Ստրկատիրության շարժիչ ուժը՝ ծեծն է: Ահա, թե ինչպես է սկսվում և ավարտվում ստրկապետության «քաղաքացու» օրը: Տարբեր ժամերի և տարբեր առիթներով, ուտե՛լ վերադասի ծեծը, այնուհետև՝ կիրառել այն ստորադասի վրա: Լավ «ծառայող» ստորադասներին, ժամանակի ընթացքում տրվում է սեփական ստորադաս ծեծելու իրավունք: Վատ է այն ստրուկը, որը չի ուզում դառնալ ստրկատեր, սա է ստրկատիրության հավերժության բանաձևը:
Ստրկատեր կարող է ծեծել միայն վախը հաղթահարած ստրուկը, իսկ դա տեղի է ունենում կամ ազատության գաղափարի հասունացմամբ կամ շա՜տ ծեծ ուտելով: Ստրկատերեր կան, որ ծեծելուց հոգնում են և ծեծողներ պահում, Ստրուկներ կան, որ ծեծվելուց հոգնում են և ապստամբում: Ծեծողների ու ծեծվողների քանակը տվյալ ստրկապետությունում, ուղիղ համեմատակն է հասարակության մեջ ազատության գաղափարի հասունացմանը: Այդ գաղափարն ավելի արագ է զարգանում այնտեղ, որտեղ ծեծվողների գերակշիռ մասը ո՛չ, թե ձգտում է դառնալ ծեծո՛ղ, այլ չ՛ծեծվող: Հենց այս պահից էլ սկսվում է տվյալ ժողովրդի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ նվաճման բերկրալի ճամփան...
Հ.Գ. Եթե այս ստորացնող «ծեծընթացը» ժողովրդին թասիբի չգցի և լուրջ քայլերի չմղի, ապա շուտով որոշակի «խավի» ներկայացուցիչներ դրանից օգտվելով, կսկսեն «ծեծվելու գռանտներ» պեղել ու կպցնել...