▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է լինելու հաջորդ քայլը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ կարճ քննարկում պետք է ունենա։ Մենք տեղեկացանք, որ հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ խորհրդարանական ուժերից, «Սասնա ծռերից», Ավետիք Չալաբյանը, Սուրեն Պետրոսյանը եւ այլք։ Սրբազանը ներկայացրել է առաջիկա շաբաթվա իր ծրագիրը, բայց ոչ շատ մանրամասն: Ասել է, որ դետալների մասին չի խոսելու՝ հաշվի առնելով, որ ցանկացած իրավիճակ կարող է ինչ-որ գործողություն թելադրել: Բացի այդ, ըստ մեր աղբյուրի՝ առաջին օրվանից նա նման զգուշավորություն է դրսեւորում՝ խուսափելով արտահոսքերից։ Ներկայացրել է, որ հունիսի 12-ը վճռական օր է լինելու, ուստի ինքը պետք է հասկանա՝ բացի աջակցության, սատարման մասին հայտարարություններից, գործնականում ով ինչպես կարող է աջակցել շարժմանը, քանի որ մարդկանց թիվն էականորեն փոխելու է իրավիճակը։ Ակնկալվում է, որ 30 հազար մարդ կհավաքվի խորհրդարանի դիմաց՝ 15.00-ից սկսած։

Քաղաքական գործիչներին հետաքրքրել է՝ եթե կրիտիկական զանգված հավաքվի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Սրբազանը հարցն անպատասխան է թողել, ասելով՝ թող հավաքվի, կտեսնենք։ Ի դեպ, իշխանական թիմում այս օրերին ակտիվ ներքին քննարկումներ են ընթանում ՝ հնարավոր սցենարների վերաբերյալ։ ՔՊ-ում վախենում են, որ եթե 30 հազար մարդ հավաքվի ԱԺ-ի դիմաց, կգրոհեն շենքի վրա, իսկ այս դեպքում իրավապահները «պարտավոր են գործողություններ ձեռնարկել»` ընդհուպ ռազմական զենք»:

***

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած զանգվածային հականիկոլական տրամադրություններին, արդեն մեկ ամսից ավել շարունակվող «Սրբազան շարժումն» ակնկալվող արդյունքներին չի բերում: Ինչո՞ւ, քաղաքագետ Հայկ Սահակյանը նման կարծիք հայտնեց.

«Այս շարժումը հաջողելու հնարավորություն ուներ, եթե շարժման վարչապետի թեկնածու չընտրեին Բագրատ սրբազանին, որովհետեւ նա խոցելի է իր կարգավիճակով։ Այո՛, նա կարող էր համախմբող դերակատարում ստանձնել, բայց լիդերը պետք է լիներ ոչ հոգեւոր տիտղոսակիր:

Էլի եմ ասում, պատմության մեջ եղել են նման դեպքեր, բայց դա մեր քաղաքական ավանդույթների տրամաբանության մեջ հիմա չի տեղավորվում, ու Սրբազանն էլ այդ մարդը չէ: Եթե գոնե չունենար այդ երկքաղաքացիության խնդիրը, միգուցե այդ հարցը կարողանար լուծել:

Բայց ո՞նց եք պատկերացնում` երկքաղաքացին վարչապետի թեկնածու, դա ուղիղ Սահմանադրության ոտնահարում է։ Մինչեւ Սրբազանի այդ հայտարարությունը, ես ասում էի, որ պոտենցիալ տեսնում եմ, բայց այդ հայտարարությունից հետո, որ ինքն է վարչապետի թեկնածուն, շարժումը գնալու է ձախողման: Որովհետեւ շատ լավ գիտեն, որ կա Սահմանադրության հետ խնդիր, եւ այդ խնդիրը չեն լուծել»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին