▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտահոգիչ...«Ժողովուրդ»

Այսօր Հայաստան է ժամանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման օրակարգով: Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմի մեկնարկից հետո Լավրովը նախ՝ այցելեց Բաքու, որտեղ խոսք գնաց Ռուսաստանի առաջարկած կարգավորման տարբերակի մասին, ապա՝ ապրիլի 8-ին, Մոսկվա «կանչվեց» Է. Նալբանդյանը` տեղեկացվելու Բաքվի կողմից առաջադրվող պահանջներին, մտածելու դրանց շուրջ:

Այդ ընթացքում Ս. Սարգսյանը երկրի ներսում մի շարք կարեւոր հանդիպումներ ունեցավ, մի ամբողջ օր անցկացրեց ՊՆ-ում, դրանից ժամեր անց հրավիրեց ԱԱԽ նիստ, իսկ նախօրեին էլ մեկնեց Արցախ, որտեղ շատ լուրջ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ հրամկազմի հետ: Այս ամենը խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները Նալբանդյանի մոսկովյան այցից հետո փորձում էին հաշվարկել հնարավոր բոլոր սցենարները եւ հասկանալ, թե Հայաստանն ու Արցախը հակազդեցության ինչպիսի ռեսուրս կարող են ունենալ մեզ համար անցանկալի, ծայրահեղ սցենարների պարտադրման դեպքում:

Եվ հիմա Լավրովը գալիս է Երեւան` լսելու ՀՀ իշխանությունների պատասխանը: Դա արվում է ադրբեջանա-ռուսական ինֆորմացիոն բավականին հզոր գրոհի պայմաններում, երբ ռուսական ազդեցիկ լրատվամիջոցները, երկրորդելով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունը, մեկը մյուսի հետեւից ծավալուն հոդվածներ են գրում այն մասին, որ առաջիկա օրերին Պուտինի նախաձեռնությամբ սկսվելու է բանակցային նոր, ինտենսիվ փուլ, որի արդյունքում Պուտինը կողմերին «համոզելու է գնալ ցավոտ փոխզիջումների», որն ավելի շուտ պարտադրանք է: Ուշագրավ է, որ սրանից հետո հայկական կողմից արդեն խոսվում է ոչ թե Մադրիդյան փաստաթղթի մասին, այլ ասվում է, որ Հայաստանը կողմ է «կազանյան փաստաթղթի» շուրջ բանակցություններին, որի մասին հանրությունն ավելի քիչ է տեղեկացված:

Մի բան, համենայն դեպս, որեւէ մակարդակում չի հերքվում. տարածքների վերադարձը, որն առկա է բանակցված բոլոր փաստաթղթերում: Ըստ ամենայնի, Ռուսաստանը Հայաստանին «համոզելու» է նախ եւ առաջ` ազատագրված շրջաններից առնվազն մեկ-երկուսը վերադարձնել` լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու եւ Ադրբեջանին իրական բանակցային դաշտ վերադարձնելու համար, իսկ մեզ համար` ոչնչի դիմաց:

Եվ այս իրավիճակում այն հույսերը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները` Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, թույլ չեն տա ՌԴ-ին դոմինանտ դերակատարություն ստանձնել, կարող են անհիմն լինել, քանի որ նախ` Երեւան այցից առաջ ռուսական կողմը` ի դեմս Լավրովի, այս հարցն արդեն իսկ քննարկել է թե՛ ԱՄՆ պետքարտուղար Քերիի, թե՛ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ: Եվ ապա` եթե ռուսական կողմը «համոզի» ՀՀ-ին գնալ շոշափելի զիջման, հնարավոր է՝ որեւէ երկիր չընդդիմանա` փորձելով Ադրբեջանից կորզել սեփական օգուտները:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին