Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի ուղղաթիռի ամերիկահայ օդաչու Արա Զոբայանը կործանվելու առաջ, վերջին պահին կարողացել է շեղել ուղղությունը Լոս Անջելեսի արվարձանի բնակելի թաղամասից, հաղորդում է ամերիկյան WFAA հեռուստաալիքը։
600 մետր բարձրություն հավաքելուց հետո ուղղաթիռը սկսել է ընկնել եւ բախվել է մոտ 420 մետր բարձրությամբ լեռնային թեքության։ Այդ պահին ուղղաթիռի արագությունը եղել է 300 կմ/ժամ, անկման ուղղահայաց արագությունը՝ 20 մ/վայրկյան, հաղորդում է ESPN-ը։
Հավելենք, որ Ռադարի տվյալների համաձայն՝ ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդել քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին:
Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել:
Վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնց մեջ է նաև մարզիկի 13-ամյա դուստրը՝ Ջիաննա Մարիա-Օնորեն:
Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ վթարի պահին Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:
Բրայանտն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգ չեմպիոնական տիտղոսների է արժանացել: