Հայրենակիցներ,
Հայ ժողովուրդ,
Հայաստանցիներ,
Հայաստանի 23-ամյա անկախության գլխին մահացու վտանգ է կախված. Հայաստանի ղեկավարումը վերցրած իշխանությունը և կուսակցությունները երկիրը տանում են Եվրասիական տնտեսական միություն, ուր Հայաստանը կցորդի կարգավիճակում է:
ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրին և Սահմանադրությանը և նշանակում է ենթակայություն Ռուսաստանին.
- քաղաքական ասպարեզում. Հայաստանը կորցնում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը,
- Ղարաբաղը Հայաստանից անջատվելու է օտար մաքսակետով. ԵՏՄ անդամ երկրները զինում են Ադրբեջանին,
- կրթության ոլորտում. վերականգնվելու են ռուսական դպրոցները, և ռուսաց լեզուն վերագտնելու է իր երբեմնի գերիշխանությունը,
- օրենսդիր ասպարեզում. ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է ռուսականին,
- տնտեսական ոլորտում. ՀՀ տնտեսության հնարավորությունները սահմանափակվում են հետադեմ տնտեսական գործընկերներով՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս:Հայաստանի գործարար կապերն անցնելու են մոսկովյան հաստատությունների միջանցքներով. Հայաստանը կարող է հրաժարվել սեփական արժույթից,
- լրատվական ոլորտում. ոտնահարվելու է խոսքի, մամուլի, տեղեկատվության ազատությունը. հայաստանյան տեղեկատվական միջոցները գործելու են Մոսկվայի թելադրանքով:
Հայրենակիցներ,
Հայաստան ամրոցի դարպասների բանալիները դավաճանաբար հանձնվել են միլիտարիստական Ռուսաստանի իշխանություններին:
Ամրոցի վերջնական գրավմանը մնացել է մեկ քայլ. ՀՀ Ազգային ժողովի նիստում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին պայմանագրի վավերացումը: Կասեցնենք այդ պատմական խայտառակ գործընթացը՝ սերունդներին թողնելով ոչ թե ընկճված, հպատակեցված երկիր, այլ հպարտ, արժանապատիվ, արդար, ազատ և անկախ Հայրենիք: Սա մեր պարտքն է մեր հայրենիքի, նրա ներկա և ապագա սերունդների առջև:
Հայ ժողովուրդ, մենք ցույց ենք տվել, որ ճակատագրական պահին կարող ենք համախմբվել և ետ մղել մեր ազատության սպառնալիքները և դրանք կրող ուժերին: Ժամանակն է ցույց տալու, որ մենք հպարտ, ազատատենչ և ըմբոստ ժողովուրդ ենք: Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացման օրը բոլորս դեպի Ազգային ժողով՝ կանխելու պետական խայտառակությունը:
Զինվորական, ուսուցիչ, բանվոր, բժիշկ, գյուղացի, գիտնական, արվեստագետ, մտավորական, լրագրող. մի պահ թողնենք առտնին հոգսերը և միավորվենք հանուն ազատության:
Մենք այդպես հաղթեցինք Սարդարապատում և ղարաբաղյան պատերազմում:
Բոլորս դեպի ազատություն:
Նախաձեռնող խումբ
Դանիել Իոննիսյան
Ֆելիքս Հայրապետյան
Զարուհի Հովհաննիսյան
Նարինե Մկրտչյան
Ստյոպա Սաֆարյան
Նարեկ Սամսոնյան
Ուղերձը բաց է միանալու համար: