Այսօր տեղի է ունեցել Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի, Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի և Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո ասուլիսը:
Ինչպես և սպասելի էր, լրագրողներին տվյալ պահին մարզական թեմայից առավել հետաքրքրում էր` արդյո՞ք վաղը` հոկտեմբերի 10-ին, Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է Եռյակի հանրահավաքին:
Նշենք, որ նախքան քաղաքական բնույթի հարցերին պատասխանելը, պրն. Ծառուկյանը ծանր հոգոց հանեց` ասելով. «վայ մամա ջան», ապա ընդգծեց հյուրերի ներկայությունը, սակայն, ի վերջո, ընդառաջեց լրագրողներին` պատասխանելով` արդյո՞ք ինքը մասնակցություն ունենալու է վաղվա հանրահավաքին, թե` ոչ.
«Հանրահավաքին Ծառուկյանը մասնակցելու է, ոնց կարող է հանրահավաք լինի, իր կուսակցականներն այնտեղ լինեն, իսկ ինքը չմասնակցի»:
Ապա նաև անդրադարձավ այն խոսակցություններին, որ ինքը պատրաստվում է 2018 թվականին առաջադրել իր թեկնածությունը որպես նախագահ.
«Չէի ցանկանա պատասխանել քաղաքական հարցերի մեր հյուրերի ներկայությամբ, սակայն ասեմ, որ իմ մտքում կա 4-5 հոգի նախագահի թեկնածության համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, կարող են զարգացման ուղու վրա դնել երկիրը, խնդիրները կարգավորել, իմ քաղաքական գործընկերները, հանրությունը, եթե նրանց որևէ մեկի թեկնածությունը կառաջադրի, ուրեմն` ես պատրաստ եմ նրանց սատարել և նրանց կողքին կագնել, սակայն եթե հանրությունը ներկայացնի, որ իմ կարիքը կա այդ ծանր դժվար պահին, ուրեմն` ես դրան էլ եմ պատրաստ և մի քանի ամսվա ընթացքում կարևորագույն խնդիրները լուծում կունենան, պետությունը կդրվի ճիշտ ուղու վրա և դա ոչ միայն խոսքեր են. մարդիկ դա կզգան իրենց առօրյայում, իրենց ապրելակերպում»:
Ծառուկյանը նաև անդրադարձավ, թե ինչո՞ւ է հանդիպում կազմակերպել Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի, Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի և Սերգ Սարգսյանի միջև.
«Եթե եկել է աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահը, ապա որ երկիր էլ որ նա մտնի, թեկուզ պատերազմական երկիր, ուրեմն` այդ երկրի լրագրողները պետք է մի քիչ տեղեկացված լինեն իրականությունից. աշխարհի օլիմպիական կոմիտեն, օլիմպիական խաղերը խաղաղություն են, ուրեմն, հարգելով իմ պետությանը, մենք պարտավոր ենք գնալ հանդիպմանը` լսելու, քննարկելու...Սակայն դա չի խանգարում մեր մոտեցմանը, մեր սկզբունքներին»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան