▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է արտահերթ ընտրությունների. նոր թեզ է շրջանառվում

Թարմացված․ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդդիմադիր որոշ գործիչներ ու լրատվամիջոցներ տևական ժամանակ է փորձում են տարածել արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր։
Վարչապետի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների մասին խոսույթն ամբողջությամբ կեղծ է, նման քննարկում անգամ չկա։
Ընդդիմադիրների կողմից արտահերթ ընտրությունների մասին կեղծ խոսույթի տարածումը հանրության հույզերի հետ խաղալու հերթական անհաջող փորձն է։ Որպեսզի հետագայում մեղադրեն իշխանությանն արտահերթ ընտրությունների չգնալու համար ու փորձեն փողոցային նոր շարժում ձևավորել»:

***

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում քաղաքական դաշտում ակտիվորեն նոր թեզ է շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի վերջնական հանձնումից հետո ստեղծված այս լարվածությունը թոթափելու նոր տարբերակ է մտածել՝ գնալ արտահերթ ընտրությունների: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը որոշել է միանգամից մի քանի հարց լուծել. նախ՝ չնայած առկա մեծ դժգոհություններին՝ նա եւս մեկ անգամ կլեգիտիմացնի, կերկարաձգի իր իշխանությունը, ինչպես նաեւ խորհրդարան կբերի ՔՊ-ի սատելիտ քաղաքական ուժերին, ինչպես, օրինակ, «Հանրապետություն», ԼՀԿ, որոնք ավելորդ խոչընդոտներ չեն ստեղծի իր համար:

Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու մտադրությունը հաստատում է նաեւ այն, որ վերջին շրջանում նա հաճախակի է հանդիպում կուսակցության վարչության, ինչպես նաեւ մարզային ակտիվի հետ, որպեսզի, նախ, տրամադրություններ ստուգի, բացի սա, քննարկի արտահերթ ընտրությունների գնալու հարցը: Ավելին՝ ՔՊ-ն արտահերթ ընտրությունների գնալուց առաջ որոշել է ամրապնդել իր դիրքերը՝ ազատվելով ընդդիմադիր համայնքապետերից, որոնք կարող են հետագայում խոչընդոտ հանդիսանալ իրենց համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվել է՝ արդյոք կուսակցությունում քննարկում կա արտահերթ ընտրությունների մասով. «ՔՊ-ն արտահերթ ընտրությունների այս պահին չի պատրաստվում, մենք պարզապես ինստիտուցիոնալ կուսակցաշինության գործընթաց ենք սկսել: Վարչության նախագահն էլ վարչության անդամների հետ պարբերաբար այցելում են մարզեր, տարբեր ձեւաչափերով շփումներ են ունենում տարածքային խորհուրդների, կառույցների եւ կուսակցականների հետ: Դրանով եւ՛ գաղափարաբանական հարցեր ենք շոշափում, եւ՛ ուղիղ կապ ենք պահպանում վարչության եւ կուսակցականների միջեւ, ինչպես նաեւ կուսակցաշինության գործընթացի շրջանակներում գաղափարական արժեհամակարգային բաղադրիչն ենք ամրացնում մեր կուսակցությունում: Արտահերթ ընտրությունների գնալու հարց չի քննարկվում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին