Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ստորագրեցին մարդու իրավունքների և ազատությունների պահպանման ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր:
«Այս փաստաթուղթը հնարավորություն կտա միասին խորհելու, թե ինչպես կարելի է անել, որ ավելի արդյունավետ դառնան նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության գործընթացները, և եթե այդ ուղղությամբ կան որոշակի դիմումներ, բողոքներ, գանգատներ, մենք կարողանանք համատեղ օրինական կարգով ընթացք տալ»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
«Մենք այսօր այստեղ ենք այն հույսով, որ այս Փոխըմբռնման հուշագիրը լինելու է իսկապես գործուն, իսկապես աշխատանք է կատարվելու: Միաժամանակ նշեմ, որ մեր դիմումատուների համար մենք շարունակելու ենք երաշխավորել օրենքով պարտադիր գաղտնիության պայմանները, այսինքն՝ մեր համագործակցությունը երբեք չի լինելու ի վնաս որևէ քաղաքացու»,- իր հերթին նշեց Կարեն Անդրեասյանը:
Ստորագրված փաստաթղթով նախանշվել են հստակ կառուցակարգեր՝ մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու նպատակով։
Մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանը և Քննչական կոմիտեն համաձայնել են կազմակերպել քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած խնդիրների համատեղ քննարկումներ, յուրաքանչյուր տարվա արդյունքներով անցկացնել խորհրդակցություններ։
Հուշագրի համաձայն՝ Օմբուդսմենը քննչական կոմիտեին միջնորդում է քննարկել վերջինիս իրավասությանը վերաբերող մարդու իրավունքների և ազատությունների խախտման դեպքերը, մարդու իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ ամենամյա կամ հատուկ զեկույցի մշակման ընթացքում հաշվի է առնում Քննչական կոմիտեի առաջարկություններն ու նկատառումները:
Իսկ Քննչական կոմիտեն իր իրավասության շրջանակում Օմբուդսմենի աշխատակազմից օրենքով սահմանված կարգով և պայմաններով տեղեկատվություն է հայցում մարդու իրավունքների և ազատությունների խախտումների փաստերի վերաբերյալ, այդ փաստերի մասին ամենամյա կամ հատուկ զեկույցի մշակման ընթացքում առաջարկություններ է ներկայացնում հիշյալ խախտումների նախականխման և վերացման ուղղությամբ, առաջարկ է ներկայացնում Օմբուդսմենին դիմել Սահմանադրական դատարան՝ Քննչական կոմիտեի ծառայողների կողմից կիրառման ենթակա նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով։
Կողմերը պայմանավորվել են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կհրավիրվի մասնակցելու ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստերին՝ օրակարգում ընդգրկված` մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հարցերի կապակցությամբ, կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի հարցումների համակողմանի քննարկումն ու պատճառաբանված պատասխանի տրամադրումը:
Մարդու իրավունքների պաշպան
Քննչական կոմիտե