▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ լրատվական կայքը պետք է սպասարկեր հանցավոր խմբին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը  գրում է. Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված խմբի գործով ուշագրավ զարգացումները շարունակվում են: Վնասազերծված խմբի գործից երկու ամիս անց 7 անձ ազատ է արձակվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ազատվածներից ոմանք ԱԱԾ-ին արժեքավոր տեղեկություններ են հայտնել եւ այնպիսի անուններ են տվել, որոնք Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից են եղել:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ վնասազերծված հանցախումբը ձեռք բերված զենքերը պետք է ծառայեցներ Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնելուն. պետք է պայթեցներ Ֆրանսիա մեկնող Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, մի շարք պետական շենքեր:

Հայտնի անուններ

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս գործով կալանավորվածներից շատերը առաջիկայում ազատ կարձակվեն, քանի որ խոսելով Արթուր Վարդանյանի կամ, առհասարակ, նրա գործունեության մասին՝ իրենք կօգնեն իրավապահներին բացել առեղծվածային թնջուկը: Եվ դատելով վերջին շրջանում այս գործով 7 հոգու ազատ արձակման փաստից, ըստ ամենայնի, վերջիններս օժանդակել են իրավապահներին, ինչն էլ եղել է իրենց ազատության գինը:

Եվ այսպես, հունվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ազատ էր արձակվել ԱԱԾ հատուկ ջոկատայինների կողմից «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահներին «գործը գլուխ» բերելու հարցում օգնել է հատկապես «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը:

Ըստ մեր աղբյուրների՝ վարդապետ Թութունջյանը քննիչներին ներկայացրել է խմբի անդամների եւ պարագլուխ Արթուր Վարդանյանի գործունեության մասին հետաքրքիր մանրամասներ: Ավելին՝ վերջինս իրավապահներին է հայտնել ինչպես Հայաստանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մարդկանց անուններ, որոնց հետ Արթուր Վարդանյանը հանդիպել է եւ, ըստ ամենայնի, ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել: Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ վարդապետ Թութունջյանի կողմից ներկայացված անունների մեջ են եղել այնպիսի մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից են, նրա մտերիմ, հարազատ մարդիկ, ու դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է ցանկանային պայթեցնել Ս. Սարգսյանի ինքնաթիռը: Եվ, ահա, այս անուններն էլ ազգային անվտանգության ծառայությանը խնդրի առաջ է կանգնեցրել:

Կասկած չկա, որ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը կալանավորվածների հայտարարությունների մասին զեկուցել է Սերժ Սարգսյանին, եւ նա, թերեւս, շոկի մեջ է հայտնվել: Ու իշխանական շատ նեղ շրջանակներում քննարկվում է հարցը, թե ովքեր են եղել Ս. Սարգսյանի թշնամիները, որոնք ցանկացել են հարվածել թիկունքից: Վարդապետ Թութունջյանի անկեղծությունը շատ զարմանալի է եղել գործով անցնող գրեթե բոլոր կալանավորների համար: Ըստ այդ շրջանակներում պտտվող վարկածի՝ կա՛մ վարդապետ Թութունջյանին ազատ են արձակել՝ իրավապահներին օգնելու համար, կա՛մ նա ի սկզբանե ԱԱԾ-ի «մարդն է» «հանցախմբում»:

Վանաձորից զենք էին բերելու

Այսքանով հանցավոր խմբի գործով աղմկալի բացահայտումները չեն դադարում: Արդեն գրել էինք, որ Հայաստանի հանրության համար այդպես էլ անհայտ է մնում, թե խմբի անդամները որտեղից էին մի ամբողջ ջոկատի զենք- զինամթերք ձեռք բերել, որոնց մեծ մասը կարող էր լինել բացառապես ՀՀ ուժային կառույցներում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ին հաջողվել է զենքի ձեռքբերման աղբյուրները եւ դրանց մատակարարներին պարզել: Նրանք կալանավորվածների թվում են: Ըստ լուրերի՝ զենքի ձեռք բերման ուղիները հիմնականում ձգվում են դեպի Լոռու մարզ: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ խմբի անդամները հատուկ այդ առիթով գնացել են Վանաձոր:

Սա դեռ վերջը չէ: Գրել էինք, որ այս գործով ազատ էր արձակվել նաեւ Արմեն Հայրապետյանը, որի պատճառով մի շարք լրատվամիջոցների լրագրողներ հարցաքննվել են: Մեզ հասած տեղեկություններով՝ Արմեն Հայրապետյանը, աշխատելով հանրային հեռուստաընկերությունում, ծանոթ է եղել լրատվական կայքերից որոշ լրագրողների եւ նրանց միջոցով փորձել է լրագրողական թիմ կազմել: Ասել է, թե Արմեն Հայրապետյանի ծանոթ լրագրողները, որոնք աշխատանք չեն ունեցել, հանդիպել են Արթուր Վարդանյանի հետ, որոնց Վարդանյանը ներկայացրել է իր մտադրությունները, որ ուզում է ստեղծել նոր լրատվական կայք, գումարը իր համար խնդիր չէ, իսկ լրատվական կայքն էլ կկոչվի «Հայոց վահան»:

Ավելի ուշ վերջինս լրագրողների հետ խոսել է պատերազմից, հեղափոխությունից, ապա խնդրել խոսակցությունը գաղտնի պահել: Շատ լրագրողներ տարօրինակ են համարել այդ ամենը եւ խուսափել աշխատել նորաստեղծ կայքում: Մեզ հասած տեղեկություններով՝ որոշ լրագրողներ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցաքննվել են: Մի խոսքով, իրավիճակն ավելի հետաքրքիր է դառնում:

Հեղինակ՝

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ուշագրավ այլ նյութեր՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին