▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նայե՛ք ես ինչ եմ հագնում, Դուք ինչ եք հագնում.Բանավեճ՝ ԱԺ-ում

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծն ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին հարց ուղղեց պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ է նշանակում ճգնաժամ.

«Դուք փաստում եք, որ երկրի քաղաքական համակարգը հիվանդ է: Արդյոք Դուք ընդունո՞ւմ եք, որ քաղաքական համակարգի անբաժանելի մաս է հանդիսանում նաև ընդդիմությունը: Հետևաբար, հիվանդ ասելով նաև որակում եք ձեզ: Կարծում եք, որ իշխանությունը կոռուպցիայի հաղթահարման դեմ ընդհանրապե՞ս քայլ չի կատարել: Խոսում եք ՀՀ-ից մարդկանց գնալու մասին.արտագաղթը հիմնականում ուղղված է դեպի Ռուսաստան: Երկիր, որտեղ Ձեր կողմից հնչեցրած քաղաքական դրսևորումներն ավելի խիստ են արտահայտված: Այդ դեպքում, ինչո՞ւ են գնում Ռուսաստան»,-հարցրեց Խոսրով Հարությունյանը:

«Ի՞նչ է ճգնաժամը հա: Այն մի վիճակ է, որը վտանգում է օրգանիզմի բնականոն գործունեությունը: Վիճակ է, որը բերում է աղետալի փլուզման: Դուք շատ լավ գիտեք, թե այն ինչ է:

Մենք հիմա շատ «պառազիտային» տնտեսություն ունենք: Իսկ իրականում ոչ մի տնտեսություն էլ չունենք: Այս վիճակը երկար չի կարող շարունակվել: Կամ պետք է մեզ արտաքին աշխարհն օգնի, ֆինանսավորի, որի հնարավորությունը չկա, կամ ավելի շատ մարդ պետք է գնա Ձեր ասած Ռուսաստան: Ճգնաժամը էլ ո՞նց է լինում: Մի պատերազմ պետք է պարտվենք, որ իմանանք՝ ճգնաժամը ո՞րն է: Մոտեցել ենք Կենտրոնական բանկի կարմիր գծին ու անցնելու ենք: Հետո ի՞նչ ենք անելու: Երկրում արմատական փոփոխություններ են պետք, դա հասկանալի չէ՞: Ինչ վերաբերում է կոռուպցիային...կարող է մի 2 ուսուցչի ձևի համար բռնել եք, բայց, եթե երկրի բարձրագույն ղեկավարությունը զբաղված է փող վերցնելով, մենք ի՞նչ կոռուպցիայից ենք խոսում: Բերանս բացե՞մ, ասե՞մ ինչեր են մարդիկ պատմում: Է, մի կոռուպցիոներ էլ Դուք եք: Երևանում մարդ կա՞, որ չգիտի Խոսրով Հարությունյանի բիզնեսները: Ինչ վերաբերում է Ռուսաստան գնալուն: Այդ երկիր են գնում, քանի որ մեծ մասը ռուսերեն գիտի, ոչ թե անգլերեն, թե չէ ԱՄՆ կգնային: Այդտեղ ի՞նչ հանելուկ էր»,-պատասխանեց Լևոն Զուրաբյանը:

Խոսրով Հարությունյանն էլ նրան հորդորեց ամբիոնն օգտագործել կոռեկտ քաղաքական մտքեր շարադրելու համար:

«Բարեկամս, անընդհատ ասում եք՝ հասկանո՞ւմ եք: Գոնե իմ կենսափորձը բավարար է ոչ միայն Ձեզ, այլև մի ամբողջ քաղաքական ուժի հասկացնելու: Բարեկամս, նայեք՝ Դուք ինչ եք հագնում, ես ինչ եմ հագնում: Այն չի խոսում նրա մասին, թե բիզնես չունեք, իսկ եթե բիզնես չունեք, ուրեմն կոռուպցիոներ եք»,-վրդովված ասաց նա:

Լևոն Զուրաբյանն էլ նետեց.«Հասկացնելու մասին ինձ դասեր չի կարող տալ մի մարդ, որը լինելով ՀՀ վարչապետ՝ հանդես եկավ սեփական կառավարության ծրագրի դեմ ելույթով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին