Լավ էլ պինդ են փակել Արցախի օդային տարածքը ադրբեջանցիները: Ով գիտի ողջ ՀՕՊ-ը ոտքի են կանգնեցրել, որ հանկարծ ոչ ոք Ստեփանակերտ չգա օդային ճանապարհով:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա պարզ է, որ իրականում Ադրբեջանին ոչինչ չի մնացել, քան միայն ապուշ հայտարարություններով հանդես գալը: Հենց այսօր ուղղաթիռով Արցախ մեկնելու նախագահի որոշումն իհարկե պատահական չէ: Այսպես Սերժ Սարգսյանը հստակ ցույց է տալիդ, որ ընդունում է ադրբեջանցիների մարտահրավերը: Եվ դա շատ կարևոր է:
Հիշեցնենք, որ , ըստ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստականությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին, կդիտի ցուցադրական պարապմունքները: Մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարան, դիտել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը և խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին: