▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվան գաղտնի «սև» ցուցակնե՞ր է պատրաստում Ղարաբաղում

«Լրագրող Վահրամ Աղաջանյանը և ՌԴ ФСБ-ի ջանքերով փակված նրա «Երրորդ Ուժ Պլյուս» թերթը չեն համապատասխանում հայկական ու ղարաբաղյան իրողություններին»: Նման եզրակացության են հանգել ՌԴ պետական որոշ կառույցներում, ուսումնասիրելով թերթի հրապարակումները, ինչից հետո էլ հայ լրագրողների ֆինանսական խնայողությունները հափշտակվել են բանկային հաշվից: Այս մասին Աղաջանյանների ընտանիքին հաղորդել են Մոսկվայում և Ստեփանակերտում չափազանց վստահելի ու լավ տեղեկացված աղբյուրները: Նրանց վկայությամբ, ՌԴ-ից իջեցված հրահանգով հայկական իշխանություններին հանձնարարվել է արգելել Վահրամ Աղաջանյանին զբաղվել իր մասնագիտությամբ, ինչն էլ արդեն 4-րդ տարին է հաջողությամբ իրականացվում է ՀՀ և ԼՂՀ «հայազգի» պաշտոնյաների կողմից:

 

Ըստ երևույթին, հիմա Մոսկվայում են որոշելու, թե ԼՂՀ և ՀՀ որ քաղաքացին է «համապատասխանում հայկական ու ղարաբաղյան իրողություններին», իսկ որը՝ ոչ:  Դժվար է ասել, թե ինչ չափանիշներ են ընտրվել այդ «իրողություններին համապատասխանելու» համար. ազգային արմատներից հրաժարվելու պատրաստականությու՞ն, քրեական գործելակերպ որդեգրելու ունակությու՞ն, Արևմուտքին զօրուգիշեր հայհոյելու ցանկություն, թե՞բալալայկա նվագելու և դեկալիտրերով օղի ոչնչացնելու կարողություն: Գուցե պետք է նաև սեփական բիզնես կազմակերպել Մոսկվայում, ինչն իրագործում են հայազգի շատ պաշտոնյաներ, որպեսզի ռուս իշխանավորները ցանկացած պահի կարողանան մեր վզին փաթաթել իրենց ուզած այս կամ այն որոշումը: Առայժմ պարզ չէ: Չենք զարմանա, որ ռայխսֆյուրեր Հիմմլերի փորձը ուսումնասիրելով, ФСБ-ն նացիստական «Լեբենսբորն» տիպի կենսաբանական բաժիններ բացի ԼՂՀ-ում, որտեղ ստուգելու են արցախցիների համապատասխանությունը «իրողությունների» վերաբերյալ մոսկովյան պատկերացումներին:

Ճշտվող տեղեկությունների համաձայն, 1993 թվից մինչ օրս ԼՂՀ-ում ու ՀՀ-ում ՌԴ իշխանությունների համար պատրաստվում են «անբարեհույս անձանց» հույժ գաղտնի «սև» ցուցակներ, որոնցում ներգրավված են ազգային-ժողովրդավարական կողմնորոշում ունեցող հայազգի գործիչներն ու քաղաքացիները: Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր տարբեր խնդիրների վերաբերյալ սեփական կարծիք կազմելու լկտիություն ունեն, հալած յուղի տեղ չեն ընդունում պետական կառույցների ու «պետականամետ» ԶԼՄ-ների հաղորդագրությունները, երջանկությունից չեն ուշաթափվում, լսելով «Ստալին», «ԽՍՀՄ», «Ոչ՝ բարձր կրունկներին», բոլշևիստական այլ նեխած իդեոլոգեմաներ:

Վերը նշված աղբյուրները պնդում են, որ Մոսկվայի ցանկությամբ վաղուց փակած կլինեին հայկական բոլոր անկախ լրատվամիջոցները, սակայն վախենում են միջազգային, հատկապես Արևմուտքի ռեզոնանսից: Բացի այդ, ФСБ-ի համար իսկական գլխացավանք է դարձել «Երրորդ Ուժ» թերթի չդադարող, շուրջ քառամյա դիմադրությունը, ինչը պատկերացնել անգամ հնարավոր չէ ռուսաստանյան պայմաններում: Հատկանշական է, որ և մոսկովյան կարգադրության հեղինակները, և դրա հայազգի կատարողները նախընտրում են հանգստանալ և բուժվել Արևմուտքում, բիզնես ունեն այնտեղ, գույք, բանկային հաշիվներ, արևմտյան երկրներ են ուղարկում հարազատներին ու մերձավորներին: Բայց Հայրենիքում, եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու հայտարարությունների ներքո, իսկական կրիմինալ պատերազմ են վարում անկախ ԶԼՄ-ների ու դեմոկրատական կողմնորոշում ունեցող լրագրողների դեմ:  

Վահրամ Աղաջանյանի հետապնդումները վերսկսվել են 2011 թ., երբ «Երրորդ Ուժ Պլյուս»-ի բանկային հաշվից «անհետացել» են թերթի վերջին խնայողությունները  (հաշվի առնելով ՀՀ և ԼՂՀ իշխանությունների թշնամական վերաբերմունքը գլխավոր խմբագրի ու թերթի նկատմամբ, «ԵՈՒՊ»-ն ժամանակավորապես հրաժարվել էր հայկական բանկերի ծառայություններից ու պահում էր թերթի միջոցները մոսկովյան Ալֆա բանկում): Այդ միջոցները ապօրինաբար յուրացրել է ФСБ փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևը, որին հապճեպորեն ազատել են պետծառայությունից այդ գողության համար, բայց լրագրողների գումարները չեն ցանկանում վերադարձնել:

Ռուս չինովնիկների կարծիքով, հայկական թերթը անլսելի հանդգնություն է ցուցաբերել՝ ՌԴ իշխանություններից պահանջելով վերականգնել արդարությունը: Ի պատասխան հալածանքների կամպանիան միայն ուժգնացել է, հատկապես 2013 թ. դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացած կրեմլյան վարչակազմի ներկայացուցիչների ու հայ պաշտոնյաների հանդիպումից հետո: Այդ օրվանից սկսած ԼՂՀ պետական կառույցները բոլոր միջոցներն են ձեռնարկում Մոսկվայից ստացված հրահանգը կատարելու համար, ընդ որում հոգեբանական և այլ բնույթի ներազդեցության գործոնների կիրառմամբ (ճշտվող տվյալներով, ընդհուպ մինչև լրագրողի բնակարանի գրեթե շուրջօրյա այսպես կոչված «նարուժկա – արտաքին դիտարկում» հաստատելը):

Ապօրինաբար փակված թերթի գլխավոր խմբագիրը սեփական բիզնես, բանկային հաշիվներ կամ արտասահմանում գույք չունի, ինչպես ՀՀ և ԼՂՀ շատ պաշտոնյաներ: Լրագրությունը նրա միակ մասնագիտությունն է: Զրկելով նրան իր մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունից, ՌԴ, ՀՀ և ԼՂՀ իշխանությունները, ըստ էության, զրկում են լրագրողին գոյատևելու իրավունքից, ստիպելով Աղաջանյանին կամ լքել Հայրենիքը, կամ դիմել հակաիրավական գործողությունների ու մեղադրել նրան հասարակական կարգը խախտելու մեջ (ինչին ոչ մի կերպ չեն կարողանում հասնել. լրագրողը պայքարում է բացարձակապես օրինական մեթոդներով): Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը արդեն լքել են հետապնդոմներին ու բանտարկություններին չդիմացած ԶԼՄ շատ ներկայացուցիչներ: Վերջին այդպիսի դեպքը Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանի օրինակն է. նա պարզապես վաճարեց բնակարանը ու լքեց ԼՂ-ն: Հիմա Ղարաբաղի մամուլի ակումբը գործում է Ղարաբաղի սահմաններից դուրս: Վահրամ Աղաջանյանին իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում «կոտրել». չնայած երեք բանտարկություններին և նույնիսկ Ղարաբաղի էկղոտիկ դատարաններում ձախոզված մի շարք քրեական գործերին, նա համառորեն չի լքում Հայրենիքը: Ինչքան կտևեն ՌԴ և հայկական իշխանությունների այս սանձարձակությունները, առայժմ դժվար է ասել

Չբավարարվելով անկախ պարբերականի ֆինանսական միջոցների կողոպուտով, ռուսական հրահանգների հայազգի կատարողները, միջնադարյան զուլուսների վրեժխնդիր հետևողականությամբ, սաստկացնում են ճնշումը Աղաջանյանի ու նրա ընտանիքի վրա նաև քրեական ոլորտում: Ղարաբաղի իշխանությունները, կոպտորեն խախտելով անգամ սեփական երկրի օրենսդրությունը, հրաժարվում են վերանայել լրագրողի նկատմամբ կայացրած անօրինական դատավճիռը, որը դատապարտել են աշխարհի տասնյակ պետությունների իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններ: Զավեշտն այն է, որ ԼՂՀ երկու նախագահներ՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, Վահրամ Աղաջանյանի հետ հանդիպումների ընթացքում, խոստովանել են իշխանությունների մեղքն այս խայտառակ գործում: Բայց իրավիճակը չի փոխվում, քանի որ Մոսկվայից հստակ հրաման կա հայ լրագրողի հետապնդումը շարունակելու մասին:

Չնայած դրան, փակված թերթի գլխավոր խմբագիրը մտադիր չէ հաշտվել անօրինականության հետ և շարունակում է պայքարը արդարության ու սեփական իրավունքների վերականգնման ուղղությամբ: Ապրիլի 28-ին Աղաջանյանների ընտանիքը դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին բաց նամակով, որի պատճենները տրամադրվել են միջազգային ու հայկական իրավապաշտպան կազմակերպություններին, դեսպանատներին, Երևանի ու Ստեփանակերտի մամուլի ակումբներին, տարբեր երկրների ԶԼՄ-ներին: Նամակում ասված է.

«Հարգարժան պարոն Մոսիյան: Ինչպես Ձեզ հայտնի է, ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները, արանց ԼՂՀ դատախազության սանկցիայի, անօրինական խուզարկություն են իրականացրել իմ բնակարանում, որի արդյունքում, մեջբերում եմ նրանց ասածը`«կալանավորել են թերթի երկու համար», որտեղ լույս են տեսել իմ հոդվածները: Նույն օրը ինձ հրավիրել են ԼՂՀ ոստիկանություն «զրույցի», սակայն անսպասելիօրեն ձերբակալել են և որևէ մեղադրանք չներկայացնելով, տեղափոխել Ստեփանակերտի մեկուսարան: 4-րդ օրը, մինչև դատավարությունն ու դատավճռի հրապարակումը, գիշերը իմ խուց է ներխուժել ոստիկանության «սպեցնազի» 4 դիմակավոր զինյալ, որոնք ձեռքերս ոլորելով և գլխիս պարկ հագցնելով, տեղափոխել են ինձ Շուշիի բանտ: Այնտեղ և իմացա, որ կալանավորված եմ ԼՂՀ իշխանություններին զրպարտելու մեղադրանքով (թերթի մեկ հրապարակման առնչությամբ հարուցվել է … 2 (sic!) քրեական գործ): Աներեվակայելի իրողություն անգամ ամենահետամնաց երկրներում:

Ստեփանակերտի քաղաքային դատարանը ԼՂՀ Քր.օր. 131 հոդվածի 2 մասով (քրեական գործ թիվ 1-45) դատապարտել է ինձ մեկ տարվա ազատազրկման` ԼՂՀ իշխանություններին, ավելի ստույգ ԼՂՀ վարչապետին զրպարտելու մեղադրանքով (այդ դատավճռի պատճենը կցված է): Անօրինական խուզարկության, կալանքի, քրեական գործերի, մեղադրանքի, իսկ հետագայում ապորինի դատավճռի կոնկրետ պատճառը եղել է «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածը, որտեղ նկարագրված էին Վանաձորի 30 ընտանիքի տառապանքները. նրանք ցանկանում էին մշտական բնակություն հաստատել Արցախում, բայց առանց որևէ բացատրության մերժում են ստացել ՀՀ և ԼՂՀ իշխանությունների կողմից: Ստեփանակերտի քաղաքային դատարանի կարծիքով, դա զրպարտություն էր իշխանությունների հասցեին: Դատավճռում նշված է,  որ «վանաձորցիների ոչ մի խումբ ընդհանրապես չի դիմել ԼՂՀ  մեկնելու ցանկությամբ», որ նման վերաբնակիչներ գոյություն չունեն:

Պարզվեց սակայն, որ վանաձորցիների նշյալ խումբը ոչ միայն գոյություն ունի, այլև հանդես է եկել մամուլում համապատասխան հոդվածով, պարզաբանումներով (այդ հոդվածի պատճենը նույնպես կցված է): Ընդամենը երեք մեջբերում հիշյալ հարապարակումից. «Եվս մեկ շաբաթ հետո Ա. Աղաբեկյանը մեզ տեղեկացրեց, որ դիմումները անձամբ դրել է վարչապետի սեղանին: Մենք գնացինք Ստեփանակերտ», «Արմեն Բալայանը հանդիպեց վարչապետի հետ, որն էլ ասաց, որ բյուջեում փող չկա», «Վ. Աղաջանյանին դատել են նրա համար, որ նա պնդում է, որ ես գոյություն ունեմ»:

Ակնհայտ է, որ «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածի ամեն մի տող լրիվությամբ համապատասխանում է իրականությանը: Դեռ ավելին. վանաձորցիների այս հոդվածից պարզ է դառնում, որ ԼՂՀ պետք է տեղափոխվեր ոչ թե 30, այլ նույնիսկ 52 աճող ընտանիք: Ստեփանակերտի քաղաքային դատարանը նշել է, թե ես հանցագործություն եմ կատարել, որի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը ստիպել է նման դատավճիռ կայացնել: Իմ հրապարակմամբ ես ձգտել եմ նպաստել 52 աճող ընտանիքի վերաբնակեցմանը ԼՂՀ-ում, իսկ դատարանը ինձ հանցագործ է հայտարարել: Թե ում գործողություններն են վտանգավոր սակավաթիվ բնակչություն ունեցող ու պատերազմը չավարտած ԼՂՀ-ում`դատեք ինքներդ: Ես նույնիսկ չեմ նշում այն փաստը, որ Ստեփանակերտի քաղաքային դատարանը հրաժարվել է լսել վկաներին, առանց որևէ բացատրությունների, առանց հիմնավորումների, կոպտորեն խախտելով ԼՂՀ օրենսդրության պահանջները:

Չնայած ես ու ընտանիքիս անդամները զգուշացրել ենք դատարանին մորս` Ռոզա Ավետիսյանի սրտային ծանր հիվանդության ու այն պահին բուժման կուրս անցնելու մասին, չնայած մենք խնդրել ենք հետաձգել անօրինական դատավճռի կայացումը, քանի որ այն կարող էր ողբերգական հետևանքների հանգեցնել, քաղաքային դատարանը որոշել է գործը հասցնել իր ավարտին ու կայացնել ապորինի դատավճիռ: Այս անմարդկային որոշման արդյունքում մայրս վախճանվել է սրտային սուր անբավարարվածությունից (նրան խնամած բժշկի վկայությունը նույնպես կցված է):

Պարոն Մոսիյան: Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած տարիներին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը ԼՂՀ  քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավորն է, մեր հանդիպման ժամանակ, ասել է, որ իշխանությունները անարդար են վարվել տողերիս հեղինակի, մեր ընտանիքի նկատմամբ: Նույն խոստովանությամբ հանդես էր եկել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը նույնպես հանդիպելով ինձ հետ, ընդգծել է իշխանությունների մեղքն այս գործում: Ստեղծվել է տարորինակ իրավիճակ. ԼՂՀ երկու նախագահները ճանաչել են իմ անմեղությունը, բայց դատարանի անօրինական որոշումը մինչ օրս վերանայված չէ, ինչպես նաև փոխհատուցված չէ վնասը, որը կրել ենք ես ու ընտանիքս անօրինական գործողությունների արդյունքում:

Իրենց հակասահմանադրական գործողությունների ընթացթում ԼՂՀ իշխանությունները խախտել են ԼՂՀ Քրեական Օրենսգրքի առնվազն յոթ հոդված: Դրանք են. Հոդված 168. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը; Հոդված 374. Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը; Հոդված 361. Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը; Հոդված 362. Վկայի կամ տուժողի ներկայանալուն կամ նրանց ցուցմունք տալուն խոչընդոտելը; Հոդված 375. Ապացույցները կեղծելը; Հոդված 378. Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը; Հոդված 323. Պաշտոնեական լիազորություններն անցնելը: Դատավճիռ կայացնելու ընթացքում խախտվել է նաև այն ժամանակ գործող ԼՂՀ Քր.դատ.օր-ի N 359 հոդվածը, համաձայն որի «…եթե դատավճիռը կարող է առանձնապես ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար, այն պետք է հետաձգվի»: Այս հոդվածը կիրառվում էր անգամ վտանգավոր հանցագործների նկատմամբ: Այնինչ իմ դեպքում խոսքը լրագրողի, անմեղ դատապարտված մարդու մասին է

Պարոն գլխավոր դատախազ: Իմ և ընտանիքիս անդամների դեմ կատարվել է մինչ օրս չլսված ու չտեսնված հրեշավոր մի հանցագործություն, որը դատապարտել են աշխարհի ոչ միայն տասնյակ պետությունների իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները, այլ նույնիսկ նրանք, ովքեր իրականացրել են այն: Վերոշարադրյալից ելնելով ու ղեկավարվելով ԼՂՀ Քր.դատ.օր-ի 187, 188, 190, 191, 192 և 193 -րդ հոդվածների դրույթներով, պահանջում եմ Ձեզնից անհապաղ քրեական գործեր հարուցել ԼՂՀ Ոստիկանության դեմ, որն առանց դատախազության սանկցիայի անօրինական խուզարկություն է անցկացրել մեր բնակարանում; լրագրողի դեմ ապօրինի քրեական գործ հարուցած ԼՂՀ դատախազության դեմ; ակնհայտ անարդար դատավճիռ կայացրած ու ԼՂՀ Քրեական Օրենսգրքի մի շարք հոդվածներ խախտած Ստեփանակերտի քաղաքային դատարանի նախկին նախագահի դեմ:

Հիշեցնում եմ Ձեզ նաև, որ զրպարտության մասին հոդվածը (№ 131), որով ինձ դատել են, հանված է անգամ Ղարաբաղի Քրեական Օրենսգրքից: Եթե նույնիսկ իշխանությունների մեղանդրանքները լրագրողի դեմ օրինական լինեին, գործը ամեն դեպքում պետք է վերանայվի: Այնինչ տվյալ դեպքում հանցակազմը ընդհարապես բացակայում է: Ամեն ինչ պարզից էլ պարզ է. ԼՂՀ դատարանը հայտարարել է, որ իմ հոդվածում նկարագրված վանաձորցի վերաբնակիչների 30 ընտանիք ընդհարապես գոյություն չունի: Վանաձորցիներն էլ հանդես է եկել մամուլում հոդվածով ու նշել, որ իրենք ոչ միայն գոյություն ունեն, այլև պատրաստ են ներկայանալ դատարան: Սակայն Ստեփանակերտի քաղաքային դատարանը հրաժարվել է կանչել ու լսել վկաներին: Այսինքն կոպտորեն խախտել է օրենքը ու պետք քրեական պատասխանատվություն կրի դրա համար, եթե նույնիսկ նա ղարաբաղցի բարձրաստիճան պաշտոնյայի ազգակից է:

Տեղեկացնում եմ Ձեզ նաև, որ այս դիմումի պատճենները ուղարկվել են ՀՀ և ԼՂՀ նախագահներ պրն-ք Սերժ Սարգսյանին ու Բակո Սահակյանին:

Պահանջում եմ Ձեզնից պատասխանել նամակին քաղաքացիների դիմումները քննարկելու օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան»: 

 

 

Սուսաննա ԱՂԱՋԱՆՅԱՆ

 Ստեփանակերտի Կոմիտասի անվան

երաժշտական դպրոցի թեորիայի բաժնի վարիչ 

 

                                                             28.04.2015 թ

 

P. S. Հիշեցնենք, որ ՌԴ իշխանությունների ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ Ուժ Պլյուս» թերթը գրանցված է ՀՀ տարածքում, ք. Երևանում, հայկական օրենսդրության բոլոր պահանջներին խիստ համապատասխան (պետռեգիստրի վկայականի համարն է 031077336, տրված է 17.09.2007 թ.): Թերթի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև խմբագրակազմի անդամների մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Հանրապետություն, որը, Սերժ Սարգսյանի խոսքերով, «այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է»…

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին