....Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի´ եկեք ձեր փարախի սահմաններից:
Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեք՝ կոտոշներիդ ժապավեններ կապած, քարշ եկեք արեւելյան քաղաքների բազարներում եւ հաճույքով շնչեք ձեր մանկության հոտը:
Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով:
Անկաշկանդ որոճացե´ք ձեր տխմար մտքերը աշխարհի համաժողովներում, դուք անխոցելի եք: Ոչ պատասխանատվություն է պետք, ոչ հոդաբաշխ լեզու, ոչ առավել եւս՝ ուղեղ:
... Կովի՝ ձեր հայրենասիրությամբ ձեր հայրենիքը պատկերացրեք որպես անսահմա՜ ն յոնջայի դաշտ եւ կախգլուխ արածելով՝ գնացեք մինչեւ ռաստ կգաք անդունդի:
Կովեղեն ձեր թախիծով որոճացեք կոմերիտական հորթանոցի ձեր հիշողությունները, ապա վերստին կերեք, աղտոտեք ու պառկեք թրիքի մեջ, որովհետեւ ձեր իմացած տունն ու հայրենիքը այն է, որից պիտի անասնահոտը անպակաս լինի:
Երբ ձեր չանեն հոգնի ծամելուց, ձգվեք դեպի խոսափողները եւ մի մտահոգվեք չորս ոտքի պատճառով, որովհետեւ եթե ձեզ բերել են այդտեղ, ուրեմն ինչ աստիճանի պիտի իջեցված լինի խոսքի արժեքը: Բղավեք ու բառաչեք անկաշկանդ, որովհետեւ ինչ ձայն էլ հանեք, դա կլինի ազգի, հայրենիքի, ժողովրդի եւ, իհարկե, «նվազագույն ախոռի» մասին:
Կովի՝ ձեր անմռունչությամբ արածեք ձեր խոտը, կերեք ձեր սիլոսը մինչը տրաքվելը, իսկ մնացածը տրորեք:
Տրտինգ տվեք Հայաստանի կանաչ դաշտում, արեք ինչ անում է անտեր յոնջայի արտը ընկած անտեր կովը, բայց մի մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ:
Վանո Սիրադեղյան
Զոյա Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից