▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարության պարզաբանումը Գառնիի միջնադարյան «Կամրջի» վերականգնման վերաբերյալ

Հայաստանի մշակույթի նախարարության պարզաբանում է տարածել Գառնիի Ազատ գետի վրա միջնադարյան «Կամրջի» վերականգնման վերաբերյալ, որի դեմ բողոքի ալիք է բարձրացել: Բողոքի մասնակիցները նշում են, որ պատմամշակութային արժեք հանդիսացող կամուրջը հիմնովին փոխվել է եւ վերածվել բոլորովին նոր կամրջի, ինչի հետաւանքով վնաս է հասցվել հուշարձանին:

Մշակույթի նախարարության պարզաբանման մեջ նշվում է հետեւյալը.

«Գառնիի կամուրջը թվագրվում է 11-13-րդ դարերով: Իր գոյության ընթացքում այն մի քանի անգամ նորոգվել է եւ կրել փոփոխություններ: 1679 թ. Գառնու երկրաշարժի ժամանակ կամուրջը փլուզվել եւ վերականգնվել է` վերին նիշերի եւ կամարակապի շառավղային չափի փոփոխմամբ: 1950-ական թվականներին սելավի պատճառած ավերածություններից հետո պահպանված կամարաշարը լրացվել է կոպտատաշ խամքարով եւ կավահողային շաղախով շարված կողապատերով:

Հաշվի առնելով կամրջի ինտեսիվ /հետիոտն/ օգտագործման եւ խիստ վթարային լինելու հանգամանքը՝ 2006 թվականին կազմվել է կամրջի վերականգնման նախագիծը, որը քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նույն թվականի հուլիսի 11-ի N 6 նիստում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են «Կոտայքնախագիծ» ՍՊԸ կողմից, որը հուշարձանների վերականգնման ոլորտում ունի փորձ եւ համալրված է համապատասխան մասնագետներով:

2010 թվականին պետական բյուջեի միջոցներով եւ հաստատված նախագծով կատարվել են կամրջի հյուսիսային կողմի արեւմտյան` փլուզման եզրին կանգնած պատի մասնակի վերականգնման աշխատանքներ: Նախատեսված աշխատանքների շարունակությունն ապահովելու նպատակով 2011 թվականին հարցը կրկին դրվել է նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստի օրակարգում, քննարկվել եւ որոշվել է. «ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել հարցը, վերանայել բոլոր արխիվային նյութերը եւ ներկայացնել առաջարկություն»:  2012 թվականի հունվարի 20-ի նախարարության գիտամեթոդական խորհրդի N 1 նիստում քննարկվել է կամրջի վերականգնման եւ ամրակայման նախագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը` հիմք ընդունելով ճարտարապետ Ալբերտ Բալասանյանի կողմից 1945 թվականին կատարված արխիվային չափագրությունները եւ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանի «Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները» գրքում «կամրջի կառուցվածքը իրականացված է … սրբատաշ տուֆով եւ կրաշաղախով» նշումը: Խորհուրդը 11 կողմ եւ 4 դեմ քվեարկությամբ որոշում է կայացրել` առաջարկել նախագծող կազմակերպությանը վերանայել նախագիծը, մասնավորապես նշելով. «…կամրջի եզրապատերը վերականգնել կամարի պահպանված հին սրբատաշ քարերի տաշվածքի օրինակով …»:

ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանի վերականգնման եւ ամրակայման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով 2011 թվականին ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամին է ներկայացրել համապատասխան ծրագիր, որն արժանացել է հավանության: Այնուհետեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ կնքվել է համագործակցության հուշագիր:

Նախարարության 2012 թ. մարտի 30-ի N 01/14.1/1315-12 գրությամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին են տրամադրվել գիտամեթոդական խորհրդի 20.01.2012 թ. N 1 նիստի որոշման հիման վրա լրամշակված եւ սահմանված կարգով փորձաքննված ու համաձայնեցված նախագծային փաստաթղթերը:

Գնման ընթացակարգը սկսելու նպատակով կազմվել են վերականգնման աշխատանքների իրականացման գնման հայտարարության եւ հրավերի տեքստերը, որոնք քննարկվել եւ հաստատվել են ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հայտերը գնահատող հանձնաժողովի` 2012 թ. ապրիլի 4-ին կայացած նիստում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դեսպանատան` ծրագրի պատասխանատու աշխատակիցների կողմից: Նյութերն ուղարկվել են ՀՀ ֆինանսների նախարարություն եւ 2012 թ. ապրիլի 12-ին տեղադրվելwww.gnumner.am ինտերնետային հասցեում: Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթները` հայտարարության եւ հրավերի տեքստերը /հրավերում ներառվել են աշխատանքների կատարման համարանհրաժեշտ պայմաններ` նմանատիպ գործունեության համապատասխանությունը, մասնագիտական փորձառությունը, տեխնիկական եւ ֆինանսական միջոցները,  աշխատանքային ռեսուրսները եւ այլն/ գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակվել են 2012 թ. ապրիլի 12-ին: Օրենքով սահմանված 40-րդ օրացուցային օրը` 2012 թ. մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման եւ ամրակայման աշխատանքների գնման նպատակով հայտարարված բաց ընթացակարգի հայտերի բացման նիստը:

Հայտ են ներկայացրել չորս կազմակերպություններ` «Բուրգ-999», «Մ. Լամբարյան», «Տիգրան-Ավիկ», «Դանիել» ՍՊԸ-ները: «ՊՄԱԹ ՊՄՊ ԲԸԱՇՁԲ 12/01» ծածկագրով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ առաջին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ն՝ որպես սահմանված պահանջներին համապատասխան եւ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից: Երկրորդ տեղ է զբաղեցրել «Բուրգ-999», երրորդ տեղ` «Մ. Լամբարյան», չորրորդ տեղ` «Դանիել» ՍՊԸ-ները:

2012 թ. հունիսի 25-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման եւ ամրակայման աշխատանքների գնման պայմանագիր: Պայմանագրով աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 2012 թ. նոյեմբերի 20-ը, որը համապատասխան համաձայնագրով երկարացվել է մինչեւ 2013 թվականի հունվարի 31-ը: Պայմանագրի գինը կազմում է 33423368 /երեսուներեք միլիոն չորս հարյուր քսաներեք հազար երեք հարյուր վաթսունութ/ դրամ, որը  համաձայնագրով նախատեսված ծրագրի արժեքից պակաս է 11237000 /տասնմեկ միլիոն երկու հարյուր երեսունյոթ հազար/ դրամով: Գնման   պայմանագրի առարկա է հանդիսանում ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման եւ ամրակայման աշխատանքների ձեռքբերումը: Տեխնիկական բնութագրերը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը: Իրականացվող աշխատանքներում ներառված չեն շարվածքի արտաքին մակերեւույթի մշակման աշխատանքները:

«Կամուրջ» հուշարձանի վերականգնման թույլտվություն ստանալու համար նախագծի հեղինակ Ռ. Դավթյանի եւ մրցութային կարգով համապատասխան լիցենզիա ունեցող «Էդիկ Կարախանյան եւընկերներ» ՍՊԸ-ի հետ կնքվել են համապատասխանաբար հեղինակային եւ տեխնիկական հսկողության պայմանագրեր:

Աշխատանքները մեկնարկել են սահմանված ժամկետում. 1-ին փուլում դրանք իրականացվել են պատշաճ մակարդակով:

Աշխատանքների կատարման 2-րդ փուլում ի հայտ եկած նոր տվյալների հիման վրա կամրջի նիշերի փոփոխության հետեւանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել նաեւ կամրջի եզրապատերի նկարվածքը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի կողմից նախարարության համաձայնությանն է ներկայացվել կամրջի վերականգնման նախագծի լրամշակված նախագծային առաջադրանքն ու փորձաքննված աշխատանքային նախագիծը, որը համաձայնեցվել եւ հանձնվել է ՊՈԱԿ-ին՝ վերականգնման աշխատանքները շարունակելու համար:

Կամրջի վերականգնման աշխատանքները դեռեւս ավարտված չեն: Սահմանված ժամկետում եւ հաստատված նախագծին համապատասխան ավարտված են առաջին եւ երկրորդ փուլերի աշխատանքները /առկա են աշխատանքների հանձնման-ընդունման ակտերը/, իսկ կամրջի ամբողջական վերականգնման ավարտական ակտ եւ համապատասխան հաշվետվություն դեռեւս չեն կազմվել` քանի դեռ անավարտ են երրորդ փուլով՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության  շրջանակներում նախատեսված աշխատանքները:

Նախարարության կողմից աշխատանքները կհամարվեն ավարտված 2012 թ. հունվարի 20-ի գիտամեթոդական խորհրդի որոշմամբ շարվածքի արտաքին մակերեւույթի մշակման աշխատանքները սահմանված ժամկետում իրականացվելուց հետո:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին