▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխիայի մայրամուտը. ինչու՞ ձերբազատվել «Ծառուկյան Գագիկ» պրոյեկտից

Փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը պետք է անկյունաքարային համարել: Ըստ էության, հանրապետությունը փակում է իր պատմության հերթական էջը՝ ազդարարելով 2000-ականների սկզբներին ձևավորված օլիգարխիկ համակարգի կրախը: Նախագահի ելույթն ու հաջորդած քայլերը վաղուց էին սպասված, քանզի տնտեսությունը կլանած օլիգարխիան, հասնելով իր հզորության գագաթնակետին, պատրաստվում է հաջորդ ցատկին, այն է՝ ամբողջապես յուրացնել պետական կառավարման համակարգը:

Ներկայիս գործընթացի քաղաքագիտական գնահատականը մեկն է՝ ՕԼԻԳԱՐԽԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃԳՆԱԺԱՄ: Այս համակարգը կայացել է 2000-ականների սկզբներին, երբ ժամանակի իշխանությունը ուժային ոլորտի վրա հենվելուց զատ ստեղծեց նաև օլիգարխիկ հենասյունը: 2004-ի խորհրդարանական ընտրությունների արդյունում օլիգարխիան ամբողջ կազմով հայտնվեց պառլամենտում՝ ժամանակի իշխանությանն անվերապահ հավատարմության և առանց «նազ ու տուզի» օրենքների դակման դիմաց ստանալով նորանոր տնտեսական մենաշնորհներ: Արդեն 2007-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ օլիգարխիան պետական կառավարման համակարգ է ներթափանցել նաև ինստիտուցիոնալ իմաստով: Հավաքած ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ն դրա վառ ապացույցն էր:

ԲՀԿ-ի ստեղծումով Ռոբերտ Քոչարյանը, փաստացիորեն, որոշել էր շարունակել մասնակցությունը քաղաքական գործընթացներին իր իսկ ստեղծած իստիտուցիոնալ օլիգարխիայի խողովակով: Մեկ օլիգարխի կերպարի շուրջ ստեղծված «Բարգավաճ Հայաստանը» դարձավ Քոչարյանի քաղաքական մասնակցության գլխավոր երաշխիքը: Հավանաբար ինչ-որ պահից Քոչարյանին սկսեց չբավարարել իշխանության մեջ ներգրավվածության չափաբաժինը կամ էլ վտանգ զգաց, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը դառնալու գործում իշխող կոալիցիայում հարմար տեղավորված ԲՀԿ-ի ապագան՝ որպես հետագա գործընթացներին մասնակցելու խողովակ և իշխանության վերադառնալու պլացդարմ, խիստ մշուշոտ է, ուստի սկսվեց «ընդդիմադիր-ալյընտրանք» ձևաչափով խաղը:

Իր մեջ շանտաժի հստակ տարրեր պարունակող այս խաղի ավարտը կարելի է համարել 2015թ.-ի փետրվարի 12-ը, երբ նախագահ Սարգսյանը հստակ ազդակներ հղեց առ այն, որ օլիգարխիկ համակարգը, կրկեսային քաղաքականությունը և բուտաֆորիկ իրավիճակն այսուհետ տեղ չեն ունենալու քաղաքական գործընթացներում: Ըստ էության, վերացնելով «Ծառուկյան Գագիկ» պրոյեկտը՝ նախագահն ազդարարում է նոր իրողությունների մասին: Բացատրությունները կարող են տարբեր լինել: Ստեղծված աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակը, Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականության մեծացումը և Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան տնտեսական սանկցիաների հետևանքով Հայաստանում սպասվելիք սոցիալ-տնտեսական իրավիճակի լարվածության մեծացումը ստիպում է պետական իշխանությանը պատրաստվել լուրջ մարտահրավերների:

Անկասկած, այդ մարտահրավերներին դիմագրավելու համար ներկայիս քաղաքական համակարգը ոչ մի լուրջ ռեսուրս չունի, որովհետև համակարգի ընդդիմադիր հատվածի ղեկավարը Ծառուկյան Գագիկն է՝ այստեղից բխող հետևանքներով: Ղարաբաղում պատերազմը հաղթեց մի իշխանություն, որի ընդդիմությունը Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն էր: Ադրբեջանը տանուլ տվեց պատերազմը, որովհետև Աբուլֆազ Էլչիբեյի ընդդիմությունը կիրովաբադցի մեծահարուստ Սուրեթ Հուսեյնովն էր, ով ինչ-որ պահի որոշեց, որ չարժե պատերազմը շարունակել Ղարաբաղում, Ստեփանակերտում չէ փողը, այլ՝ Բաքվում, և իր շարասյունները Ղարաբաղի հյուսիսից շրջեց դեպի Ափշերոնի թերակղզի: Հետևանքը եղավ այն, որ օգտվելով Բաքվում ստեղծված քաղաքական քաոսից՝ հայկական ուժերն ազատագրեցին Արցախը շրջապատող 5 շրջաններն ու Ադրբեջանին զինադադար պարտադրեցին:

Բացի դրանից, ակնհայտ է, որ ներկայիս օլիգարխիկ տնտեսական մոդելը փակուղում է: Մենաշնորհների արդյունքում մի քանի ընտանիքի հաշիվների վրա կուտակված կապիտալը կամ արտասահման է հոսում, կամ էլ վերածվում է շքեղության՝ թանկարժեք առանձնատների ու մեքենաների շարասյունների տեսքով: Եթե անկեղծ, ապա այսպես շարունակելու դեպքում Հայաստանի տնտեսության կրախի օրը շատ հեռու չէ: Անհրաժեշտ է տնտեսությունն ազատականացնել, որի առաջին քայլը քաղաքական համակարգից ինստիտուցիոնալ մակարդակով մենաշնորհային կապիտալի պահապաններին դուրս մղելն է: «Գագիկ Ծառուկյանն այս երկրի համար չարիք է» արտահայտությունը պետք է հասկանալ ոչ թե անձնական, այլ տեսակային առումով: ՀՀԿ-ում էլ կան «Ծառուկյան Գագիկներ», և բոլորի համար պարզ է նախագահի ելույթի նաև «ստորջրյա հատվածը», այն է՝ «бей чужих, чтоб свои боялись»:

Կասկածից վեր է, օլիգարխիայի մայրամուտը շուտվանից էր հասունացել: Լինելով պետական գործիչ՝ Սերժ Սարգսյանը լավ է հասկանում պետականության առջև ծառացած խնդիրների լրջությունը: Ուստի և «Ծառուկյան Գագիկ» պրոյեկտից ձերբազատվելը ինքնաբերաբար հանգեցնելու է օլիգարխիայի մայրամուտին: Ամենայն հավանականությամբ, մաքրված քաղաքական դաշտում դերակատարություն կստանան գաղափարական ուժերը, որոնց քաղաքական մոտիվացիան պայմանավորված չի լինի միայն տնտեսական մենաշնորհների պահպանմամբ ու ավելացմամբ: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի համար պատմական նշանակության քայլ է անում՝ վերացնելով ինստիտուցիոնալ օլիգարխիան, ազդարարելով տնտեսությունն ազատականացնելու սկիզբն ու հանուն տնտեսական շահերի պետականությունը կլանելու փորձերի ավարտը:

 

Միհրան Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին