ՍթարՆյուզ-ը գրում է․ ««Լույսը վառի՜ր» հաղորդման վերջին թողարկումը վերածվեց իրական տեղեկատվական պայթյունի։ Հաղորդման հյուրերն էին բլոգերներ Ռաֆիկ Համբարձումյանը (Հայդալեքը), Ելենա Վարդերեսյանը և դերասան Համլետ Չոբանյանը։ Սակայն այն, ինչ պետք է լիներ կարծիքների փոխանակում, վերածվեց լայնամասշտաբ քննարկումների, քննադատությունների և արդեն բացահայտ հակամարտության։
Մի քանի օր է՝ ամբողջ համացանցը խոսում է հենց այս եթերի մասին։ Դերասաններն ու բլոգերները կարծես բաժանվել են երկու ճամբարի, և շատերի կարծիքով՝ սա պարզապես սկիզբն է մի մեծ «պատերազմի» նրանց միջև։
Բուն սկանդալի պատճառը դարձավ Ռաֆիկ Համբարձումյանի եզրափակիչ խոսքը, որտեղ նա, առաջին հայացքից հարգալից տոնով, սակայն բավական կոշտ բովանդակությամբ, արձագանքեց Համլետ Չոբանյանի խոսքերին․

«Համլետին շատ հարգեցի, սիրեցի, բայց իր խոսքում անընդհատ ասում ա, որ մեր դեմ բան չունի, բայց ամբողջ մոնոլոգի ընթացքում վիրավորում ա՝ էժան կոնտենտ անող, դեգրադացված… Ես չեմ համարում, որ մեր հասարակությունը դեգրադացվում ա, եթե թատրոն չի գնում։ Եթե թատրոն չի գնում, չի նշանակում՝ դեգրադացված ա։ Ուրեմն թատրոնը էդքան հետաքրքիր չի։ Թող փորձեն իրենց մաքսիմումը անեն, մի քիչ ժամանակակից մտածեն։ Գնացողը գնում ա, բայց էդ մասն էլ, ցավոք, կմահանա»։
Այս խոսքերը կայծակի արագությամբ տարածվեցին համացանցում՝ առաջացնելով բուռն արձագանքներ։ Շատ դերասաններ ու մշակույթի ներկայացուցիչներ Ռաֆոյի հայտարարությունները համարեցին վիրավորական, վտանգավոր և անթույլատրելի՝ նշելով, որ նման մոտեցումները արժեզրկում են մշակույթն ու թատրոնը։
Միևնույն ժամանակ բլոգերներն ու բազմաթիվ հետևորդներ հակադարձեցին՝ փորձելով բացատրել նրա խոսքերի էությունը։ Նրանց կարծիքով՝ խոսքը թատրոնի դեմ չէր, այլ այն մասին, որ արվեստը պետք է քայլի ժամանակին համընթաց և չկորցնի կապը հասարակության հետ։
Սոցցանցերում կարելի է տեսնել սուր մեկնաբանություններ, փոխադարձ մեղադրանքներ և նույնիսկ անձնական հարձակումներ։ Ոմանք կանգնել են դերասանների կողքին՝ պաշտպանելով դասական արվեստը, մյուսները՝ բլոգերների՝ շեշտելով, որ ժամանակները փոխվել են, իսկ կոնտենտի ձևերն էլ՝ նույնքան։
Հայտնի դերասաններ ու բլոգերներ մեկը մյուսի հետևից արտահայտվում են՝ փորձելով պաշտպանել իրենց դիրքորոշումը կամ հակադարձել հնչած մտքերին։
Դերասանուհի Անահիտ Մանուկյանը իր գրառմամբ ընդգծել է արվեստի հավերժական արժեքը՝ միաժամանակ խաղաղ, բայց ուղերձով լի տոնով․
«…արվեստը, թատրոնը միշտ են ապրել ու հրաշալի կլինի, որ ապրեն նաև մեր բոլորի կյանքում»։
Նա նաև անձնական հրավեր է ուղղել Ռաֆիկ Համբարձումյանին՝ ներկա գտնվելու այն ներկայացմանը, որտեղ խաղում են տաղանդավոր դերասաններ։

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով նաև արվեստի պատմության ուսուցչուհի է, հարցին մոտեցել է կրթական տեսանկյունից․
«Ինքս լինելով արվեստի պատմության ուսուցչուհի՝ իմ նպատակն արվեստը սիրել ստիպելը չէ։ Եթե ոչ մաքսիմալ, ապա գոնե մինիմալ գիտելիք փոխանցելն արդեն մեծ գործ է»։
Նա նաև ընդգծել է․
«Ճիշտ մարդը այս պատմության մեջ նա է, ով չի իջեցնում ուրիշի աշխատանքը»։
Ամենակոշտ արձագանքներից մեկը պատկանում է դերասանուհի Վիկտորյա Սահակյանին․
«Թատրոնը առաջացել ա մոտավորապես մ.թ.ա. 350 թ.-ին, բլոգգինգը՝ 1990-ականներին, իսկ Հայաստանում վերջին տարիներին ա սկսել թափ հավաքել։ Նենց որ մի 2000 տարի զբաղվեք, հետո էկեք շփվենք»։
Բլոգեր Հայկ Մկրտչյանը, հակառակը, շեշտը դրել է ազատ ընտրության վրա․
«…մենք չպետք ա սահմանափակենք, որակավորումներ տանք, որպեսզի մարդը ճնշվի իր իսկ ընտրության համար, որովհետև մենք չենք կարող որոշել, թե յուրաքանչյուրը ինչով զբաղվի։ Առավել ևս էս դարում մենք պետք ա խրախուսենք անհատականացումը…»։
Դերասանուհի և բլոգեր Ռուզաննա Մանուչարյանը փորձել է կամուրջ կառուցել երկու կողմերի միջև․
«Թատրոն գնացող հասարակությունը չի մահանա, թատրոն գնացող հասարակությունը չի մահացել անտիկ դարաշրջանից…»։
Միաժամանակ նա բարձր է գնահատել նաև բլոգինգով զբաղվողների աշխատանքը՝ ընդգծելով, որ ոլորտները կարող են գոյակցել՝ առանց միմյանց արժեզրկելու։

Իսկ բլոգեր Նինա Տիտանյանը անդրադարձել է հաղորդավարների մասնագիտական ու էթիկական պատասխանատվությունը․
«…միտքը, որ Ռաֆոն արտահայտել ա թատրոնի մասին, համաձայն չեմ, որովհետև ես ինքս գնում եմ թատրոն, ներկայացումներ նայում եմ, ունենք հոյակապ թատրոնի դերասաններ… բայց եթե նայենք full հաղորդումը, երեք հասուն մարդ նստած կոնկրետ արժեզրկում են մեր աշխատանքը՝ էնպիսի կերպով, ոնց որ մենք անբարոյական լինենք, առանց արժեքների»»։


