«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարտի 8-ին Գորիսում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել, որում ներգրավված է Սյունիքի մարզի իրավապահների ողջ ղեկավար կազմը: Նշված օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը:
Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ:
Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով նրան փորձել է ներս տանել: Այդ պահին 3 ընկերները դուրս են եկել մեքենայից՝ պարզելու, թե ով ինչու է իրենց ընկերոջը քարշ տալիս:
Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գեւորգյանին՝ հայհոյանքներ տալով: Տեղեկացնենք, որ ոստիկանապետից բացի՝ ռեստորանում են եղել նաեւ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը:
Ու բավական չէ, որ ոստիկանապետը ծեծել է քաղաքացուն, դեռ մի բան էլ Արթուր Գեւորգյանի նկատմամբ քրգործ է հարուցել՝ իշխանության ներկայացուցչին դիմադրելու հատկանիշներով: Իսկ ո՞վ է կալանավորված Արթուրը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ծեծի ենթարկված Արթուրը ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն է: Նրա հայրը, եղբայրները, մի խոսքով, ողջ գերդաստանը ոստիկաններ են:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում