«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սիրելի հանձնաժողովը» քննության է առել նախկինում` վարչապետին, իսկ այժմ նրա զոքանչին փաստացի պատկանող լրատվամիջոցի հոդվածը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարել «Ժողովուրդ» օրաթերթի, «Հետքի», «Առավոտ» թերթի, Factor TV-ի և մի շարք այլ լրատվամիջոցների հրապարակումներին։
Բացի նշված ԶԼՄ-ներից` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել է նաև «Հայկական ժամանակ»-ի կողմից հրապարակված «Թագուհի Թովմասյանը պատրաստվում է «Բաքվում հող գնել, սրճարան կառուցել. Կ» վերտառությամբ, ակնհայտորեն սուտ հրապարակումը։
Մինչև բուն նյութին անցնելը, բացատրենք, թե ինչ է «Կ»-ն։
«Ժողովուրդ» օրաթերթը, փորձելով մոռացության չտալ հումորի օրը (ինչպես անում է ամեն տարի), այս տարվա ապրիլի 1-ին կատակ-լուրեր էր գրել և վերջում հավելել «Կ» մեծատառով տարբերանշանը, որպեսզի ընթերցողները տարբերակեն կատակը լուրջ նյութերից։
Այդ լուրերի շարքում էր, օրինակ, այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, և սեպտեմբերի 10-ին կլինեն նոր խորհրդարանական ընտրություններ: Այս կատակը խիստ վրդովվեցրել էր Փաշինյանին, ու նա հրահանգել էր իշխանական մի շարք պաշտոնյաների թիրախավորել «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Չբավարարվելով «Ֆեյսբուք» սոցցանցում լուտանքներ հրապարակելով` Փաշինյանը (ենթադրաբար` անձամբ, քանի որ ձեռագիրը իրենն էր) օրվա վերջում «Հայկական ժամանակ»-ում հանդես եկավ մոլորեցնող և ստահոդ, նաև վիրավորական հրապարակմամբ։
Եվ որքան էլ զավեշտալի է`Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փաշինյանական այդ սուտը քննության է առել՝ փորձելով Թագուհի Թովմասյանի գործունեության մեջ օրինախախտում գտնել, թե իբր պատգամավոր է, խմբագրական աշխատանքով է զբաղվում:
Եվ, պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանի սիրելի «Հայկական ժամանակը» ստել է` Թ. Թովմասյանի գործունեության մեջ ապօրինություն չկա:
Ահա կարդում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական հաղորդման մեջ.
«Հրապարակմանը համաձայն՝ Թագուհի Թովմասյանն իր պատգամավորական գործունեությունը համատեղում է իրեն պատկանող «Ժողովուրդ» օրաթերթում խմբագրական աշխատանքի հետ։
Հանձնաժողովն ուսումնասիրել է հրապարակման առարկան՝ անհամատեղելիության պահանջների համատեքստում։
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Թագուհի Թովմասյանն առևտրային կազմակերպությունում ունեցած իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնել նախքան Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնի ստանձնումը։
Հավատարմագրային կառավարման պայմանագիրը վերակնքվել է պաշտոնավարման ընթացքում՝ համապատասխան տվյալ պահին գործող կարգավորումներին։
Միաժամանակ, ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Ժողովուրդ» օրաթերթում վերջինիս՝ որպես խմբագրի աշխատանքը ևս դադարեցվել է 2018 թվականին, հետևապես՝ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտում չի արձանագրվել»,- գրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Այսպիսով` ստացվում է, որ իշխանության «սրտի կառույցը», որին փորձում են մտցնել իշխանության ուղղահայացի տակ, հերքում է իշխանությանը պատկանող լրատվամիջոցի ստահոդ լուրերը»: