Նյու Յորքի իշխանությունները, տեղեկանալով change.org կայքում հանրային արշավի մասին, որը պետիցիայով քաղաքի ղեկավարությանը հորդորում է Նյու Յորքի Քվինս թաղամասի փողոցներից մեկը վերանվանել տաղանդավոր գրող Սերգեյ Դովլաթովի անունով, սկսել է այդ հարցը քննարկել` չսպասելով պահանջված 20 հազար ստորագրության լրանալը:
Այս մասին գրում է znak.com կայքը` նշելով, որ այս պահի դրությամբ պետիցիան ստորագրել են 17 հազար մարդ:
Հայ-հրեական ծագումով ռուսական գրող Սերգեյ Դովլաթովի հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ , գրականության սրբագրիչ Նորա Սերգեի Դովլաթյանը։
1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում (Այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը , Իոսիֆ Բրոդսկին և ուրիշները։
Սերգեյ Դովլաթովը վախճանվել է 1990-ի օգոստոսի 24-ին: Թաղված է Նյու Յորքի Քվինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում։