«ԱԺ նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի որդիները հերթական անգամ թմրանյութի պատմության կիզակետում են»։
«Ժողովուրդ» թերթն է գրում ու մանրամասնում․ «Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ, իրականացվում է «Ոսկե երիտասարդները չպետք է մարսեն թմրամիջոցները» օպերացիան:
ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին և 2-րդ դասակների պարեկները մի քանի ուղղությաններում դարանակալումներ են կատարում և արդեն Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, ժամը 16:00-ի սահմաններում, կանգնեցնում են BMW X5 մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Երևանի բնակիչ 30-ամյա Նորիկ Մեյրոյանը, պարեկներին հայտնում է, որ իր ավտոմեքենայի մեջ թմրամիջոց կա և այն իր անձնական օգտագործման համար է:
Պարեկները նրան և նրա հետ եղած 2 ուղևորներին թմրանյութ պահելու, օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Հրազդանի բաժին: Տեղում պարզվում է նաև, որ ուղևորներն են Երևանի բնակիչներ 28-ամյա Արեգ Չախոյանը և 30-ամյա Ռոբերտ Գալստյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս ենթարկվում են անձնական խուզարկության, որի արդյունքում Ա. Չախոյանի մոտ հայտնաբերվում է անձեռոցիկի մեջ փաթեթավորված թվով 6 հատ առանց գրառման դեղահաբեր, ինչպես նաև թվով 10 հատ «Вука Вука» գրառման և 1 հատ «Татасорт» գրառմամբ դեղահաբ, իսկ Մեյրոյանը հայտարարել է, որ ավտոմեքենայում առկա պայուսակի մեջ ունի կանեփանման զանգված, որը նախատեսված է իր անձնական օգտագործման համար՝ որպես թմրամիջոց:
Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ն. Մեյրոյանի, Ա. Չախոյանի և Ռ. Գալստյանի հետ ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր օր-ի 396 հոդվածի 1 մասի հատկանիշներով: Ն. Մեյրոյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, Ա. Չախոյանն ու Ռ. Գալստյանը բաց են թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Չախոյանը ԱԺ նախկին պատգամավոր, քրեական պատմություններով հայտնի Նվեր Չախոյանի որդին է:
Նկատենք, որ նախկին պատգամավորի որդին առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների տեսադաշտում․ դեռեւս 2013 թվականին ArmLur.am-ը գրել էր, որ մարտի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 2 երիտասարդի։
ժամը 22։30-ի սահմաններում Թումանյան փողոցի 2-րդ անցուղի թիվ 5 շենքի մոտ քրեական հետախուզության աշխատակիցները կասկածանքով զննել են «Մերսեդես Բենս 450» մակնիշի 008 ՈՈ 02 համարանիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ 06 գրամ դեղնականաչավուն զանգվածքով և մեկ կաթուցիչ։
Նշված ավտոմեքնայում է եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի տղան՝ 22-ամյա Նարեկ Չախոյանը, և Երևան քաղաքի ավագանու անդամ, «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի տղան՝ 21-ամյա Սարգիս Վարդանյանը»։