▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մկնդեղ, կապար և արճիճ. հանքարդյունաբերողները շարունակում են կոծկել

Հայաստանի հանքարդյունահանող ընկերությունները խաբում են հանրությանը: Այդ մասին այսօրվա ասուլիսին հայտարարել են «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Սոնա Շահնազարյանը, իրավաբան Արթուր Գրիգորյանը և բնապահպան Թեհմինե Ենոքյանը:

Ըստ ակտիվիստների՝ իրենք ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել են, որ Նորաշենիկ գետի ափամերձ գյուղերում արտադրված գյուղմթերքները գործածության համար պիտանի չեն: «Նորաշենիկ գետը և նրա մերձակայքը այնքան աղտոտված էին, որ վատ զգացի, չկարողացա այնտեղ նկարահանումներ անել: Երևան վերադառնալով՝ իմ վիճակն ավելի վատացավ, ավելին, ինձ մոտ առաջացավ սրտխառնոց և փսխում: Դիմելով հիվանդանոց՝ իմացա, որ իսկապես թունավորվել եմ», - պատմել է բնապահպան Թեհմինե Ենոքյանը:

Սակայն, ըստ ակտիվիստների, հանքարդյունահանող ընկերությունները հրաժարվում են որևէ փոխհատուցում վճարել, իսկ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Արծվանիկ թափվող թափոնները գնահատում է որպես 5-րդ կարգի, որոնք շրջակա միջավայրի համար վտանգ չեն ներկայացնում: Բայց նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Աղտոտված Նորաշենիկ գետը տեղի գյուղերի համար ոռոգման աղբյուր է, սակայն որքան էլ տարօրինակ է, այնտեղ դիտարկում չի արվում: 

Ակտիվիստ բնապահպանները նաև հավելել են, որ 2006թ. սկզբից «Մեգոգոլդ» ՓԲԸ-ն շահագործում է «Թուխմանուկ» ոսկու հանքը և ներկայացրել է թափոնների երրորդ պահոցի կառուցման նախագիծը: Սակայն, նախագծում ոչ մի խոսք չկա ծանր մետաղների մասին: Այնուամենայնիվ, բնապահպանների հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հանքարդյունահանող ընկերության թափոնների պահոցի տարածքում կան ծանր մետաղներ՝ մկնդեղ, կապար եւ արճիճ:

Ակտիվիստ բնապահպանները հայտարարել են, որ պատրաստվում են բողոքի ցույցեր կազմակերպել, ինչպես նաև քաղաքացիական հայց ներկայացնել դատարան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին