Դարձյալ քիմիական զենքի վերաբերյալ շահարկումներ Սիրիայում «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան» հայտարարել է, որ կառավարական ուժերը մարտի 28-ին կրկին քիմիական զենք են կիրառել՝ այս անգամ արդեն Դամասկոսի Հարասթա արվարձանում, ինչի հետևանքով զոհել է 3 հոգի, և տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Ի պատասխան՝ ՄԱԿ-ում ՍԱՀ ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին նույն օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեղադրելով հակակառավարական զինյալներին քիմիական զենքով բեռնված բեռնախցիկների վրա կրակ արձակելու մեջ: Ըստ սիրիացի դիվանագետի՝ Լաթաքիա նահանգի հյուսիսային շրջանների վրա հարձակված «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Ահրար ալ-Շամ» խմբավորումները հարվածել են Լաթաքիայի նավահանգստում նորվեգական և դանիական նավեր բեռնվելուն պատրաստ սիրիական քիմիական զենքի հերթական խմբաքանակի վրա՝ նպատակ ունենալով խափանել պաշտոնական Դամասկոսի ստանձնած պարտավորությունների իրացման գործընթացը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2118 բանաձևի համաձայն:
Գրեթե միաժամանակ թուրքական, իսրայելական և արաբական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ իսրայելական հատուկ ծառայությունները տեղեկացրել են թուրքական իշխանություններին, որ Սիրիան պատրաստվում է պատասխանել Թուրքիայի հնարավոր հարձակումներին քիմիական զենքի կիրառմամբ:
Ինչևիցե, վերոնշյալից դատելով, եզրահանգումը մեկն է. Արաբական Հանրապետություն ներխուժելու Անկարայի ծրագրերի, սադրիչ գործողությունների բացահայտումից ու ձախողումից հետո Սիրիայի դեմ արտաքին ներխուժման նոր պատրվակներ են որոնվում և հրահրվում: Պարզից էլ պարզ է, որ նման ներխուժման ամենակարճ ճանապարհը դարձյալ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ լուրերի շրջանառումն է, որի հակընդդեմ, պատժիչ քայլը հենց արտաքին ռազմական ներխուժումն է, ինչի համար անհրաժեշտ իրավական հիմնավորում է հանդիսանում հենց ՄԱԿ-ի ԱԽ-ի վերոնշյալ բանաձևը: