▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջին հեռահարության զինատեսակների համար հասանելի է նույնիսկ մայրաքաղաքի կենտրոնը. Տիգրան Ուրիխանյան

«Մեր տունը Հայաստանն է» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուներն այսօր դաշինքը գլխավորող ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ այցելել են Վարդենիսի տարածաշրջան, շրջել Բանավանից Սոթք , Կութ ընկած բնակավայրերը, հանդիպումներ ունեցել տեղի բնակիչների հետ:

«Բոլորը նշում են, որ տեղեկատվության բացակայությունը թիվ մեկ անհանգստության պատճառն է իրենց համար, գյուղացիներին անհանգստացնում է անվտանգության, կենսական նշանակության գոյատեւման հարցեր. օրինակ էին բերում, թե բան ենք ցանել, չգիտենք՝ թո՞ւրքն է քաղելու, թե՞՝ մենք: Մինչ գյուղական ճանապարհները տեղադրված են անցակետեր, ՀՀ քաղաքացիների տեղաշարժն է վերահսկվում: Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները մուտքը թույլատրում են բացառապես տեղի բնակիչներին: Ես, հասկանալի պատճառներով, կաշկանդված եմ տալու որոշակի տեղեկատվություն, բայց կասեմ միայն, որ իրադրությունն առաջացնում է ծայրաստիճան անհանգստություն: Հակառակորդի ուղիղ դիտարկման հատվածներում մարդիկ են ապրում, զբոսնում են մանկահասակ երեխաներ, մարդիկ փորձում են մնալ ամուր, բայց ժամերի կտրվածքով զրկված են կյանքի պլանավորման հնարավորությունից: Քաղաքացիական անձանց համար մուտքը դեպի Սոթք փակ է, հսկվում է ՀՀ ԶՈՒ կողմից»,-Asekose.am-ի հետ զրույցում գյուղացիների հետ հանդիպման մանրամասները ներկայացրեց Տիգրան Ուրիխանյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ պատրաստ ենք սկսել զորքերի հետքաշումը Սոթք-Խոզնավար հատվածից. սպասում ենք ազդանշանի ԵԱՀԿ-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը ներկայացրել է իրավիճակի հանգուցալուծման իր պլանը, որով առաջարկում է Սոթք-Խոզնավար սահմանային հատվածից մշտական տեղակայման վայրեր վերադարձնել Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները եւ այդտեղ տեղակայել «Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդներին»: Վարչապետի պաշտոնակատարի ներկայացրած առաջարկից արդյոք այսօր Տիգրան Ուրիխանյանին հանդիպած գյուղացիները կամ գյուղերի ղեկավարները մտահագություն, դժգոհություն հայտնել են հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մտահոգություններ հայտնում են, հիմնվում են այն ամենի վրա, ինչ նկատում, տեսնում, զգում են, տեղեկատվության իսպառ բացակայություն, առավել եւս պաշտոնական տեղեկատվություն չունեն»

: Տիգրան Ուրիխանյանի համար վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը, թե պատրաստ ենք սկսել զորքերի հետքաշումը Սոթք-Խոզնավար հատվածից, հարցեր է առաջացրել. «Այստեղ հարց, հետ քաշել ուժերը դեպի ուր, ինչ պայմանավորվածությամբ, այսինքն, ուժերը հանել, այդ տարածքների ճակատագիրն ինչպիսին է լինելու, տեղեկատվության բացակայությունից, ես՝ ինքս, կիսելով տարածաշրջանում բնակվող բնակիչների առաջնային մտահոգությունը, տեղեկատվության բացակայունից ինքս դժգոհություն եմ հայտնում»: Մեր զրուցակցի խոսքով, իրավիճակները հենց այնպես չեն ստեղծվում, ազգային նշանակության բացասական երեւույթներն ինքնուրույն տեղի չեն ունենում, ըստ նրա՝ դրանից պետք է բխի պատասխանատվություն՝ իր կոնկրետ դրսեւորումներով. «Զերծ մնալով նախընտրական մթնոլորտից, առավել եւս քարոզչությունից, հատկապես տարածաշրջանի ու ընդհանրապես Հայաստանի ժողովուրդը այս տեսանկյունից պետք է դիտարկի 20 օր հետո իր կողմից կայացվող որոշման եւ քվեարկության ամբողջ բովանդակությունը :

Մենք նշված հավածներից այսօր հաշվում էինք, թե քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում մայրաքաղաքը, հասկանալի է, որ միջին հեռահարության զինատեսակների համար հասանելի է նույնիսկ մայրաքաղաքի կենտրոնը»:

Մեր հարցին՝ ձեր այցալած բնակավայրերում իրավիճակը հանդա՞րտ էր, թե՞ կրակոցներ էին հնչում, պատգամավորը պատասխանեց. «Ուզում եմ զերծ մնալ այդ հարցին պատասխանելուց»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին