Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց հերթական որոշումը և խնդրեց Հովիկ Աբրահամյանին քննարկման համար երեք օր ժամանակ հատկացնել: Ինչին ի պատասխան վարչապետը զայրացրեց արձագանքեց. «Չեմ հասկանում, ամեն հարցի համար ասում եք` երեք օր ժամանակ, երկու օր ժամանակ: Նորմալ աշխատեք, ի՞նչ է պատահել, չեմ հասկանում, ձեր նպատակն ի՞նչ է»:
Հովհաննես Մանուկյանը դիտարման վերաբերյալ ասաց, որ ժամկետների պահանջն աշխատանքային պրոցեսով է պայմանավորված, սակայն այդ պատասխանն էլ չբավարարեց վարչապետին. «Աշխատանքային պրոցես է, ուրեմն` մինչև կառավարության նիստն այդ ամեն ինչը ավարտեք: Մենք այստեղ լսում, պայմանավորվում ենք, որ դուք հետո ինչ-որ բան փոխե՞ք: Չեմ հասկանում` դա ի՞նչ ոճ է: Կառավարության նիստում հաստատվելուց հետո ոչ մի բան չի փոխվելու: Եթե կառավարությունը տալիս է համաձայնություն, ուրեմն բովանդակային ոչ մի բան չպետք է փոխվի»:
Վարչապետը նաև հավելեց, որ տվյալ նկատողությունը վերաբերում է բոլոր նախարարներին. «Ինչ հարց քննարկեցինք, երկու-երեք օր խնդրեցիք: Արդեն ավանդույթ եք սարքում»:
Նշենք, որ Հովհաննես Մանուկյանն այսօր պետք է մի շարք օրակարգային հարցերի պարզաբանումներ ներկայացներ լրագրողներին, սակայն լրագրողների հարցերի տարափի արդյունքում (նախարարից հետաքրքրվում էին, թե նա ինչպես է վերաբերում Սուրիկ Խաչատրյանի վերանշնակմանը), առանց պատասխաններ տալու հեռացավ սրահից։
Կարդացեք նաև` «Չեմ հասկանում` ալարում ե՞ք խոսել. Հովիկ Աբրահամյանը՝ Արտեմ Ասատրյանին»
Տեսանյութն` azatutyun.am-ի