարց է, որ դեռևս պատասխան չունի:

Սակայն փաստ է, որ այդ փոփոխությունների մեջ հայտնաբերված են որոշ շերտեր սպասարկող և կասկածելի արդյունավետությամբ կետեր, որոնց իրագործման հետևանքով կլինեն վարչապետի՝ գործարարության նկատմամբ որդեգրած քաղաքականության ճիշտ հակառակ մոտեցումներ:

Կարելի է եզրակացնել միայն, որ, բյուջեն «լցնելու» համար, Հովհաննես Հովսեփյանը, զգալով իր «գլխի գալիքը», այն է` մոտալուտ պաշտոնանկությունը, մտադրվել էր շատ արագ ապահովել նեղ շրջանակներ սպասարկող կետերի փոփոխությունները:

Ըստ մեզ հասած տեղեկությունների`այդ որոշման մասին անգամ հանրապետության նախագահը տեղյակ չի եղել:

Հատկանշական է այն հանգամանքը, որ դա տեղի է ունեցել մինչև Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը:

Պատահական չէ, որ վարչապետը ՊԵԿ-ի նոր ղեկավար է նշանակել, ինչը նշանակում է, որ նախկինի նկատմամբ վստահություն չի ունեցել:

Նորանշանակ վարչապետի սկզբունքներից մեկն այն է, որ պետք է նոր աշխատատեղեր բացվեն, մարդիկ բիզնեսում հավասար աշխատելու հնարավորություն ունենան, բացառվի մոնոպոլիզացիան:

Իսկ այս որոշումն ունենալու է անդառնալի հետևանքներ ինչպես ոլորտի զարգացման, այնպես էլ ողջ հասարակության համար, քանի որ ՏՏ ոլորտը տնտեսության համար շատ կարևոր օղակ է, որում աշխատում են բարձրակարգ մասնագետներ. նրանց ստեղծած ծրագրերը համաշխարհային բուքմեյքերական կազմակերպություններ են օգտագործում:

Փաստորեն մեկը կարող է որոշել, որ Հայաստանից դա կարող է այս կամ այն ընկերությունը լինել և վերջ…

Ավելորդ չի նշել, որ ներկայիս իրավիճակում, եթե պետական տուրքը մնա նախատեսվածի նման ավելացված չափով, նոր զարգացող և փոքր կազմակերպությունները, բնականաբար, չեն կարողանալու տարեկան 1 միլիարդ դրամ վճարել և, հետևաբար, փակվելու են:

Սա նշանակում է, որ դաշտում մնալու է միայն մեկ կազմակերպություն, որն ի վիճակի է լինելու վճարելու այդ գումարը, այսինքն` անխուսափելիորեն ձևավորվելու է մոնոպոլիա:

Կարելի է նույնիսկ մակերեսորեն վերլուծել Հարկային նոր Օրենսգրքի դրույթները և հասկանալ դրանց հետևանքները՝ տնտեսական առումով:

Պարզապես, եթե նույնիսկ մեկ միավոր այսօր վճարի գրեթե բոլոր ընկերությունների հավաքական հարկաչափը, ապա մնացածը փակվելուն պես՝ այդ ոլորտում այլապես վճարում չեն անի:

Իսկ եթե հարկաչափը լիներ՝ համապատասխան ընկերության շրջանառությանը, կամ այն բարձրանար ամեն տարի համաչափորեն , ապա

1. չենք ունենա 2500-ից ավելի գործազուրկ

2. երկարաժամկետ տեսակետից բյուջեն կունենար մուտքերի կայուն աճ

3. կգրանցվեր ՏՏ ոլորտի առաջխաղացում, դրսի շուկայի զարգացում, խաղային ոլորտի արտաքին շուկայի ֆինասական հոսք դեպի Հայաստան, նոր ներդրումներ

4. և ամենակարևորը ՝ չի լինի Հայրենական շուկայում մոնոպոլ դիրքի հետևանքով առաջացած բազմազանության պահանջարկի խնդիր՝ լրացնել օտար երկրների խոշոր ընկերությունների մասնակցությամբ, հետևաբար՝ մեր երկրից գումարների արտահոսքով:

Այս ամենը իրականություն է թե տնտեսական, թե սոցիալական առումով և փաստ է, որ այս որոշումն անդառնալի վնասակար է:

Ի դեպ, վարչապետին ուղղված նամակի տակ ստորագրել են դաշտում առկա բոլոր ընկերությունները:

Զարմանալի է, որ ՊԵԿ նախկին ղեկավարի որոշումը կայացվել է «դանակը ոսկոռին» հասցնելու սկզբունքով, քանի որ ակնհայտ է բացասական միտումը թե տնտեսական, թե սոցիալական, թե ցանկացած հեռանկարային մոտեցումների նկատմամբ և ՝ «մի քիչ» կասկածելի են ազնիվ դրդումները:

Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ բուքմեյքերական ընկերություններն իրենք են հանդես եկել առաջարկով, ըստ որի` համաձայն են, որ պետական տուրքը բարձրանա՝ ըստ շահույթում զբաղեցրած տոկոսադրույքի:

Սա նշանակում է, որ ոլորտի մասնագետները ունեն լուծում, որը շատ ավելի արդյունավետ կլինի և շատ ավելի մեծ գումարներ կմուտքագրվեն պետբյուջե. բացի դրանից՝ հնարավոր կլինի պահպանել նաև ոլորտի մրցակցությունը և թափանցիկությունը:

Իսկ եթե փոքր կազմակերպությունները փակվեն և դաշտում մնա միայն մեկ խոշոր կազմակերպություն, ժամանակի ընթացքում վճարված հարկերը ոչ թե ավելանալու են, այլ հակառակը` կրճատվելու են:

Սակայն խնդրին լուծում չգտնելը կարող է ավելի լուրջ հետևանքների հանգեցնել. օրինակ, ՏՏ ոլորտում աշխատող մի քանի ընկերությունների փակման, գործատեղերի կրճատման առումով: Իսկ տվյալ ոլորտը սպասարկվում է առավելապես ՏՏ մասնագետների կողմից, և գործատեղերի կրճատման արդյունքում նրանք, հավանաբար, կարտագաղթեն:

Եթե հաշվի առնենք այն հանգամաքը, որ յուրաքանչյուր բուքմեյքերական կազմակերպությունում աշխատում է մոտ 200-ից 1000 մասնագետ և նրանցից յուրաքանչյուրն ունի առնվազն 3 անդամից բաղկացած ընտանիք, ապա ակնհայտ է դառնում ՊԵԿ նախկին ղեկավարի որոշման հետևանքները: Միգուցե, ըստ նրա, մեր օրենքները պետք է ծառայեն նեղ շրջանակների համար, ինչի մասին արդեն օրեր շարունակ ահազանգում են մասնագետներն ու ոլորտի ներկայացուցիչները:

Կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը բողոքի ակցիայի ժամանակ նշել էր նաև, որ իրենք հավատում են, որ վարչապետը ճիշտ լուծում կտա խնդրին, հենց այդ պատճառով էլ իրենց նամակը նրան փոխանցելուց անմիջապես հետո նրանք հեռացել են Կառավարության շենքի մոտից:

Ակնհայտ է, որ հետադարձ ճանապարհ չկա, քանզի չկա նաև ցանկություն լքել երկիրը, չկա ցանկություն թույլ տալ ոմանց օրենքները ծառայեցնել նեղ շրջանակների համար:

Մարդիկ սպասում են վարչապետի որոշմանը և խոսքը ոչ միայն բիզնես դաշտի առողջացման, այլ մարդկային ճակատագրերի մասին է:

 

Հեղինակ՝

Ա.Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին