«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը հինգշաբթի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին նշանակեց Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Ընդ որում, նրան այդ պաշտոնին նշանակելու համար այնտեղից ազատեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին՝ նշանակելով արդեն Խաչատուրովի տեղակալ:
Որդի Խաչատուրովի նշանակումը բավական բացասական արձագանք ունեցավ հասարակական շրջանակներում այն առումով, որ այդ երիտասարդ զինվորականը մինչ այժմ հայտնի է եղել որպես խիստ բացասական համարում ունեցող սպա թե՛ պաշտպանության համակարգում, թե՛ հասարակական-քաղաքական շրջանակներում: Նա հայտնի է որպես անվերահսկելի զինվորական, քանի որ վայելել է հոր՝ ՊՆ-ում երկրորդ մարդու լիակատար ու բազմակողմանի հովանավորությունը:
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովի անունը շոշափվել է մի շարք աղմկոտ պատմությունների ու հանցագործությունների հետ:
Օրինակ, 2010 թվականին Գրիգորի կամ Գրիշա Խաչատուրովը հայտնի դարձավ Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում տեղի ունեցած չարաշահումների շրջանակներում: Հիշեցնենք, որ այդ զորամասի գումարտակի հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանն ու գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանը մեղադրվում էին զինվորներից գումարներ շորթելու մեջ: Նրանք զինվորներին ստիպել էին, որ բանկերից տարբեր չափի վարկեր վերցնեն ու տան իրենց: Հետո զինվորները չէին կարողացել մարել այդ վարկերն ու այդպիսով հրամանատարների դրամաշորթությունը բացահայտվել էր: Գրիգորի Խաչատուրովն այդ զորամասի հրամանատարն էր, եւ կարծիք կար, որ սույն չարաշահումները կատարվել են հենց նրա գիտությամբ ու հովանավորությամբ: Թեեւ որդի Խաչատուրովն ինքը լրագրողների հետ զրույցում այդ գործը «սարքված» էր համարել:
Բայց կարճ ժամանակ՝ մոտ մեկ տարի հետո գործը կարճվեց «գործուն զղջման» հիմքով եւ ոչ թե հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ գործընկերների հետ միասին Գրիգորի Խաչատուրովը որոշ ժամանակ դադարեցրեց զինծառայությունը, բայց մամուլի հրապարակումների համաձայն՝ դեպքից մոտ մեկ տարի հետո իր թիմով նորից վերականգնվեց:
Իսկ 2013 թվականի այդ օրերին մամուլում հրապարակումներ տարածվեցին, թե Գրիգորի Խաչատուրովը Տավուշի մարզի զորամասերից մեկում հարբած վիճակում ծեծի է ենթարկել 4 զինվորի: Եւ ահա այս ու նման այլ պատմություններից հետո վերջինս երկու օր առաջ նշանակվում է բարձր պաշտոնի՝ երրորդ բանակային կորպուսի հրամանատար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում