▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի´ խաբեք ինքներդ ձեզ, մի´ եղեք երեսպաշտ՝ ասելով, որ այսօրվա Թուրքիան ոչնչի համար մեղավոր չէ...

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի  ելույթը ազատ քննարկման ժամանակ, որի ընթացքում նա  արձագանքել է  ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքների դիվերսանտների մասով, ինչպես նաև անդրադարձել է հայկական ցեղասպանության հիմնախնդրին:


Հարգելի´ գործընկերներ,


Ես պատրաստվում էի խոսել այլ թեմայով, որ ինձ համար շատ կարևոր է, բայց մինչ այդ թույլ տվեք մի փոքր անդրադարձ կատարել ադրբեջանցի գործընկերոջ ելույթին: Ինձ համար անակնկալ չէր փաստերի աղճատմամբ, իրողությունների խեղաթյուրմամբ լեցուն նրա խոսքը: Բայց, թերևս ես կհիասթափեցնեմ բոլոր նրանց, ում դա հաճելի է եղել, քանի որ ադրբեջանական պատվիրակության ելույթները իրենց նախագահի ելույթների վատ կրկնօրինակն են, քանի որ վերջինս վարպետ է ամեն ինչ խեղաթյուրելու, ինչին մենք ականատես եղանք հունիսյան նստաշրջանին: Ինչ վերաբերում է վերջինիս նշած անձանց, ապա նրանք գերիներ չեն, այլ հանցագործներ, որոնք սպանություն են կատարել: Ղարաբաղյան կողմը ամբողջովին հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ` գերիների հարցերով: Սակայն սա այդ դեպքը չէ: Նրանք հանցագործներ են և ոչ թե գերիներ: Այժմ թույլ տվեք անդարադառնալ ելույթիս:
Ինչպես ձեզնից շատերը գիտեն, մարդկության քաղաքակիրթ մասը պատրաստվում է նշել Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայկական ցեղասպանության 100- ամյակը: Ցեղասպանություն, որը հարյուր տարի հետո էլ դեռ սահմռկեցնում է իր վայրագությամբ և անողոքությամբ: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իսկապես իրականություն էր և այն իսկապես ցեղասպանություն էր: Ցեղասպանություն, որի զոհերը, վերապրածները և նրանց սերունդները,նույնիսկ, հարյուր տարի անց սպասում են ճանաչման և արդարադատության: Ցեղասպանություն իրականացրած Թուրքիան շարունակում է դրա հերքումը: Ավելին, բանտարկում է բոլոր նրանց, ովքեր փորձում են խոսել հայկական ցեղասանության մասին, մեղադրելով նրանց թուրքականությունը վիրավորելու մեջ, ինչ էլ, որ դա նշանակի: Չնայած շատ մարդիկ զարմանում են և չեն հասկանում այս շարունակական ժխտման պատճառները, սակայն խոր պատճառները ակնհայտ են զինված աչքի համար: Դա ցեղասպանության շարունակականություն է որպես այսպիսին: Շարունակականությունը միևնույն տարածքներում, միևնույն երկրում, միևնույն երկրի կողմից, միևնույն մարդկանց կողմից: Մի´ խաբեք ինքներդ ձեզ: Մի´ եղեք երեսպաշտ՝ ասելով, որ այսօրվա Թուրքիան ոչնչի համար մեղավոր չէ, որ դրա քաղաքացիները համարյա եվրոպացիներ են և որ ցեղասպանությունը անցյալի հարց է…
Հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց թուրք ազգայնամոլների խմբի կողմից: Մենք դեռ սպասում ենք, որ այս հանցանքի մեղավորները կստանան իրենց արդարացի պատիժը: Հորինված Անատոլիա անունով կոչվող Արևմտյան Հայաստանի հայկական հսկայական մշակույթային ժառանգության գրեթե բոլոր հուշարձանները ոչնչացվել են Թուրքիայի կողմից: Թուրք ղեկավարները, որպես վիրավորանք են ընդունում, երբ իրենց հայ են անվանում: Ավելին, վերջերս Սիրիայում՝ Դեյր-Էլ- Զորում, իրականացվեց հայկական եկեղեցու պայթեցումը ‹‹իսլամական պետության» կողմից, որը, ինչպես նշվում է, իրականացվել է Թուրքիայի աջակցությամբ: Դեյր-Էլ-Զորը իրենց տներից վտարված և Սիրիայի անապատներում մահվան դատապարտված ցեղասպանության զոհերի վերջին հանգրվանն էր: Աշխարհի ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող մեծ իրադարձություններից շեղելու և ցեղասպանության հիշատակը մթագնելու համար՝ հայկական ցեղասպանության տարելիցի օրը վիճարկվում է Արևմտյան դաշնակիցների ջախջախման օրով՝ Գալիպոլիի ճակատամարտի օրով, որը մշտապես նշվել է ավելի վաղ` մարտ ամսին:
Այսօր մեր հարևանը և ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիան իրականացնում է այլ վայրագություններ: Հսկայական աջակցություն է ցույց տրվում Իրաքում և Սիրիայում եզդիների, քրիստոնյաների, ասորիների, շիաների,ալավիտների և այլ փոքրամասնությունների ցեղասպանության իրականացմանը այպես կոչված ‹‹իսլամական պետության» կողմից, որի վայրագությունները համեմատելի են միայն 20-րդ օսմանյան զորքերի կողմից հայերի դեմ կատարված վայրագությունների հետ:
Հարգելի´ գործընկերներ, այստեղ՝ ազատ խոսքի եվրոպական բաց ամբիոնի կենտրոնում, կոչ եմ անում ներգործել ձեր՝ հայկական ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չճանաչած կառավարությունների վրա հայկական ցեղասպանությունը իր անունով կոչելու համար, որպեսզի ցույց տրվի զեղծարար չարիքի իշխանության և մեծ քաղաքականության կեղտոտ բանակցությունների նկատմամբ անհնազանդությունը:
Որքան երկար մենք լռենք, թաքցնենք մեր գլուխները, այնքան մերօրյա ցեղասպանությունները կշարունակվեն: Որքան երկար անտեսենք 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանություն, այնքան ավելի շատ ցեղասպանությունների վկան կդառնանք:


Արփինե Հովհաննիսյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին