Հայաստանն ասօր վերածվել է կուսակցապետության, բայց որևէ առանձին կուսակցություն չի կարող որոշել ամբողջ պետության, ժողովրդի ճակատագիրը, որևէ մեկ կուսակցության օրակարգ չի կարող դառնալ պետության բոլոր քաղաքացիների օրակարգը։ Եթե մենք խոսում ենք բարոյական ճգնաժամը հաղթահարելու, քաղաքական ինստիտուտներն արժևորելու, տգետներից քաղաքական դաշտը մաքրելու, անձնավորած (պատրիմոնիկ) քաղաքական հասարակական միջավայրը փոխելու մասին և խուսափելու ենք մականուններով իրար թրատելու քաղաքականությունից, ապա այդ բովանդակության մեջ պիտի դերակատարում ունենան քաղաքական պատասխանատվություն ունեցող այն բոլոր կուսակցությունները, որոնք հանրային հենարան ունեն:
Դաշնակցությունը, որը ծնվել է պետություն կերտելու հանձնառությամբ և ուղերձով, կարո՞ղ էր արդյոք հանգիստ նայել, թե ինչպես է առանց այն էլ արյունաքամվող երկրում առճակատում հասունանում ապրիլի 24-ի նախօրեին, երբ հայ զինվորը կանգած է թուրքի բերանին: Վերջապես, երկու քաղաքական ուժերն էլ մեր գործընկերներն են, այս մի բուռ Հայաստանում ներքին բաժանարարներն ու ատելության, մաղձի հերթական վիհը խորացնելն աններելի է, պատմությունը մեզ չէր ների: Դաշնակցության նպատակը նախ երկրում կայունությունը պահելն է, զանգը գուժելը, երկրորդը` երկու կողմերին, որոնք քաղաքական պատասխանատվություն կրող երկու խոշոր քաղաքական ուժերն են, դրդել անաչառ, մաշկազերծ ախտորոշում անելու, խոստովանելու, վերլուծելու, թե ինչու է երկիրը հասել հյուծումի, ներտեսակային ագրեսիայի, սոցիալական, տնտեսական ու բարոյական ճգնաժամի մի իրավիճակի, որը մշակութային ու սոցիալական վերականգնման, շինարարության խնդիր է պարտադրում։
Առաջին քայլն արվեց` կանխվեց առճակատումը, հիմա պետք է արվի հաջորդ՝ ամենակարևոր` քաղաքական բովանդակության քայլը։ Դաշնակցությունն այստեղ մեծ անելիք ունի: Մենք ներկայացնելու ենք բովանդակային այն փոփոխությունները, որոնք, մեր համոզմամբ, կարող են երկրում քաղաքական, բարոյահոգեբանական, մշակութային, սոցիալական արժեքների վերափոխում ապահովել, որակական նոր Հայաստան կերտել:
Դաշնակցության համար երբեք իշխանությունն ինքնանպատակ չի եղել։ Այո, ես ուզում եմ իշխանություն, որովհետև իշխանությունն է ինձ տալիս այն գործիքները, որոնցով կկարողանամ իրականացնել իմ հղացումները: Սա իմ երկիրն է, իմ հայրենիքն է, իմ երեխան է, ես չեմ կարող ապտակել, դուռը փակել ու գնալ, պետք է փորձեմ ներսից բարեփոխել: Եվ բոլոր նրանք, որ պիտի շահարկեն, թե իշխանության համար ենք անում, խոցելի են։ Հիմա Հայաստանն այն վիճակում է, որ բարեփոխումներն անխուսափելի են, որովհետև վիհը գնալով խորանում է: Եվ եթե իշխանություններն ունենան կամք, փոփոխություններ անելու գիտակցում, մեր ծրագրերն ընդունվեն և Հայաստանում ստեղծվի համախոհության և քաղաքական պատասխանատվության միջավայր, որտեղ կարող ենք կաթիլ-կաթիլ նոր որակներ բերել, ապա ինչո՞ւ ոչ:
Մեզ նախ լավ հասարակություն է անհրաժեշտ, որովհետև առանց լավ հասարակության մենք չենք կարող ունենալ ո’չ լավ իշխանություն, ո’չ էլ լավ ընդդիմություն: Քաղաքացիական հասարակության վրա պետք է կառուցվեն պետականության ինստիտուտները: Հիմա պիտի սկսենք նախ սոցիալական շինարարությունից, որպեսզի կարողնանք մշակութային-արժեքային մի շերտ ստեղծել, որի վրա կառուցվում են պետականության ինստիտուտները: Ամեն մեկս դրանում մեր դերակատարությունն ունի: Նախ պետք է հավատանք ու սիրենք, սիրենք Հայաստանը և լինենք քաղաքացի, պահանջատեր ու տեր: Մենք անընդհատ մեզ տեր ենք փնտրում, բայց մեր տերը մենք ենք:
Մեզ պետք է հանրային շինարարություն, այլապես, վերջին օրերի այս ամբողջ գզվռտուքը, այդ բոլոր գնահատականները, որոնք տրվեցին, այս իրականության քաղաքական գնահատականները չէին, որի կարիքը մենք ունեինք, այդ ողջ մարտահրավերի վեկտորը, թիրախը անձերն էին: Ընդհանրապես մենք շատ անձնավորված հասարակական-քաղաքական միջավայրում ենք ապրում: Մեզ պետք է քաղաքական կամք և արժեքային հեղափոխություն: Այսօր մենք այբ-ից մինչև ֆե փոխելու խնդիր ունենք: