Գեւորգ Կոստանյանը դեռեւս չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին` ռուս զինծառայող, մեղադրյալ Վ. Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով: Ազգային ժողովում Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության և դրան հաջորդած դեպքերի կապակցությամբ այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Նա հայտարարեց, որ անպայման դիմելու է` եթե լինեն հիմքեր:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Գլխավոր դատախազին ուղղված հարցերը մի քանիսն էին.դրանք վերաբերում էին սահմանի խախտման փորձին և ՌԴ սահմանապահների՝ ՀՀ իրավապահ մարմիններին տեղյակ պահելու պարտավորությանը, արդյոք նրանք իրավունք ունեի՞ն կասկածյալին տեղափոխել 102-րդ ռազմաբազա, պայմանագրի ո՞ր կետով էին ռուս սահմանապահները զինված դուրս եկել Գյումրի և, ի վերջո, ո՞ր դատարանն է քննելու գործը:
Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ անձի հանձնման, տեղափոխման, վարույթի փոխանակաման հարցերը տարբեր բաներ են, և երբ որ կհասնեն այն փուլին, թե որ դատարանն է քննելու գործը, նոր կքննարկեն, քանի որ 1997 թվականի պայմանագրում ասվում է, որ կողմերը քննարկում են քրեական վարույթի փոխանցման հարցերը:
Անդրադառնալով զինված ռուս սահմանապահների՝ Գյումրիի փողոցներում շրջելուն, Գեւորգ Կոստանյան նշեց, որ նույն պայմամնագրի 9-րդ հոդվածում ասվում է, որ ՀՀ իրավապահ մարմինների համաձայնությամբ նրանք նույնպես կարող են մասնակցել գործողություններին:
ՀՀ գլխավոր դատախազը խոսքում հայտնեց, որ ռուս սահմանապահները պարտավոր էին հայտնել, ինչպես նաև սահմանախախտին պարտավոր են հանձնել ՀՀ-ին՝ չմոռանալով նշել, որ այս ողջ ինֆորմացիան առկա է քրեական գործում: