Տևական ժամանակ է, ինչ ուկրաինացի ցուցարարները համացանցում տեղադրում են Վիկտոր Յանուկովիչի «Մեժիգորյե» նստավայրում գտած «ձեռքբերումները», որոնց թվին են դասվում ոսկուց պատրաստված հացը և ցնցուղը:
Արդեն տեղեկացրել էինք, որ համացանցում հայտնված` Վիկտոր Յանուկովիչի ամառանոցի լուսանկարներից հայ օգտատերերի ուշադրության կենտրոնում հատկապես հայտնվել էր Գագիկ Ծառուկյանի նվիրած ՆՈՅ կոնյակի տակառը` ԲՀԿ առաջնորդին պատկանող գործարանից:
Սակայն կոնյակի տակառից բացի այսօր CNN-ը հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցից մեկում կարող ենք կրկին հայկական արտադրության ՆՈՅ կոնյակ տեսնել, որը, ինչպես երևում է պիտակից, Ուկրաինայի նախագահը ստացել է իր 61-րդ տարեդարձի կապակցությամբ: Հիշեցնենք, որ այսօր համացանցում ապատեղեկատվություն էր տարածվել, ըստ որի Վիկտոր Յանուկովիչը մահացել է սրտի կաթվածից: