«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Արցախում կրակում էին, եւ իրավիճակը լուրջ էր, Հայաստանում իշխանական ողջ ռեսուրսը կենտրոնացել էր ոչ թե Արցախին օգտակար լինելու, այլ Հայաստանի ներքաղաքական պրոցեսները ցանկալի հուն մղելու ուղղությամբ: Նման դեպքերում միանգամից ակտիվանում են իշխանական ֆեյքերը, որոնք հրահանգավորված սկսում են մեղադրել արցախցիներին ու ընդդիմադիրներին` Արցախի վիճակի համար, դժգոհ մարդկանց ուղղորդել դեպի ռուսներն ու նախկինները, հայհոյել Նիկոլ Փաշինյանին քննադատողներին:
Ասենք, ոչ մի բացատրություն չուներ երեկ Ռուբեն Վարդանյանին հայհոյելը, մեր կայքի մեկնաբանություններում առավոտվանից կազմակերպված հարձակում էր գնում նրա դեմ: Օրվա ընթացքում հայտնվեցին մարդիկ, որոնք ոչ թե կառավարությունից էին ինչ-որ բան պահանջում, այլ Ռուսաստանի դեսպանից ու Պուտինից: Հետո սկսեցին ակտիվորեն տարածել, թե կրակը դադարել է Արցախում, եւ Փաշինյանն է այն դադարեցրել»: