▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի դեպքում Ղարաբաղը Հայաստանին չտալը Միկոյանի համար կյանքի ու մահվան խնդիր էր

Այն վստահությունը, որ ունեն Միկոյանի զավակներն ու թոռներն իրենց հոր ու պապի բարոյականության, առաքինությունների, մարդասիրության վերբարյալ, հավանաբար անկեղծ են: Անշուշտ նրանցից ոմանք տեսել, զգացել են նրա տագնապներն ու ապրումները, հատկապես քառասնականների վերջին, երբ Ստալինը զգալիորեն սառն էր վերաբերում Միկոյանին, և վերջինս, իհարկե, ուներ հովանավորությունը կոցրածի բոլոր վախերը: Նրանք, անշուշտ, չափազանցում են դեստալինացման գորխում Միկոյանի դերը, հատկապես՝ Ստալինի մահից անմիջապես հետո, երբ բոլորը շփոթված էին:

Մինչև Բերիան չգնդակահարվեց՝ Միկոյանը, գոնե բարձրաձայն, ոչինչ չի ասել «անհատի պաշտամունքի», ԽՍՀՄ բռնատիրության, կործանված մարդկանց, մտավորականների ոչնչացման, հասարակական անբարոյականացման մասին: Կամ՝ խոսել է միայն տանը: Չէ՞ որ այդ պահպանողական ընտանիքում նրա զավակներին սովորեցնում էին ընտանեկան համերաշխության և ավագներին հնազանդության: Տարօրինակ այլ բան է, այն, որ ամենևին չեն ուզում տեսնել, լսել կոնկրետ երևույթները և մի փոքր խորհել այդ մասին: Ի՞նչ է, նրանց սրտերն ամբողջովին քարացե՞լ են իրենց անցյալի տագնապների շրջանում:

Թերևս, այլապես ինչե՞ս են այդ մարդիկ բացատրում, օրինակ, այն հասարակ հանգամանքը, որ ՆԳԺԿ քսանամյակի հոբելյանական իր ելույթում նա մեծագույն գովեստով է խոսում ամեն մարդկային բան մոռացած, նույնիսկ իր կնոջը զոհասեղանին դրած Եժովի մասին և, նկատի ունենալով չարաբաստիկ 1937թ., իր խոսքն ավարտում է «Славно поработало НКВД за это время!» պաթետիկ բացականչությամբ: Օրինակ, եթե նա այդպիսի վերջաբան չունենար, Ստալինը նրան պիտի սպանվե՞լու ուղարկեր: Եժովը նրան բանտարկե՞լու էր: Կամ՝ ինչպե՞ս չեն տեսնում պիոներներ դաստիարակելու միկոյականական ահավոր ելույթը՝ գնացեք, ձեր հարազատ հայրերի՛ն մատնեցեք, դարձե՛ք մեր երկիրը կառուցող մարտիկներ: Ահա, ընկերներ, մեր լուսավոր ապագան: Մատնություն, սպանություններ, քծնանք... Այս երկերեսությունը, այս կրկնակի արժեքները, իրականի հավերժական լռությունը և կեղծի բարձրաձայնումը...

Իհարկե, ավելորդ է սպասել ընտանիքի անդամների մեկնաբանություններին այնպիսի անկարևոր խնդիրների շուրջ, ինչպիսին Թուրքահայաստանի նկատմամբ Միկոյանի ծրագիրն էր, կամ՝ «Ոչ մի, ո՛չ մի դեպքում Ղարաբաղը Հայաստանին չտալ» իր համար կյանքի ու մահվան հարց դարձած խնդիրը... Հավանաբար նույնիսկ չգիտեն էլ, կամ, իմանալու դեպքում՝ պարզ պատասխան ունեն,- «մեր հայրն ամբողջ կյանքում խղճի խայթերից տանջվում էր»: Գուցե և տանջվում էր: Այդ դեպքում ի՞նչն էր նրան խանգարում հիսունական թվականներից հետո մինչև իր մահը խոսել, գրել իր խիղճն այդքան տանջող երևույթների իրական պատմությունը, կամ՝ այդ պատմություններն այնպես, ինչպես ինքը գիտեր: Բացի կիստա-պռատ «մենք սրիկաներ էինք»-ից ոչինչ չթողեց: Լավ, իր շուրջը կատարվող ամենօրյա մարդասպանություններին այդքան «չմասնակցած» մարդը բա գոնե հետագա սերունդներին չթողե՞ց իր պատկերացումը, թե ինչպե՞ս էր հնարավոր ամեն օր հազարավոր մարդկանց մահվան, համակենտրոնացման ճամբարներ ուղարկել, երեխաներին որբանոցներ ուղարկել, ամեն օր սարսռալ մահվան տագնապից և շարունակել ապրել այդ մսաղացում:

Գոնե այդքանին տեղյա՞կ էր: Իսկ իրենք՝ որդիներն ու թոռները իրականում տեղյա՞կ են, թե գիտեն միայն «անհատի պաշտամունքի» մասին խրուշչյովյան ճառով: Հիմա մեզ հայտարարում են, որ իրենց հայրը ղեկավարում էր ապաստալինացումը... հավանաբար ճիշտ նույն կերպ, ինչպես մասնակցում էր ստալինացմանը: Երկու դեպքում էլ հանձնարարություն էր կատարում: Ինչու՞, ինչու՞ պիտի մարդիկ հավատան, որ 37թ. ՆԳԺԿ-ն փառաբանող մարդը դա աներ հարկադրաբար, իսկ հիսունականներին ապաստալինացումը աներ կամավոր: Աշխատանք էր՝ անում էր: Մի դեպքում այդ աշխատանքի հետևանքով մարդիկ էին սպանվում, մյուս դեպքում՝ ազտավում էին: Եթե առաջինում նրա դերակատար չէր, այլ կատարող էր, ինչու՞ և ինչպե՞ս հավատալ, որ երկրորդ դեպքում դերակատար էր, կատարող չէր:

Հրանուշ Խառատյան

Հիշեցնենք, որ հասարակության լայն շրջաններ բողոքում են   Հայաստանի մայրաքաղաքում Անաստատ Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ Երևանի ավագանու որոշուման դեմ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին