▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրհներգը փոխակերպվում է ծաղրանքի, ենթարկվում է անարգանքի, դառնում է կեղծ. ՀՌՀ նախագահ

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում «Քանակական հայրենասիրություն» վերնագրով գրառում է կատարել՝ անդրադառնալով հեռուստաեթերում ՀՀ օրհներգի պարտադիր կատարմանը:

ՀՌՀ նախագահը, մասնավորապես, գրել է.

«Ազգային Ժողովում ՀՌՀ տարեկան հաղորդումը ներկայացնելիս եւս մեկ անգամ հնչեցրեցի իմ այն կարծիքը, որ ՀՀ Օրհներգի պարդադիր կատարումը 24.00-ին բոլոր հեռուստառադիոընկերությունների եթերում վիճելի նորմ է, եւ այդ օրենսդրական պահանջը անհրաժեշտ է ձեւափոխել:

Այդ տեսակետը բուռն արձագանքի արժանացավ որոշ հանրային անձերի, լրագրողների եւ սոցցանցերի օգտատերերի կողմից: Մի քանի գրառումներում իմ այս կարծիքը նույնիսկ որակվեց որպես եկեղեցու, ընտանիքի ինստիտուտի, ազգային արժեքների դեմ միտված քայլ: Ցավով պետք է արձանագրեմ, որ մեզանում անչափ շատ են մարդիկ, որոնց մոտ բացակայում են թե մտավոր գործողություններ կատարելու ունակություններն ու ցանկությունը, թե այդպիսի գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գործիքակազմը: Այնուամենայնիվ, եւս մեկ անգամ փորձեմ կարճ փաստարկել իմ տեսակետը:
Ցանկացած երկրում պետական/ազգային Օրհներգը քաղաքական իշխանության գործիքներից մեկն է:

Այլ ֆունկցիաներ կատարելու հետ միասին այն կարգավորում է մարդկանց վարմունքը, համախմբում եւ ոգեւորում է նրանց, խորհրդանշում է քաղաքացիների սերը, հպարտությունը, հարգանքը առ սեփական պետություն: Այդ է պատճառը, որ Օրհներգի կատարումը ուղեկցվում է համապատասխան արարողակարգով (ներկաները ոտքի են կանգնում, դադարեցնում են շարժումներն ու աղմուկը, եւ այլն): Չմոռանանք նաեւ որ այն կատարվում է հանդիսավոր եւ ուրեմն սահմանափակ առիթներով: Բայց անհասկանալի տրամաբանությամբ լիցենզավորված բոլոր հեռուստառադիոներին օրենքով պարտադրեցին օրը երկու անգամ հնչեցնել պետության խորհրդանիշներից մեկը:

Ասածս այն է, որ Օրհներգը ոչ զովացուցիչ ըմպելիքի գովազդ է, ոչ էլ հիթ-շքերթի առաջին տեղը զբաղեցնող երգ, որ ամենօրյա ռեժիմով հնչի տասնյակ հեռարձակողների եթերում: Որ ներխուժի մարդկանց բնակարան, երբ քաղաքացին չի սպասում այն, պատրաստ չի ընկալել, խորությամբ զգալ երկրի ամենագլխավոր երաժատական եւ խոսքային ուղերձը: Օրինակներ բերեմ:

Մոտենում է կեսգիշերը…: Գինովցած ֆուտբոլասերները Երեւանի փաբերից մեկում լարված հետեւում են սիրված թիմի հերթական հարձակմանը եւ հասունացող գոլի պահին խաղը ընդհատվում է Օրհներգով: Դուք՛ հարգելի երդվյալ հայրենասերներ, տեսե՞լ եք ֆուտբոլասերների էմոցիոնալ արձագանքը այդ պահին: Նորից մոտենում է կեսգիշերը… Տան տնտեսուհին հերթական սերիալն է դիտում, եւ սիրավեպի կուլմինացիոն վարկյաններին պատկերն մեկ ակնթարթում փոխվում է, առաջացնելով տիկնոջ հիասթափությունը: Կարելի է երկար շարունակել, թե ոնց է մեր պետության խորհրդանիշը ընդմիջում բռնության, կամ անկողնային տեսարաններըը, կրիմինալ «ռազբիրատը», ռաբիս անճաշակ կլկլոցը…: Եւ այդ ամենը անմիջապես շարունակվում է Օրհներգից հետո:

Եւ օրեցօր կրկնվող հարյուրավոր նմանատիպ իրավիճակներում Օրհներգը փոխակերպվում է ծաղրանքի, ենթարկվում է անարգանքի, դառնում է կեղծ: Հայրենասիրությունը, հարգանքը քանակական չափորոշիչ չպետք է ունենա:
Կան փոքրատիվ երկրներ, որտեղ հեռուստա եւ ռադիոընկերությունները հեռարձակում են Օրհներգը առավոտյան եւ երեկոյան, սակայն միայն հանրային կամ պետական ալիքներով (Կոլումբիա, Թայլանդ, Տանզանիա, այլ): Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային օրհներգը, օրինակ, հնչում է Հոնգկոնգի հեռուստաալիքներով լուրերի երեկոյան թողարկումներից առաջ: Եւ դա հստակ քաղաքական ուղերձ է հոնկոնգցիներին՛ ձեր երկիրը արդեն Չինաստանի անբաժանելի մասն է, եւ դուք ՉԺՀ-ի քաղաքացիներ եք: Հայաստանցիներս օրը երկու անգամ (այն էլ ընդմիջելով կեսգիշերային ժանրի հաղորդումները) ինչ-որ մեկին պետք է բացատրենք, որ մեր երկիրը մերն է, եւ մենք այս երկրի քաղաքացինե՞ր ենք»:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին