Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը հրապարակել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը:
Սահմանադրության հայեցակարգի 1-ին գլուխը վերաբերում է սահմանադրական կարգի բարեփոխմանը: 2-րդ գլուխը վերաբերում է «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին»: Գլուխ 3-րդում սահմանվում է սոցիալական, տնտեսական ու մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները:
Ըստ նոր տարբերակի՝ 4-րդ գլխում նշվում է, որ Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից: ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անց է կացվում քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կամ կուսակցությունների դաշինքները:
4-րդ գլխի 5-րդ կետով սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվում է 5 տարի ժամկետով:
Առաջարկների գլուխ 5-ը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին։ Ըստ նախագծի նախնական տարբերակի՝ առաջարկվում է, որպեսզի նախագահն ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։
Ընդորում նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավել անընդմեջ պաշտոնավարելուն։
Սույն գլխի 6-րդ կետը սահմանում է, որ Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։
Բացի այդ, նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, ոչ թե քաղաքացիների կողմից ուղիղ քվեարկությամբ։ Ընդորում, ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:
Ընտրիչների ժողովը գումարվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:
Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման իրավունք ունի ընտրիչների ժողովի անդամների առնվազն մեկ հինգերորդը:
Հայեցակարգի 6-րդ գլուխը վերաբերում է կառավարության ու նրա գործառույթների սահմանմանը, ձևավորման սկզբունքներին և այլն: Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Իր ծրագրի հիման վրա մշակում ու իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:
Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը: Կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետերից ու նախարարներից:
Նախարարությունների թիվը չի կարող գերազանցել 18-ը: Վարչապետի ընտրությունը և նշանակումը Հանրապետության Նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո` եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում ԱԺ ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին:
Վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահը պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջադրում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցելու իրավունք ունեն խմբակցությունների կողմից առաջարկված վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:
Հանրապետության նախագահն Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ:
Նույն գլխի Հոդված 152–ը սահմանում է վարչապետի և կառավարության մյուս անդամների իրավասությունները։
1. Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում է կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ:
2. Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:
3. Կառավարության անդամներն իրավասու են ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:
Առաջարկների նախնական տարբերակի 7-րդ գլուխը վերաբերում է դատարանների և բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակին և գործունեությանը։