Հ. Հարությունյան, Մ. Իոնեսկու
Հայերի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ թուրք-բըսեսկուական համագործակցության հերթական պտուղները Ռումինիայում
Այսօր ամբողջ աշխարհում կարծիք ձևավորողը ԶԼՄ-ներն են. ինչ կոնտեքստում ներկայացնեն, այդպես էլ կընկալվի ժողովրդի մեծամասնության կողմից: Ներկայիս պայմաններում բավականին հեշտ է ինչ-որ հարցի կամ որևէ անհատի անվան շուրջ մի քանի ժամում կարծիք ձևավորել՝ շատ հաճախ այդ նույն մի քանի ժամում խորտակելով մի քանի տասնյակ տարիների գործը: Իսկ երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը, ապա չպիտի մոռանանք, որ և ոչ մի երկրում բնակչության շուրջ 99%-ը ուղղակի չի կարող իմանալ, թե իրականում ինչ պրոցեսներ են տեղի ունենում իշխանության վերնախավում և չգիտակցելով այդ փաստը՝ հասարակությունն ավելի հեշտ է դառնում մատուցված ինֆորմացիայի զոհը: Ինչևէ:
Այսօր ռումինական հասարակությունը կանգնած է նմանօրինակ մի հարցի առջև, որի առանցքում Ռումինիայի արդեն նախկին նախագահ Տրայան Բըսեսկուի (2004-2014թթ.), ինչպես նաև նոր իշխանությունների որոշ օղակների և թուրքական իշխանությունների միջև համագործակցությունն է՝ կապված հայկական բազմաթիվ հարցերի հետ (ընդհուպ մինչև Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ), որոնց առանցքային կետերում սենատոր Վարուժան Ոսկանյանն է ու իրեն առաջադրված մեղադրանքները՝ սկսած 2006թ. մինչև օրս (որոնց մասին կխոսենք ստորև), մի համագործակցություն, որը խորացել է Բըսեսկուի կառավարման տարիներին և շարունակվում է նույնիսկ նրա հեռանալուց հետո՝ ընդգրկելով ռումինական նոր իշխանությունների որոշ օղակներ: Կարճ ասած՝ հիմքը դրված է, շարունակողն էլ կա: Բայց նախ՝ ամեն ինչ սկզբից և հերթով:
1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից իրականացված, իր նախադեպը չունեցող (բայց, դժբախտաբար, նախադեպ դարձած) ցեղասպանությունը խլեց շուրջ 1,5 միլիոն հայի կյանք, ովքեր էլ հասցրին, փախան այլ երկրներ: 1930-ական թթ. վերջին Հիտլերն էր, որ պիտի Հրեական հոլոքոստից առաջ հայտարարեր «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածի մասին: Վաղը ոչ ոք չի հիշելու հրեաների մասին»: Թուրքիան այսօր կտրականապես մերժում է Հայոց ցեղասպանությունը՝ նույնիսկ բանտեր ուղարկելով և տարբեր տեսակի ճնշումների ենթարկելով այն թուրքերին, որոնք քաջություն ունեն բարձրաձայն խոսելու Հայոց ցեղասպանության մասին (այո, այո, դա հենց այն Թուրքիան է, որը պատրաստվում է մտնել Եվրամիություն), որի ճանաչումը իրականում պետք է լինի յուրաքանչյուր երկրի բարոյական պատասխանատվությունը՝ կանխարգելելու մինչ օրս շարունակվող նման դեպքերը (Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է ավելի քան 20 երկրների կողմից, այդ թվում՝ Ֆրանսիա, Բելգիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Հունաստան, Շվեդիա և այլն): Վարուժան Ոսկանյանի պապերը հենց այդ՝ պատմական Հայաստանից մազապուրծ եղած հայեր են, որոնք հաստատվեցին Ռումինիայում, իսկ ինքը դարձավ հայկական սփյուռքի այն ազդեցիկ դեմքերից մեկը, որն ազատ բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության մասին՝ դառնալով Թուրքիայի «թշնամիներից» մեկը: Գաղտնիք չէ, որ թուրքական իշխանությունները՝ նախագահից մինչև ստորին պաշտոնյա, առնվազն վերջին 30 տարում չեն դադարում պաշտոնապես ու ոչ պաշտոնապես թշնամի հայտարարել բոլոր այն հայերին (հիմնականում հայկական սփյուռքի ներկայացուցիչներին), ովքեր արդարություն են պահանջում այսօրվա Թուրքիայից, որի այսօրվա իշխանական Էրդողան-Դավութօղլու երկյակը բացահայտ նշում է Հայկական սփյուռքի դեմ կռիվ տալու անհրաժեշտության մասին (իհարկե, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեծագույն աջակցությամբ, քանի որ Հայաստանը այդ երկրի հետ գտնվում է պատերազմական դրությունում):
Վ. Ոսկանյանի դեպքում ամեն ինչ սկսվում է 1990թ., երբ նա դարձավ Ռումինահայոց միության պատգամավորը Խորհրդարանում և հենց այնտեղ բազմիցս խոսեց Հայոց ցեղասպանության մասին՝ ենթարկվելով թուրքական տարբեր տրամաչափի գործիչների հակազդեցությանը: Սակայն գագաթնակետը դարձավ 2006 թվականը, երբ Վ. Ոսկանյանը Ռումինիայի եվրակոմիսարի թեկնածուն էր և պատրաստվում էր զբաղեցնել այդ հեղինակավոր պաշտոնը: Նախագահ Բըսեսկուի անթաքույց հովանավորությամբ և թուրքական լոբբիի մեծագույն աջակցությամբ Ռումինիայում բարձրացվեց աննկարագրելի մի վայնասուն՝ Վ. Ոսկանյանը մեղադրվեց ժամանակին Կոմունիստական վարչակարգի գաղտնի ծառայության՝ Սեկուրիտատեի լրտես լինելու մեջ: Բարձրացված աննախադեպ սկանդալը ԶԼՄ-ների միջոցով 2-3 օր շարունակ մեղմ ասած հեղինակազրկեց Վ. Ոսկանյանին, իսկ նման վայնասունի պարագայում ու՞մ էր հետաքրքրում անմեղության կանխավարկածը (ճիշտ նույնը և այսօր՝ շատերը նրան մեղադրում են և նույնիսկ արդեն <<դատավճիռներ>> կարդում): Ի վերջո, մեղադրանքները հերքվեցին բացառապես բոլորի կողմից, բայց հեղինակազրկված Ոսկանյանը եվրակոմիսար չդարձավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Խ.Մ. Բարոզոյի հետ քննարկման արդյունքում՝ հրաժարվելով թեկնածությունից «Ռումինիայի հեղինակությունը և պատիվը կասկածի տակ չդնելու համար», ինչպես հրապարակայնորեն նշեց հենց ինքը՝ ավելացնելով, որ «Եվրոպայում պարզապես ապշած էին, թե ինչպես կարող է երկրի նախագահը այդպիսի դավադրություն կազմակերպել սեփական թեկնածուի դեմ»: Այդ օրերին շրջանառվող հիմնական տեղեկությունն այն էր, որ թուրքական իշխանությունները և լոբբիստական ուժերը, չհաջողելով Եվրոպայում, շատ հեշտությամբ հաջողեցին Ռումինիայում իշխանության բարձր օղակների աջակցությամբ: Ի դեպ, այս տեղեկությունը հաստատվել էր ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպական տարբեր ուժերի կողմից, բայց գնացքն, ինչպես ասում են, արդեն գնացել էր:
Եթե թուրք-ռումինական հարաբերությունների խորացումը տնտեսական և քաղաքական տեսանկյունից կարելի է հասկանալ, ապա, այնուամենայնիվ, դժվար է հասկանալ այդ դեպքից հետո ամբողջությամբ թուրք-ադրբեջանական ազդեցության տակ ընկած նախագահ Տ. Բըսեսկուի բազմաթիվ հակահայկական արտահայտություններից գոնե երկուսը՝ 2007 և 2011թթ., որոնք մեծ սկանդալ առաջացրին և՛ Ռումինիայում, և՛ Հայաստանում: Առաջինը 2007թ. էր, երբ հիվանդանոցից դուրս գալիս (որտեղ բուժում էր ստացել), սեղմելով ռումինահայ բժիշկ Միրչա Գեմիջյանի ձեռքը, Բըսեսկուն ասաց. «Վերջապես ես էլ եմ տեսնում մի լավ հայ», ապա ուղղեց ինքն իրեն՝ «իրավասու հայ»: Այսինքն, մի՞թե մարդը կարող է այնքան անպատկառ լինել, որ դրանից մի տարի առաջ Հայաստանում լինելով, հայ բազմաթիվ պաշտոնյաների հետ հանդիպելով ու ջերմ ընդունելության արժանանալով հանդերձ՝ այդ կարգի խտրականություն և, ինչու ոչ, ռասիզմ պարունակող հայտարարություն անել: Արդյո՞ք Բըսեսկուին չէր հետաքրքրում, թե ինչ պիտի ասեն հայ բոլոր քաղաքական գործիչները՝ նախագահից մինչև ստորին պաշտոնյա, Ռումինիան ներկայացնող առաջին դեմքի մասին, թե՞ իրեն միայն թուրք-ադրբեջանական իշխանական օղակների աչքին շողոքորթելն էր հետաքրքրում: Հատկանշական է, որ Բըսեսկուի պահվածքը անխնա քննադատեցին բազմաթիվ ռումինացի գործիչներ:
Իսկ ահա 2011թ. դեպքը Բըսեսկուի բարոյական նկարագրի հենց այդ ցայտուն դրսևորումներից էր, երբ, խախտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի մինչ այդ ձեռք բերած բոլոր պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները, Ադրբեջանում բառացի հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»: Հայաստանում հակաբըսեսկուական մեծ ալիք բարձրացավ և ընկալվեց որպես Ադրբեջանին հաճոյանալու էժանագին և անբարոյական քայլ, իսկ Արտաքին գործերի փոխնախարար Շ. Քոչարյանը կոշտ հակադարձեց՝ «Չէի ցանկանա հավատալ, որ Եվրոպական Միության անդամ որևէ երկրի ղեկավար նման կողմնակալ և ապակառուցողական հայտարարություն կարող էր անել, որը հակադրվում է միջազգային հանրության մոտեցմանը, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներին և նախագահական ու նախարարական մակարդակով բազմաթիվ համատեղ հայտարարություններին»: Չմոռանանք, որ դրանից ոչ շատ առաջ՝ 2010թ. դեկտեմբերի 1-ին, Աստանայում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներն էլ (այդ թվում՝ Ռումինիան) ստորագրել էին համատեղ հռչակագիր հակամարտության սկզբունքների և խաղաղության հասնելու վերաբերյալ, իսկ Բըսեսկուի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան ոտնահարել սեփական երկրի ստորագրությունը: Որպեսզի գրվածը կողմնակալ չթվա, ավելացնենք, որ ԵՄ անդամ և ոչ մի երկրի ղեկավար իրեն թույլ չի տվել Լեռնային Ղարաբաղն անվանել Ադրբեջանի մաս, առավել ևս որ այն ոչ դեմոգրաֆիական պատկերով, և ոչ էլ պատմական կամ իրավական տեսանկյունից երբեք չի կարող համարվել Ադրբեջանի մաս, բայց դա այլ քննարկման թեմա է:
Չմոռանանք նաև 2009թ. Հայոց ցեղասպանության մասին լույս տեսած՝ Վ. Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի դեմ սկսված արշավը, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա հղեց Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն՝ համարելով, որ «գիրքը վիրավորում է թուրքերի արժանապատվությունը» (չնայած որ գրքի մեջ թուրքերի դեմ ատելություն սերմանող ոչինչ չկա՝ կարդացածները կփաստեն), իսկ հետագայում տարբեր տեսակի միջամտություններ եղան՝ խանգարելու գրքի տարածումը Ռումինիայում կամ կանխելու դրա թարգմանություններն ու տարածումն արտերկրում: Նույնիսկ շշուկներ էին պտտվում, որ ռումինական իշխանական որոշ օղակներ տպավորություն են ստեղծում, թե այդ գիրքը վնասում է թուրք-ռումինական հարաբերություններին՝ հաշվի առնելով գրքի մեծ համբավը (գրքի մասին տպագրված հոդվածները համաշխարհային մամուլում գերազանցում են 1000 էջը, Ռումինիայում այն ճանաչվել է տարվա լավագույն գիրք, մի շարք երկրներում եղել է բեսթսելլեր, իսկ թարգմանությունների թիվը շուտով կհասնի 20-ի): Իհարկե, այդ գործողությունը տապալվեց, իսկ գիրքը, ինչպես տեսանք, շարունակում է իր հաղթարշավը մինչև օրս այնպիսի ուժով, որ նույնիսկ ռումինացի մի շարք հոդվածագիրներ և մտավորականներ հենց այս գիրքն են համարում վերջին տարիներին թուրքերի զայրույթի և թուրք-ռումինական համագործակցության հիմնական պատճառը: Այդ համագործակցության ետևում կանգնած մարդկանց լկտիությունն այն աստիճանի է հասել, որ, ըստ ամենահավաստի տեղեկությունների, վերջերս Ռումինիայի բոլոր քիչ թե շատ հայտնի համալսարանների ռեկտորներին Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներից մեկի կողմից հրահանգ է իջեցվել չկազմակերպել Հայոց ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ ոչ մի միջոցառում: Ի՞նչ է սա, եթե ոչ թուրք-բըսեսկուական համագործակցության շարունակություն նոր իշխանությունների որոշ օղակների կողմից, և հետաքրքիր է՝ արդյո՞ք պատահական է, որ վերջիններս նույնպես շարունակում են հակահայկական գիծը: Այդ ինֆորմացիայի հավաստիության հիմքը տարբեր համալսարանների ռեկտորներ և պրոֆեսորներ են: Հիմա հարցն այն է, թե նրանցից քանիսը քաջություն կունենան հրապարակայնորեն հայտնելու այդ մասին, կամ գոնե այն, որ ոչ մի խնդիր չկա Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջոցառումներ կազմակերպելու, և հայերը կարող են դիմել ցանկացած ժամանակ, ինչպես ռումինացիներն ու այլ ազգեր:
Եվ, վերջապես, հասանք ամենակարևոր փուլին՝ 2013 և 2015թթ. երկու անգամ Սենատ մտցված նույն հարցին, որը ենթադրում էր Ոսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը և ապա քրեական հետապնդում սկսելը՝ կապված 2008թ. ֆինանսների և էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ ընդունած մի որոշման հետ, որով իբր «քայքայել էր ազգային տնտեսությունը»: Թողնելով բոլոր զգացմունքները և մի կողմ դնելով բոլորիս կարծիքը՝ համարում ենք նրան մեղավոր թե անմեղ իր ընդունած որոշման մեջ, սկսենք մի փոքր մեղադրանքի նախապատմությունից 2013թ., երբ Վ. Ոսկանյանը կրկին էկոնոմիկայի նախարար էր, Տ. Բըսեսկուն՝ նախագահ, թուրք-ռումինական հարաբերությունները՝ հրաշալի, իսկ Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարեցտարի ավելի էին վատանում՝ հիմնականում կապված Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:
2013թ. մեղադրանքի մասին շատ քիչ խոսվեց, իսկ Վ. Ոսկանյանը Ռումինիայում չենթարկվեց համատարած քննադատությունների և նույնիսկ վիրավորանքների՝ ի տարբերություն 2015թ.: Պատճառը, հավանաբար, այն էր, որ 2013թ., չնայած Սենատի կողմից ջախջախիչ՝ 126-25 հարաբերակցությամբ մերժվեց նրան անձեռնմխելիությունից զրկելու՝ Դատախազության դիմումը, այնուամենայնիվ, Ոսկանյանն ի վերջո հրաժարական տվեց նախարարի պաշտոնից՝ մնալով սենատոր և պահպանելով անձեռնմխելիությունը: 2015թ. փետրվարի սկզբին երկրորդ անգամ նույն տեքստը բերվում է Սենատ, որն այս անգամ հավանություն չի ստանում 71-56 հարաբերակցությամբ: Ուրեմն՝
2015թ. Դատախազության կողմից Սենատ բերված փաստաթուղթը բնույթով հակաօրինական էր և պետք է մերժվեր Սենատի իրավական հանձնաժողովում, որովհետև օրենքը հստակ ասում է, որ անձեռնմխելիությունից զրկելու դիմում երկրորդ անգամ կարող է բերվել Սենատ միայն այն դեպքում, եթե գործով կան նոր հանգամանքներ:
Սենատի իրավական հանձնաժողովում դիմումն անհիմն հավանության էր արժանացել (իբր գործով նոր հանգամանք կա) և մտցվել լիագումար նիստ: Վ. Ոսկանյանի ինքնապաշտպանությունը այս անգամ առաջին հերթին հիմնված էր այդ փաստի վրա, ինչը անտեսվեց և անտեսվում է շատերի կողմից: Նա նույնիսկ առաջարկեց հանձնաժողովի անդամներին ձեռքը դնել Աստվածաշնչին և Սահմանադրությանն ու ասել, արդյո՞ք հանձնաժողովի նիստի ընթացքում իր հարցին ի պատասխան որևէ անդամ հայտարարել է, որ կա գործով թեկուզ մի աննշան նոր հանգամանք: Առաջարկը, բնականաբար, մնաց անպատասխան, իսկ քաղաքական պատվերի լիակատար ավարտը խափանվեց միայն Սենատի անդամների քվեարկությամբ, որոնց մեծ մասը չենթարկվեց քաղաքական ճնշումներին և պահպանեց ժողովրդավարական սկզբունքները: Անկախ այն հանգամանքից, թե ինչպես կքվեարկեին սենատորները, երկրորդ անգամ բացառապես նույն գործը Սենատ բերելը խոսում է Դատախազությունում այդ գործի պատասխանատուների՝ մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, իսկ եթե խոսքը պատվեր կատարելու մասին է, ապա պետք է լինել առավել ապաշնորհ նման վատ բեմականացում կազմակերպելու համար: Թերևս հենց դրանով է պայմանավորված Վ. Ոսկանյանի հայտարարությունները Սենատում, երբ մինչև քվեարկությունը կոչ էր անում սենատորներին չդարձնել Սենատը Դատախազության գերի և տեղի չտալ ճնշումներին՝ պահպանելով պետական ինստիտուտների միջև հավասարությունը, իսկ քվեարկությունից հետո հայտարարեց, թե «այս քվեարկությունը ժողովրդավարության հաղթանակն է»: Վ. Ոսկանյանի դեմ դավադրության կոնտեքստում ոչ մի դեպքում չպետք է անտեսվի երկրի նորընտիր նախագահ Կ. Յոհաննիսի՝ քվեարկությանը հաջորդած երկու հայտարարությունները, թե «Սենատորները չհասկացան իմ առաջարկած փոփոխությունների անհրաժեշտությունը: [...] Կոռուպցիայի և կոռուպցիոներների հարցում հանդուրժող Խորհրդարանը երբեք չի ունենա քաղաքացիների վստահությունն ու հարգանքը»: Իմաստային առումով ոչինչ չունենք հակադարձելու, բայց վերջին երկու ամիսներին Ոսկանյանի դեպքը առաջինն էր, որ մերժվեց Սենատում հասարակության մի շերտում բարձրացված վայնասունի պայմաններում, իսկ նորընտիր նախագահի՝ անմիջապես հաջորդ օրն արված հայտարարությունը, բնականաբար, վերաբերում էր հենց Ոսկանյանին: Եզրակացություն՝
Եթե նույնիսկ երկրի ղեկավարն է «թքում» անմեղության կանխավարկածի վրա և հրապարակայնորեն կոռուպցիոներ անվանում Ոսկանյանին, երբ, ուշադրություն, նույնիսկ դատախազության պաշտոնական մեղադրանքի մեջ ոչ մի խոսք չկա կոռուպցիայի մասին, այլ խոսքը միայն մի որոշման ճիշտ կամ սխալ լինելու մասին է, էլ ի՞նչ կարող ենք սա անվանել, եթե ոչ քաղաքական պատվեր ռումինական հասարակության շրջանում ոսկանյանին վերջնականապես հեղինակազրկելու համար:
Ի՞նչ իրավունքով է այդ նախագահը նման ստոր կերպով արհամարհում սեփական օրենքները: Ախր, դա նույնն է, եթե մենք էլ մի օր արթնանանք ու ահաբեկչության կամ ռասիստ լինելու մեջ մեղադրենք հենց իրեն: Հենց այնպես: Արդյո՞ք սա է նրա պատկերացրած փոփոխությունները, որոնք խոստանում էր նախընտրական շրջանում: Հարգելի ընթերցողներ, չի կարելի խաղալ և ոչ մեկի ճակատագրի հետ, առավել ևս երբ դու նախագահ ես...
Իսկ հիմա պիտի տեսնենք այս ամենի հետ թուրքերի (նաև՝ ադրբեջանցիների) կապը, որով էլ ջրի երես է դուրս գալիս ամեն ինչ: 2013թ. հոկտեմբերի քվեարկությունից և նախարարի պաշտոնից հրաժարական տալուց հետո Ոսկանյանը գրեթե չէր հայտնվում քաղաքական հարցերի կիզակետում, իսկ Դատախազության մեղադրանքը մնացել էր սառեցված վիճակում: 2014թ. նախագահական ընտրություններից հետո էլ նույն վիճակն էր մինչև այն պահը, երբ Ոսկանյանը, որպես Հայոց ցեղասպանության 100-ամյակի կազմակերպման Ռումինիայի հանձնաժողովի համանախագահ, գտնվում էր Հայաստանում Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստին, որի արդյունքում, ինչպես հայտնի է, հունվարի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընդունվեց մեծ արձագանք գտած համահայկական հռչակագիրը, որը դարձավ թուրքական իշխանությունների հիմնական թիրախը: Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը հաջորդ օրը պաշտոնապես հայտարարեց, որ հայկական սփյուռքը Թուրքիայի նպատակների իրականացման հիմնական խոչընդոտներից մեկն է, և որ իրենց պայքարը հենց հայկական սփյուռքի հետ է լինելու: Դե հիմա ասեք, խնդրում եմ, արդյո՞ք պատահական է, որ Ռումինիայում շուրջ 1,5 տարվա լռությունից հետո հենց այդ հայտարարությունից 3-4 օր հետո Դատախազությունը կրկին գնում է Սենատ հայկական սփյուռքի ազդեցիկ դեմքերից մեկին Ռումինիայի հասարակության առջև հեղինակազրկելու և մի նոր թատրոն կազմակերպելու համար: Պատկերացնու՞մ եք, թե անձեռնմխելիությունից զրկելու դեպքում ինչ խայտառակ սցենարով պիտի ընթանար այդ քրեական հետապնդումը, երբ նույնիսկ վերոնշյալ տարրական հարցերն են ընթացել օրենքից կիլոմետրերով հեռու գտնվող հարթության մեջ: Ի՞նչ է սա, եթե ոչ թուրքական ուղիղ ազդեցություն ռումինական իշխանությունների այդ թևի վրա: Մի՞թե ռումինական հասարակությունը պիտի հանդուրժի իր իշխանությունների խամաճիկային կարգավիճակը Թուրքիայի հետ հարաբերություններում:
Մի քանի բան էլ զուտ մեղադրանքի էությունից. այդպես էլ շատերը չհասկացան կամ չուզեցան հասկանալ, որ Ոսկանյանի մեղադրանքում «կոռուպցիա» և «կոռուպցիոներ» բառերը չկան, այսինքն ինքը չի մեղադրվում իր որոշմամբ անձնական շահ հետապնդելու մեջ: Խոսուն տվյալներ են իր ներկայացրած հրապարակային տվյալներն իր ունեցվածքի մասին (որով նա կարող է հավակնել պաշտոնյաների ցանկում վերջին տեղերից մեկը զբաղեցնելուն), որոնք չեն հերքվել և ոչ մի կառույցի կողմից: Իսկ մեղադրանքն այն է, որ այն ժամանակ նախարար Ոսկանյանը ընկերություններից մեկին գազը վաճառել է էժան գնով, ինչի արդյունքում այդ ընկերությունը մեծ շահույթներ է ունեցել՝ այդպիսով նպաստելով տնտեսության քայքայմանը, մինչդեռ.
1) Նման որոշումներ կիրառվում են աշխարհի շատ երկրներում գործարաններ չփակելու և հազարավոր մարդկանց գործազուրկ չդարձնելու նպատակով, իսկ այդ ժամանակ մի շարք ընկերությունների ղեկավարներ սպառնում էին փակել գործարանները գազի՝ էժան չվաճառելու դեպքում (2008թ. բնական գազի գինը աշխարհում հասել էր մինչ օրս գրանցված ամենաբարձր կետին), ինչը հանգեցնելու էր համատարած գործազրկության. հատկանշական է, որ Ոսկանյանի՝ նախարար եղած տարիներին ոչ մի գործարան չփակվեց:
2) Նույնիսկ օրենքով ամրագրված է, որ էկոնոմիկայի նախարարն իրավունք ունի նման դեպքերում միանձնյա որոշումներ ընդունել, որոնք ենթադրում են ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԵՎ ՈՉ ԹԵ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ: Չնայած այդ իրավունքը ունենալուն՝ Ոսկանյանը հարցը բարձրացրել է կառավարությունում, ինչը լուրջ քննարկում էր առաջացրել և ի վերջո հավանության արժանացել: Ինչպես 2013թ. հոկտեբերին, այնպես էլ 2015թ. փետրվարին այն ժամանակվա վարչապետ Կ. Պոպեսկու-Տըրիչեանուն հայտարարեց, որ ինքը ամբողջությամբ տեղյակ է եղել այդ որոշման մասին, և որ այդ որոշումը կարող է ենթադրել միայն քաղաքական պատասխանատվություն, այլապես Ռումինիան կդառնա դատախազների պետություն:
3) Տնտեսությունը քայքայելու մեջ մեղադրել մի մարդու, ում օրոք եղել են վերջին 8 տարիների ամենամեծ ներդրումները, տնտեսական կայուն աճ (լավագույններից մեկը ԵՄ երկրների շարքում), գործազուրկների թվի նվազում, մեկ ամսվա տարբերությամբ թոշակների կրկնակի բարձրացում, առնվազն անտրամաբանական և անբարոյական է:
4) Երկրորդ անգամ առանց որևէ նոր հանգամանքի նույն փաստաթուղթը Սենատ բերելը Դատախազության կողմից զուտ տրամաբանորեն կարող է ընկալվել երկու տեսանկյունից՝ կամ պրոֆեսիոնալիզմի և օրենքների իմացության բացակայություն Դատախազությունում, կամ քաղաքական պատվեր: Երկուսի դեպքում էլ՝ խոսքերն ավելորդ են...
Մի խոսքով, մեկ բան ակնհայտ է՝ այս ամենի հիմքում կանգնած են թուրքական իշխանությունները և ռումինական իշխանության մի հատվածը (այսինքն արդեն նախկին նախագահ Բըսեսկուն, որը գործը փոխանցել է նոր իշխանություններին), որոնք էլ ջանասիրաբար շարունակում են այդ գործը Վ. Ոսկանյանին քաղաքական ասպարեզից վերջնականապես հեռացնելու համար, քանի որ այդ տրամաչափի մտավորականը, որը խոսում է վեց լեզվով, գրել է Նոբելյան մրցանակի թեկնածությանն առաջադրված գիրք և բացառիկ հարգանք է վայելում տասնյակ երկրների քաղաքական ու մշակութային գործիչների շրջանում, իրենց պարզապես պետք չէ, ավելին՝ խանգարում է, որովհետև ունի իսկական մտավորականին վայել ոչ խամաճիկային խարիզմատիկ պահվածք՝ հանրության շրջանում իրենց մղելով երկրորդ պլան, իսկ աշխարհի չորս կողմերում Հայոց ցեղասպանության մասին անկաշկանդ խոսելն ու դրա մասին մեծ անուն հանած գիրքը նրան դարձնում են նաև թուրքական իշխանությունների թիրախ: Կարճ ասած՝ թիրախն ընտրված էր դեռ մինչև 2006թ., միայն թե մեղադրանքներն էին պակասում, որոնք էլ հայտնվեցին ու դարձան դավադիր համագործակցության պտուղները:
Ամբողջ հարցն այն է, որ Ռումինիայում արդեն սպասելի է ցանկացած տեսակի աբսուրդ, նոր ոճի ու տեսակի թատրոններ, անտրամաբանական մեղադրանքներ (շատերն, օրինակ, պնդում են, որ Ոսկանյանը պիտի հրաժարվի անձեռնմխելիությունից և դատարանում ապացուցի իր անմեղությունը: Այսինքն նախկին նախարարին փորձում են ներգրավել բացառապես քաղաքական պատասխանատվություն ունեցող հարցը քրեական հարթակում լուծելու մեջ: Իսկ հետաքրքիր է, արդյո՞ք այդ մարդիկ կարող են պատկերացնել այդ իրավիճակն իրենց հետ, երբ աբսուրդ կերպով կմեղադրվեն ու սարքած թատրոնի մի մաս կդառնան):
Անկախ բոլորիս ունեցած կարծիքից՝ միայն փաստերն էլ համադրելով կարող ենք արձանագրել կարճ և կոնկրետ. նոր իշխանությունները՝ նախագահ Յոհաննիսի գլխավորությամբ, շարունակում են Բըսեսկուի անբարոյական գործունեությունը, չնայած որ չենք ցանկանում բացառել, որ նրանք կարող են լինել այդ գործունեության միամիտ և չգիտակցված զոհերը: Պետք է անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումը Վարուժան Ոսկանյանի նկատմամբ, այլապես նշված երկու տարբերակներից ցանկացածի դեպքում էլ վաղ թե ուշ պատասխան են տալու հենց այսօրվա իշխանությունները:
Անկախ ամեն ինչից կարծում ենք, որ բոլորիս պարտքն է պահպանել հայ-ռումինական դարավոր բարեկամությունը (որի մասին գրքեր ու հոդվածներ է գրել ռումինացի ականավոր պատմաբան Ն. Յորգան), ու այն ոչ մի դեպքում չպետք է խաթարվի թուրքական իշխանությունների և ռումինական իշխանությունների որոշ օղակների համագործակցության արդյունքում:
Աղբյուր` hetq.am