▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր պատերազմի հրամայականը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջացած էյֆորիան կամաց-կամաց իր տեղը զիջում է հանրային հիասթափությանը: Այդ էյֆորիայի հիմքում հասարակական համախմբվածությունն էր, Լեռնային Ղարաբաղը, Ղարաբաղով` նաեւ Հայաստանը պաշտպանելու մղումը, այդ մղման արդյունքում՝ սահմանին կանգնած զինվորների իսկական հերոսությունները:

Ինչպես այդ օրերին ասում էին գրեթե բոլորը, այդ էյֆորիան, էներգիան բացառիկ շանս էր բոլորի, բայց առաջին հերթին՝ իշխանության համար` նախկին արատավոր գործելակերպը դադարեցնելու, իսկապես սթափվելու համար: Իշխանությունը կարող էր եթե ոչ՝ կտրուկ քայլերով, ապա՝ գոնե համապատասխան ազդակներով ցույց տալ, որ պատրաստ է փոփոխություններ կատարել ներքին կյանքում` տնտեսական մենաշնորհների վերացման, ստվերային տնտեսության իրական` խոշորների հաշվին կրճատման, ներքաղաքական հարաբերությունները, քաղաքական օրակարգը ճղճիմ մակարդակից բարձրացնելու ուղղությամբ:

Իշխանությունը կարող էր վերջապես` զգալով հասարակության աջակցությունը, վերականգնել արժանապատիվ հարաբերություններն առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, դուրս գալ ստորադասի, կցորդի կարգավիճակից: Այդ ուղղությամբ ապրիլյան առաջին օրերին կոնկրետ քայլեր կատարվեցին, հնչեցին համապատասխան հայտարարություններ, որոնք, թվում էր` հիմք են դառնալու արտաքին քաղաքականության վերանայման, իրական վերանայման ու Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար:

Սակայն դա տեւեց ընդամենը մի քանի օր, եւ Ռուսաստանից ունեցած օրգանական վախը վերագտավ իր տեղը Հայաստանի իշխանությունների ու ոչ միայն՝ իշխանությունների, նաեւ շատ ընդդիմադիրների հոգիներում ու մտքերում, տեղ գտավ այնքան, որ սկսեցին համարյա Ռոգոզինին կրկնող հայտարարություններ անել` կրկնելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն արդարացնող բարբաջանքները:

Իշխանությունը բացառիկ շանս ուներ ապրիլի սկզբին առաջացած էյֆորիան պահպանելու եւ էմոցիոնալ այդ հոգեվիճակը կառուցողական հուն տեղափոխելու համար, բայց այդ շանսը կարող է կորցնել վերջնականապես՝ հեշտությամբ ու միանգամից, առանց աչք թարթելու:

Հասարակությունը տեսավ ու լսեց, մտածեց ու զգաց, որ մինչ ինքը համախմբվեց նվիրական գաղափարի շուրջ, իշխանությունը` առանձին անհատներով ու ամբողջության մեջ, համախմբվեց հանրությունից պաշտպանվելու, հանրությունից կտրված իր դիրքն ու հանրության հաշվին կուտակված հարստությունը պահպանելու բնազդային վախի շուրջ:

Հանրությունը տեսավ ու լսեց, մտածեց ու հասկացավ, որ սեփական զավակների կյանքի գնով կարողանալով արժանի հակահարված հասցնել արտաքին թշնամուն, անզոր է ներքին թշնամու դեմ: Հասարակությունն իր զավակների կյանքի գնով հաղթեց մարտի դաշտում, բայց նրանից հերթական անգամ խլվեց հաղթանակը:

Պատերազմը բացահայտեց հայ հասարակության համար մեկ այլ պատերազմի անխուսափելիությունը: Թե ե՞րբ դա տեղի կունենա, կախված է հասարակությունից, քանի որ պատերազմը բացահայտեց նաեւ, որ հասարակությունը Հայաստանում պատասխանատու միակ սուբյեկտն է` մնացած բոլոր սուբյեկտների, առաջին հերթին` պետության բացակայության պայմաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին